ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

16 ապրիլի, 2017 | 09:32

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են»

(Ա Հովհ. Ե 11):

veh-surb-tsnund-2017-9

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, և մարդկանց տրվեց պարգևը հավիտենական կյանքի, երկնքի արքայության: «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Հովհաննես առաքյալի այս խոսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, որ հավաքված եք Մայր Տաճարում, և համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս:

Արդեն բացված են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները խորհրդանշելով, որ բաց են հավիտենության դռները: Հնչում է ավետիսը Փրկչի Հարության՝ ազդարարելով, թե ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարավը երկնքի արքայության, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է:

Քրիստոսի Հարությամբ մարդուն տրվել է զորությունը հարուցյալ կյանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմածությամբ երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով, երկնային արքայության պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագավորում են արդարությունն ու ճշմարտությունը, առատանում խաղաղությունն ու խնդությունը: Քրիստոսի պարգևած հարուցյալ կյանքի մեջ չկան տագնապներ, չկան բռնություն ու պատերազմներ, աղքատություն ու թշվառություններ, չկան տարաբնույթ մոլություններ, որոնք ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, օտարացնում միմյանցից , բևեռացնում հասարակությունները, ծնում աղետներ: Այս ամենը, սակայն, շարունակում են մնալ աշխարհում, քանզի մարդկային սրտերը հաճախ սիրուց պարպված, շահամոլությունից կարծրացած ու անձնակենտրոն՝  անարձագանք են մնում հարուցյալ  նոր կյանքի կոչին: Մինչդեռ խաչելությունները հարությամբ պսակելու, դժվարություններից ու նեղություններից, վշտերից ու չարչարանքներից հառնելու ուղին քրիստոսակենտրոն կյանքն է, որ խաղաղարար ոգով, բարի գործերով, պարկեշտ ընթացքով առաքյալի խոսքի համաձայն՝ առաջնորդում է դեպի հավիտենություն. «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, երկրային այս կյանքը տրված է մեզ որպես ժամանակ Աստծո փրկարար կամքի վկայությունը բերելու, Աստծո պատվիրաններն ու պատգամները իրագործելու մեր իրականության մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեզ շրջապատող աշխարհում: Մեր կյանքը արժեք ու բովանդակություն է ստանում Քրիստոսի մահվան ու Հարության խորհրդի լույսի ներքո: Պողոս առաքյալը ուսուցանում է ասելով. «Եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռաւ և յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթ. Ե 15): Ապրել Քրիստոսով և Քրիստոսի համար, ահա այս է փրկարար ուղին մեր կյանքի, հիմքը, պայմանն ու երաշխիքը թե որպես անհատ, և թե որպես հավաքականություն մեր հոգևոր աճի ու զորացման, նաև՝ մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու լուսավոր գալիքի:

Այսօր բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած մեր երկիրը, մեր սահմաններում անկայուն է խաղաղությունը, տակավին հաղթահարված չեն աղքատությունն ու գործազրկությունը, հրամայական է արտագաղթի կանխումը և մեր ժողովրդի զավակների դարձը դեպի հայրենիք: Հանդիման այս մարտահրավերների մեր ժողովուրդն ունի վսեմ հատկանիշները հայրենանվիրումի, ազգասիրության, ընտանիքի նվիրականության, ծնողի հանդեպ սիրո, ունի հանձնառություն զոհողությունների՝ հանուն իր սրբազան արժեքների. և մենք ի զորու ենք անառիկ պահելու հայրենի սահմանները, բարօր ու բարգավաճ դարձնելու մեր երկիրը, բացառելու ազգային մեր կյանքից բոլոր տագնապներն ու ցնցումները: Մեր կյանքի ընթացքը, մեր կենսակերպը մեզ ոչ թե պիտի ջլատի, պառակտի, այլ՝ միավորի և դարձնի համախումբ՝ դիմագրավելու համար մեր կյանքի մարտահրավերներն ու փորձությունները և լավատեսությամբ իրականություն դարձնելու ազգային մեր տեսիլքները: Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք, մեր հավատը, որ Քրիստոս հարություն է առել, անհուսությունը փոխում է հույսի, տկարությունը՝ ուժի, անտարբերությունը՝ նախանձախնդրության,  արծաթսիրությունը՝ բարեգործության, և ծառայությանն ու աշխատանքին միախառնում է նվիրումի ու հանձնառության ոգին: Այս փոխակերպությանն ենք կոչված, որով միայն կարող ենք անկորուստ պահել մեր երկիրն ու ազգային կյանքը և հաղթանակներ արձանագրել մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրության ու առաջընթացի պայքարում: Արդ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, բոլորս՝ պաշտոնյա, աշխատավոր, զինվոր, ձեռնարկատեր, մտավորական, հոգևորական, նորոգած մեր մեջ քրիստոնեական ոգին, ամրապնդված հույսով քայլենք այն ճանապարհով, ապրենք այն ճշմարտությամբ, ընդունենք այն կյանքը, որ Քրիստոսն է՝ հարուցյալ մեր Տերը, որպեսզի գրո հիշատակի արժանի գործերով պայծառակերպվի ազգիս կյանքը ի սփյուռս աշխարհի և լցվի աստվածային պարգևներով և երկնային օրհնությամբ: Եվ մենք քաջալեր մեր Տիրոջ պարգևած փրկության հավատով և տոգորված բարի գործոց ջերմ եռանդով՝ առաքյալի հետ վստահությամբ ասենք. «Եւ մենք Ճշմարտի՝ Նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետև Նա՛ է ճշմարիտ Աստուած և յաւիտենական կեանք» (Ա Հովհ. Ե 20):

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության բերկրալի ավետիսով մեր ողջույնն ենք բերում մեր հոգևոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, մեր ողջույնն ենք բերում հայոց պետական ավագանուն, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորներին և մաղթում, որ Տերը զորացյալ պահի առ ազգն ու հայրենին սիրո մեջ՝ հայրենաշեն ձեռքբերումներով արդյունավորելու բարձր ու պատասխանատու իրենց առաքելությունը: Օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Աղոթում ենք և հայց բարձրացնում առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ հրաշափառ Իր Հարության շնորհները լուսավորեն մարդկության կյանքը, խաղաղություն տիրի ողջ աշխարհում, խաղաղություն հաստատվի մեր հայրենի սահմաններում: Աղոթում ենք, որ մեր ժողովրդի հավատավոր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, միշտ պայծառ լինի մեր Սուրբ Եկեղեցին և աշխարհասփյուռ ազգս հաստատուն ընթացքով առաջնորդվի դեպի փրկություն ու հավիտենություն՝ այսօր և միշտ. ամեն:

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 16 ապրիլի, 2017 թ.)


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
2. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը
4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է եւ հերքում Ամենայն Հայոց Հայրապետի եւ եկեղեցու նկատմամբ սանձազերծված հերյուրանքները
6. Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
8. Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
9. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ
10. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: