ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում կայացավ Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցադրությունը, միջազգային գիտաժողով և երկու գրքի շնորհանդես

24 մայիսի, 2014 | 07:56

2Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ կայացան իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի միջոցառումներ:

«Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» և «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքերի շնորհանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ) և Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» («Նորավանք» ԳԿՀ) գրքերի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հատկանշական է, որ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գիրքը հեղինակել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը: Իսկ դա նշանակում է, որ հեղինակը հիմնախնդիրը քննել է ե՛ւ որպես դիվանագետ, ե՛ւ որպես գիտնական-մասնագետ: Գրքում համակողմանի քննության են ենթարկվել մեր հնագույն համայնքներից մեկի՝ Իրանի հայ համայնքի արդի հիմնախնդիրները, այնտեղ հայկական կրոնական և աշխարհիկ կառույցների, հայապահպանության, իրանական հասարակության մեջ հայերի ինտեգրման, համայնքի ներուժի, համայնքի 6ու Հայաստանի միջև կապերի, համայնքի հեռանկարների հետ կապված հիմնահարցերը: ՀՀ սփյուռքի նախարարությունը իր հետագա գործունեության ընթացքում անպայման հաշվի կառնի այն բոլոր առաջարկությունները, որ պարոն Բայբուրդյանը ներկայացրել է իր այս հանրագիտարանային արժեք ներկայացնող ուսումնասիրության մեջ»:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի փորձագետ Հասան Սաբեթջուն հավաստիացրեց. «Իրանահայ համայնքը մեր պետության կարևոր մասնիկն է և Նոր Ջուղայի օրերի կազմակերպումը Հայաստանում հայ-իրանական սերտ բարեկամության հավաստիքն է: Ուրախ եմ, որ գրքի հեղինակը Իրանի հայ համայնքին նվիրված և համայնքին իր երկարամյա ծառայությունները մատուցած անձն է»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը նման հետազոտություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու և գրքի տպագրությունը ֆինանսավորելու համար՝ աշխատության հեղինակ Վահան Բայբուրդյանը նշեց. «Գիրքը գրել եմ մեծ ներշնչանքով, այն ոչ միայն իմ մտածողության, այլև սրտի ջերմության արդյունքն է»:

Ներկայացնելով Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին աշխատությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այն ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դ. երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում և նրանում տեղ գտած ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ազգագրական հարուստ նյութը:

Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Զատիկյանին՝ Կարինի նահանգին վերաբերող հիմնարար աշխատությունը ընթերցողի սեղանին ճիշտ ժամանակին դնելու համար՝ նախարարը նշեց. «Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ճանապարհին և՛ պետությունը, և՛ Սփյուռքի համայնքները լայնածավալ աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության ուղղությամբ: Այդ ճանապարհին հայ համայնքների և հատկապես Թուրքիայի հայկական տարածքների և այնտեղ ապրող հայության մասին ուսումնասիրությունների արդյունքում վերհանվում են ճշմարտություններ: Այս աշխատանքները գալիս են հաստատելու մեր պահանջատիրությունը»:

Գրքի հեղինակ Հովհաննես Զատիկյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանն ուսումնասիրությունն իրեն վստահելու համար՝ նշեց, որ սիրով կուսումնասիրի նաև մնացած նահանգների պատմությունը, որի պարագայում միայն կարելի է փաստել մեր կորուստների ճշգրիտ քանակը:

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՊՄԴ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը:

5Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի բացում

Այնուհետև Մատենադարանում կայացավ Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը և այլք:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Այսօր ես առանձնահատուկ հպարտությամբ եմ մասնակցում Նոր Ջուղայի Ավետարանի և ձեռագիր մատյանների ցուցադրությանը: Նոր Ջուղայի հայ համայնքը հիմնադրվել է 1604-1606թթ., երբ Շահ Աբասի միջոցով Նախիջևանի Ջուղայի հայությունը բռնագաղթվել և բնակեցվել է ժամանակի մայրաքաղաք Սպահանում: Այդ ժամանակներից աշխատասեր և տաղանդավոր հայությունը ստեղծել է հոգևոր և մշակութային հսկայական ժառանգություն, որը պահպանվել է Իրանի Իսկալամական հանրապետության պետական հոգածությամբ: Իրանի հայ համայնքը վայելում է Իրանի պետության վստահությունն ու հարգանքը՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր ազգային հոգևոր և մշակութային ավանդույթներին»:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ մաղթեց երկու պետություններին ավելի սերտ համագործակցություն, որին անշուշտ իր անուրանալի և մեծ ավանդն է բերում իրանահայ համայնքը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը միջոցառմանը հրավիրելու համար՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին նշեց. «Սպահանի հայերը խելացի են, աշխատասեր և ունեն մեծ կամք, ուստի մշտապես վայելել են Իրանի կառավարության և ժողովրդի վստահությունը»:

Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Նոր Ջուղայի օրերը նշվում են հատկապես Սուրբ Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամյակին, և Նոր Ջուղայի հայկական ձեռագրերը ցուցադրվում են Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում:

«Այս բոլոր ձեռագրերը մեր ժողովրդի հարստությունն ու հպարտությունն են: Դարերի պատմություն ունեցող Նոր Ջուղայի Ավետարաններում մեր ժողովրդի շունչն է», – հավելեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդը:

Նոր Ջուղայի ձեռագիր մատյանների ցուցադրությունը բարձր գնահատեց նաև Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:

7«Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով

Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Իրանի հայ համայնքի ղեկավարներին: «Սուրբ Ամենափրկիչ վանքը համարվում է Իրանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային և հասարակական գործունեության գլխավոր կենտրոնը: Սպահանի Հայոց Թեմի միջոցով ղեկավարվող վանքը 1932 թվականից գրանցված է Իրանի ազգային կոթողների ցուցակում, ինչի համար ևս իմ անսահման շնորհակալությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը», -նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ Նոր Ջուղայի օրերը գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ Հայաստանն ու Իրանը դարերով քայլել են կողք կողքի և փոխադարձ հարգանքի, գնահատանքի պայմաններում դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ Սպահանում հայերի կողմից ստեղծված կոթողները այնքան գրավիչ են, որ արժանանում են բոլոր զբոսաշրջիկների ուշադրությանը:

Զեկուցումներով հանդես եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Ավետյանը, Իրանական մշակույթի գծով փորձագետ, ձեռագրերի խոշոր հավաքորդ Ավո Հովհաննիսյանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանը:


Առնչվող նյութեր
1. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
2. «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովը
3. Հարձակում Նոր Ջուղայի Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի վրա
4. Պրահայի միջազգային գիտաժողովում ներկայացվեց նաեւ հայկական երաժշտական ժառանգությունը
5. Տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը»
6. Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված գիտաժողով Երեւանում
7. «Արիստոտելը Հայաստանում» խորագրով գիտաժողով Ժնևի համալսարանում
8. Չինաստան. Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը
9. «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագրով գիտաժողով Եգիպոսում
10. «Հայ­կա­կան ինքնու­թեան քննա­կան մօ­տերցումներ 21-րդ դա­րուն՝ խո­ցելիու­թիւն, առաձ­գա­կանու­թիւն եւ փո­խակեր­պութիւն» խո­րագ­րեալ գի­տաժո­ղովը Պոլսում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: