ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է 100-ամյա հայտնի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը

10 օգոստոսի, 2018 | 16:00

Այսօր Մոսկվայում իր 100 ամյակի նախաշեմին մահացել է Հայաստանի եւ  ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ եւ գեղանկարիչ, ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանը։ Նրա վաստակը հայ եւ նախկին խորհրդային արվեստում անգնահատելի է։ Նա դասական քանդակագործության եւ կերպարվեստի վերջին մոհիկաններից էր, ով շարունակում էր ստեղծագործել նույնիսկ ծերունազարդ տարիքում։ 

Նա կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում, ինչպես վկայում է նրա թոռը՝ գերմանահայ հայտնի գեղանկարիչ Արչի Գալենցը։

Ժողովրդական նկարչի ու քանդակագործի մասին պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Նիկողայոս Բագրատի Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Արմավիրի մարզում։  Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա արժանացել է  ՀԽՍՀ վաստակավոր (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982) կոչումներին։

1977ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի,  2008-ին՝  Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանին ,  2009-ին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին։ Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր։

 

Նիկողայոս Նիկողոսյանը 1947 թ-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944 թ-ից ապրում և ստեղծագործում էր Մոսկվայում: 

1940-ական թվականներին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակներում: 1950-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր, որի առավել բնորոշ կողմերը բացահայտվել են 1960–70-ական թվականներին ստեղծած ժամանակակիցների կերպարներում: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները, որոնց առանձնահատուկ լիցք են հաղորդում նյութի դինամիկ մեկնաբանությունը, մոդելի ընկալման սրությունն ու պլաստիկությունը: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի` կոմպոզիցիոն տարբեր լուծումներով կիսանդրիները:

Հայտնի են նրա հետեւյալ քանդակները՝ «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպսՀայաստանի ազգային պատկերասրահ), «Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ),«Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա) թեմատիկ հաստոցային քանդակներ՝ «Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի» (1944, երանգավորված գիպս, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան) դիմաքանդակը, «Պրոֆեսոր Կոնստանտին Իգումնովի (1944, երանգավորված գիպս) դիմաքանդակը։ Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում։ «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան»1954, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Եվգենի Սիմոնով,1954, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն, Մոսկվա, «Արա Սարգսյան»1960, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ «Դերասան Սերգեյ Մարտինսոն1980, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ «Պրոֆեսոր Գուրգեն Ավետիսյան»1985, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ

Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ, դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները։ Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են Միքայել Նալբանդյանի հուշարձան (Երևան) (1966, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ ԹորոսյանԵրևան) Ավետիք Իսահակյանի հուշարձան (1976, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977, ճարտարապետ՝ Ջիմ ԹորոսյանԳյումրի), Եղիշե Չարենցի հուշարձան (Երևան), (1985, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան), Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Մալաթիա-Սեբաստիա), (1994, գիպս, 2007, բրոնզ, գրանիտ. Երևան)

Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։

ՕՐԵՐ-ը ցավակցում է  մեծ արվեստագետի հարազատներին ու բարեկամներին։

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա

 

Նիկողայոս Նիկողոսյանը որդու՝ Դավիթ Նիկողոսյանի հետ

Նիկողոսյանի դիմանկարի հեղինակ՝ Արչի Գալենց


Առնչվող նյութեր
1. Նիկոլայ Նիկողոսյանին նվիրված բացառիկ ցուցահանդես Բեռլինում
2. Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցադրությունը Դրեզդենում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2.Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
5.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
6.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
7.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
8.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
9.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: