ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյան. Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում

16 մայիսի, 2018 | 14:57

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացնելը». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց սփյուռքի նախարարություն

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վարչապետը կարևորեց սփյուռքի ներուժի ներգրավման համար բավարար պայմանների ստեղծումը: «Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրըը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն: Պետք է արձանագրենք այդ պրոցեսի ողջ բարդությունը, հայրենադարձության առաջին փուլում պետք է ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի ապահովենք երկրորդ փուլում ոչ միայն վերադառնալը, այլև Հայաստանում ապրելու պայմանների գոյությունը:

Սփյուռքի հետ կապված մեկ այլ խնդրի մասին պետք է խոսեմ, որ իմ կարծիքով շատ հրատապ է: Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:

Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին: Արտագաղթի անիվը, որ հազար տարի պտտվում է, պետք է փորձենք ետ պտտել և արտագաղթը վերածել ներգաղթի: Ես համոզված եմ որ Հայաստանի Հանրապետության գոյության առանցքային իմաստը որպես պետություն՝ հայության գիտական, մշակութային, տնտեսական ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնականոն զարգացումը ապահովելն է: Ահա Հայաստանի կառավարության գոյության իմաստը և ռազմավարության առանցքը»:

Դիմելով Հրանուշ Հակոբյանին՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և շեշտեց. «Ըստ էության նախարարության հիմնադրման օրից նախարարն եք եղել, այս կառույցը զրոյից եք ստեղծել և հույս ունեմ, որ արդյունավետ և գործունյա կառույց է ձևավորվել»:

Հրանուշ Հակոբյանն իր հերթին, շնորհավորեց նախարար Մխիթար Հայրապետյանի նշանակումը, ապա ծննդյան տարեդարձը՝ նշելով, որ նրան է հանձնում արդեն կայացած, մեծ աշխատանք ու բազում հաջող ծրագրեր իրականացրած նախարարությունը։ Հրանուշ Հակոբյանը ողջունեց երիտասարդ նախարարների ներգրավումը կառավարության կազմում՝ նշելով, որ երիտասարդ տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ լավ աշխատանքի համար: Նա իր պատրաստակամությունը հայտնեց նախարարության աջակիցը դառնալու։ «Թողնում եմ հարուստ տեղեկատվություն, մեծ կապեր ու հարաբերություններ, կայացած և գործուն թիմ, որը նոր նախարարի հետ պետք է շարունակի կարևոր ծրագրերը: Մաղթում եմ մեր նոր նախարարին և նախարարության աշխատակիցներին արդյունավետ աշխատանք և հաջողություն», – հավելեց նա:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է նշված խնդիրները ամենժամյա, ամենօրյա ռեժիմով լուծել:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց. «Ուզում եմ շնորհակալության խոսք ասել տիկին Հակոբյանին նախարարությունը հիմնադրելու, հսկայական աշխատանքի համար և ուզում եմ ասել, որ ագահաբար կօգտվեմ Ձեր թողած հարուստ ժառանգությունից: Շնորհակալություն օգնելու, աջակցելու պատրաստակամության համար: Սա պետությանը, Հայրենիքին ծառայելու խնդիր է: Կարևորում եմ սփյուռքի նախարարության գոյությունը, որովհետև մենք՝ որպես պետություն ունենալով հզորանալու, զարգանալու տեսլական, իհարկե, պետք է լծվենք հայրենադարձություն կազմակերպելու գործին: Եվ այս իմաստով, ես նաև ստանձնել եմ այս չափազանց կարևոր ու պատասխանատու պաշտոնը, որովհետև ես ինքս ուզում եմ մի փոքր մասով մասնակից լինել այդ շատ կարևոր առաքելությանը»:

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
9. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
10. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: