ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան

15 սեպտեմբերի, 2018 | 10:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:

«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»,– նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը:

Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետևյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, և այլևս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային և այդ ժողովուրդն այլևս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու և երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլևս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը և քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»
:

Այնուհետև ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից: Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի:

Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
9. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
10. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: