ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

25 սեպտեմբերի, 2018 | 09:03

Սեպտեմբերի 24-ին աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում, պաշտոնապես բացվեց «Հայաստան» ցուցահանդեսը: Ցուցադրված 140 նմուշները ներայացնում են հայկական մշակույթը՝ քրիստոնեության ընդունումից՝ 4-րդ դարից մինչև 17 դար: Ծիսական առարկաները, կիրառական արվեստի գլուխգործոցները, ավետարանները, պատկերազարդ ձեռագրերը, քարտեզներն ու քանդակները Նյու Յորք են հասել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, Երևանի մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, սփյուռքում գործող հոգևոր, մշակութային կենտրոններից:
Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ  շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը: «Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ: Այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը: Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը` այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես»,– ասել է վարչապետը` ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:

Վարչապետը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված 14 դարերի հայկական ժառանգությունն իր անգին գլուխգործոցներով, ամբողջ աշխարհից հավաքվել է Մետրոպոլիտենում` աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկում, և համոզմունք հայտնել, որ այն, անկասկած, Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը: «Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիցակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղաեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ»,-ասել է վարչապետը` հավելելով, որ շատերի համար Մետրոպոլիտենում «Հայաստան» ցուցահանդեսը երազանքի իրականացում է:

Վարչապետը հավելել է, որ այն հնարավոր է դարձել տիկին Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ
Սեպտեմբերի 24, 2018 թ.
Հարգելի նախագահ Վայս,
Հարգելի վարչապետ Փաշինյան,
Քույրեր և եղբայրներ,

Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։

Այս հիանալի ցուցադրությունը մշակույթի համընդհանուր լեզվով ներկայացնելու է, թե ովքեր ենք մենք` հայերս, և որտեղից ենք գալիս։ Այն նշանավորում է 14 դարերի ընթացքում մեր ազգի մշակութային ձեռքբերումները, հոգևոր արժեքները և առաջիկա չորս ամիսների ընթացքում բազմաթիվ այցելուների պատմելու է առ Աստված մեր ժողովրդի հավատքի, մեր քրիստոնեական յուրահատուկ ինքնության և հնագույն պատմության մասին։

Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները և քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձևավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ինչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը և ինչն է առավել շատ կարևորել ու փայփայել:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը ապրել է միջազգային առնչությունների խաչուղիներում և Մետաքսի ճանապարհի երկայնքով մասնակցություն ունեցել առևտրային լայն փոխհարաբերություններում, ինչն էլ խորացրել ու եզակի բազմազանություն է ստեղծել քրիստոնեությամբ ներշաղախված մեր մշակութային կյանքում` հարստացնելով մեր ինքնությունը և միաժամանակ պահպանելով մեր իրական ազգային առանձնահատկությունները։

Մեր պատմության ընթացքում ճաշակել ենք մեր աշխարհագրական դիրքի առավելություններն ու փորձությունները։ Ստեղծել ենք սքանչելի գեղեցկություն ունեցող նկարազարդ Ավետարաններ ու մատյաններ, փորագրել ենք եզակի հմայք ունեցող խաչքարեր և աստվածաշնչյան մեր երկրի ողջ տարածքում կառուցել ենք քրիստոնեական տաճարներ ու վանքեր 4-րդ դարից ի վեր։ Մեր հարևան տերությունների կողմից արյունալի ներխուժումների ժամանակներում էլ ստիպված ենք եղել զենք վերցնել և առ Աստված ապավինությամբ պաշտպանել մեր կյանքն ու ինքնությունը մեզ ոչնչացնել ցանկացողներից։ Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին։

Այս բոլոր ցուցանմուշները, որ հպարտորեն ներկայացնում ենք, վեր են հանում այն, ինչը մենք փայփայում ենք և ինչը պատմում է մեր ճակատագրի մասին։ Այս ամենը նաև բացարձակ հստակությամբ ներկայացնում է, թե ինչ ենք ստեղծել մենք` հայերս, համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։

Այս ցուցադրությունը թեպետ սահմանափակվում է 4-18-րդ դարերով, այն նաև ժամանակակից Հայաստանի մասին է, քանի որ հնարավորություն է ընձեռելու այցելուներին ծանոթանալ և սովորել մեր ժողովրդի մասին` աշխարհի քարտեզի վրա մտովի սավառնելով մեր Հանրապետությունում և պատմական հայրենիքում։

Սիրելի ներկաներ,

Այս օրհնյալ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ոչ միայն հայկական և այլ աշխարհասփյուռ հաստատությունների կողմից ներկայացված ցուցանմուշների, ինչպես նաև մեր բարերարների առատաձեռնությամբ, որոնց բերում ենք Մեր գնահատանքը, բայց նաև, կարևոր է նշել, սնուցվել է դոկտ. Հելեն Էվանսի անսահման սիրով և հոգատարությամբ։

Տարիներ առաջ ծնված այս գաղափարը գաղափար էլ կմնար, եթե չլիներ աշխարհին մեր արվեստը և ինքնությունը ցուցադրելու դոկտ. Էվանսի` տարիների նվիրումով ու ավյունով կուտակված ջանասիրությունը։

Հիրավի, արվեստի միջոցով մենք կարող ենք դառնում առնչվելու այս աշխարհում Աստուծո արարչական առաքելությանը: Այս համոզումն է, որ մխիթարություն և խթանող ուժ է հանդիսացել մեր նախնյաց համար Հայոց աշխարհում, ովքեր արարել և դարերի խորքից մեզ են ավանդել արվեստի այս հիասքանչ մասունքները: Մենք գոհություն ենք հայտնում Ամենակալ Աստծուն, որ մեզանում ապրում են արվեստի ճշմարիտ ջահակիրներ, ինչպիսիք են տիկին Էվանսը, Մետրոպոլիտան թանգարանի ողջ անձնակազմը` առաջնորդությամբ պարոն Վայսի և այն բոլորն, ովքեր ներգրավված են եղել այս սքանչելի նախաձեռնության կյանքի կոչմանը:

Այսու` մեր բարեպաշտ ժողովրդի մեծ սերն ու երախտագիտությունը հայտնելով՝ ցանկանում ենք հայ ժողովրդի իսկական բարեկամ Դոկտ. Հելեն Էվանսին շնորհել Հայոց Եկեղեցու պատվո բարձր պարգևը՝ «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

Թող Աստված օրհնի ամենքին. Հայաստանի Հանրապետության քաջազնիվ բարեկամներին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բոլոր զավակներին:

Ցուցահանդեսը ներկայացնում է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Լուսանկարները՝ վարչապետի մամուլի ծառայության եւ Հայկարամ Նահապետյանի

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
7. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
8. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
10. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: