ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում

20 հուլիսի, 2018 | 18:51

Այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Հայաստանյան մամուլն անդրադարձել է այդ ասուլիսին։ 

Ոչ ոք չի «պլստալու» օրենքի պատասխանատվությունից, եթե դրա համար հիմքեր կան: Ասուլիսի ժամանակ նշել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ հասարակությունում եղել են պնդումներ, թե նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, սակայն մինչ այժմ որեւէ նման դեպք չի բացահայտվել։ Լրագրողը հիշեցեց, որ դրա մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։

«Եւ նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են. «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են. «Բա ինչի՞, այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետեւություններ է պետք անել, բա որ ասում էինք դեռ 2002 թվականին…»: Ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ՝ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը… Գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։

Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք՝ կոնկրետ որեւէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Նկատի ունեմ, որ այսօր որեւէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որեւէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակվում, որ, ահա, անպայման որեւէ բան կբացահայտվի։ Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն եւ օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ հարցեր լուծելու համար։ Որեւէ մեկը չկասկածի, թե որեւէ մեկը, որին բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որեւէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,- ասաց Փաշինյանը։

Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը խոսելով կոռուպցիայի մասին՝ նշեց, որ անձամբ ինքը զարմացած է, որ նման չափերի կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: Վարչապետը նշեց, որ կոռուպցիան երկրում աներեւակայելի սահմանների է հասել, որից անգամ ինքը շոկի մեջ է ընկել:

«Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին, ուղղակի ծիծաղելի է թալանի եւ կոռուպցիայի իրական մասշտաբների կողքին, որը Հայաստանում տեղի է ունեցել: Սա ահավոր երեւույթ է: Ասում են՝ երկու ամիս է անցել, բայց ես զարմանում եմ, ասում եմ՝ ո՞նց, այսպիսի խնդիրներ ունի՞ այս երկիրը, բայց երեւի մի 4 ամիս էլ զարմանալու եմ: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է: Ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին մինչեւ ինձ չեն բերում այդ տեղեկությունները հաստատող ապացույցներ եւ ասում՝ ապացույց մեկ, ապացույց՝ երկու, երեք:

Մի քանի օր առաջ պետական մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի շարունակի, թողեք ես գնամ: Ես չեմ կարող այսքան տեղեկություն ստանալ եւ հոգեկան հավասարակշռությունս պաշտպանել: Ասել եմ՝ դադարեցրու, հո՛պ, երբ որ ինքը հանում էր ապացույցներ, թղթեր, թղթեր, ֆոտոներ, վիդեոներ եւ այլն: Ասում էի՝ գնացեք, ուրիշին պատմենք, ես էլ ի վիճակի չեմ դա լսելու:

Սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որի վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում ու այն վարչապետը, որն իր ամբողջ քաղաքական եւ լրագրողական գործունեության ընթացքում ասում էր՝ թալանվում է այս երկիրը, անտերություն է, բեսպրեդել է: Ամեն օր այս ամենից եմ խոսել, բայց ամեն օր վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետեւ իր առջեւ բերում, դնում են տեղեկություններ, որին հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել:

Այնպիսի ոլորտներում է, որ չես կարողանում հավատալ: Մենք ասում ենք, որ նպաստների ոլորտում կոռուպցիա կա, կոռուպցիա՞, կոռուպցիան ի՞նչ է: Ամեն տարի բողոքում ենք, որ պետպատվերի քիչ լինելու պատճառով չենք կարողանում այսինչ թվով մարդկանց բուժել: Մարդկանց ուղարկում են տները եւ հայտարարում են, որ պետբյուջեն քիչ փողեր է տալիս: Ոչ ոք չի ասում՝ իսկ պետբյուջեի տված փողերը արդյունավե՞տ են ծախսվում, թե՞ ոչ: Էլ չեն ասում, որ հիվանդանոցների գլխավոր բժիշկները գրում են անուն ազգանուն, փողեր են դուրս գրել, բայց այդ մարդիկ տեղյակ չեն, որ իրենք պառկել են հիվանդանոցում, վիրահատվել են, բուժվել են, իրենց կյանքը փրկվել է: Այդ մարդիկ իրենց համար, իրենց տանը նստած են կամ պատահական գնացել ու այդ հիվանդանոցում ճնշում են չափել:

Ես վախենամ չկարողանամ ստի եւ ճշմարտության հարցում կոմպրոմիսի գնալ: Կարող է՝ դա վատ է, բայց նման իրավիճակ կարող է լինել: Ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ չգիտեմ՝ հանրությունը այդ ճշմարտությունը իմանա, կասի՝ կառավարություն, ինչ լավ է, որ մեզ ճշմարտությունն ես ասում, թե՞ կասի՝ ոնց որ դու ես ասում՝ հոպ, կանգնենք, մի խոսեք, մեզ էլ մի ասա: Ես ամեն օր այն մասին եմ մտածում, թե ճշմարտությունը մինչեւ որ կետը բացենք, որ հանրությունը չասի՝ մենք հիասթափված ենք կյանքից: Ես մտածում եմ, որ ճշմարտությունը մինչեւ վերջ պետք է բացվի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում մասնագետների պակասի խնդիր կա

ՀՀ-ում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որեւէ քրեական գործի քննության համար չկա որեւէ սահմանափակում. մենք չենք ունենալու որեւէ գործ, որը քաղաքական պատճառներով կանգնեցվի, բայց նաեւ չենք ունենալու քրեական գործ, որի քննիչի դերում հայտնվի վարչապետը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է եւ հետքերը բերում են ԱԺ՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց. «Գեորգի Ավետիսյանի նշանակում վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերախության հեղափոխություն, որովհետեւ եթե նայենք, թե ով երբ ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո եւ համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»:

Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների հետ կապեր ունեցողներին պաշտոններ տալու մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց. «Քրեական հեղինակություններ ասելով չգիտեմ ում նկատի ունեք: Կապ կարող է լինել այն, որ մեկը մյուսի հորեղբոր որդին է կամ աներձագը: Ես չեմ բացառում, որ կարող ենք լինել սխալական, բայց ես բացառում եմ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալն ուղղելու ճանապարհին: Էական է՝ մենք այդ մարդուց փող ենք վերցրել նշանակել ենք, կամ մարդիկ լծակ ունեն եւ իրենց լծակներով մարդկանց նշանակել են տալիս, թե ոչ: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել: Ես շնորհակալ եմ, որ այս հարցում մարդիկ օժանդակում են մեզ: Ես չեմ կարող ասել, որ ամեն նրբություններից տեղյակ եմ, բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մի բանում համոզված եղեք, որ մենք չենք վարանի մեր սխալներն ուղղելու հարցում»:

ՀՀ վարչապետը նկատեց նաեւ, որ այսօր ՀՀ-ում մասնագետների պակասի խնդիր կա, հետեւաբար, կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար, որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մի տեղից մեկ այլ տեղ ներբեռնելու նպատակով: «Այսինքն ես մի քանի դեպք գիտեմ, որ այդ տեղեկությունը միայն տվյալ մարդն է տիրապետում ու նրան ազատել աշխատանքից սխալ կլինի: Դա էլ բխում է տվյալ համակարգի առանձնահատկություններից: Մենք էլ ասում ենք, որ դուք պետք է X ժամանակ աշխատեք համակարգում, որ տեղեկատվությունը փաստաթղթավորվի եւ փոխանցվի նոր եկող աշխատակիցներին»:

Բացառում եմ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար

Կառավարության  ղեկավարը հստակեցրել է՝  խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մայիս:

Նաեւ շեշտել է, որ իր համարն որպես վարչապետ մեծագույն խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն:

«Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»։

Վարչապետն  արձանագրեց՝  չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա: Նա ընդգծեց` առավել ևս իրենց պարագայում չի կարող այդպիսի բան լինել: Նաև հստակեցրեց՝

« Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններում»:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու․ Փաշինյան

Բանակցելու նյութ կա, մեկ անգամ ևս  հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը:  Նրա խոսքով, բանակցությունը նույնպես օգտակար է՝ հանդիպել, քննարկել ինչ- որ բաներ:

Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանական ագրեսիվության մեծացումը վարչապետը կապում է Ադրբեջանի իշխանությունների մտավախության հետ, որ  այս երկրում էլ ժողովուրդը կարող  է ոգևորվել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններով, իրադարձություններով, կոռուպցիայի դեմ պայքարով:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  Արցախի հարցի վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը փորձել է իրեն տեղեկություններ տալ, սակայն դրանք իրեն հայտնի տեղեկություններ էին:  Վարչապետի խոսքով` այդ հանդիպմանը ներքաղաքական հարցերի անդրադարձ չի եղել։

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում:

«Չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»:

Երկու ամսից մի քիչ ավելի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է կառավարությունը: Վարչապետն այսօր  հայտարարեց՝

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում»։

Նիկոլ Փաշինյանն այսօր  հիշեց  պատգամավորական տարիներն ու հայտարարեց՝ նույնիսկ այդ կարգավիճակում չէր կարող պատկերացնել, որ երկրում նման մեծ չափերի թալան է եղել:

«Բայց ես հիմա ապշած եմ: Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Սա մի իրողություն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք»:

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետը նշեց, որ այն հասել է մի ծավալի, երբ սկսում է առնչվել այնպիսի մարդկանց  շահերի հետ, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը:

Նա վերահաստատեց նախկինում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իր ընտանիքի անդամների հարցում: Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ և հիմա էլ ասում եմ ամենայն լրջությամբ՝ շեշտեց: Էսօր առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկի հանդիպելիս կանգ չի առնելու, հասարակությունը  նոր անունների ու բացահատումների է սպասում:

Կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է   ենթադրում դեպի   բյուջե:

Հայաստանի այսօրվա կառավարությունը առանց հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության եւ Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում: Իսկ սա ենթադրում է նաև կենսաթոշակի ու աշխատավարձի բարձրացում: Կառավարությունում հարցը քննարկվում է:

Այս կառավարությունը ներառական  աճի կողմնակից է՝ աճը իրենց մաշկի վրա կզգա շարքային քաղաքացին:

Երկուսուկես ժամ տևած ասուլիսի ավարտին անպատասխան բազմաթիվ հարցեր մնացին: Նիկոլ  Փաշինյանը հեռացավ՝ խոստանալով՝  հանդիպումները շարունակական են լինելու:

armtimes.com, news.am, armradio.am


Առնչվող նյութեր
1. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
2. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
3. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
4. Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
5. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
6. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
7. Հայաստանի վարչապետը՝ Ֆրանկոֆոնիայի գործարար ֆորումում
8. Նիկոլ Փաշինյանը՝ Լավագույն ուսանող
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Ծառուկյանը աջակցում է Փաշինյանին. խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
2.Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3.Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5.Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
6.Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7.Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8.Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
9.««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
10.Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 9օ-րդ տարեդարձը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: