ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

03 մայիսի, 2018 | 15:45

Անցած երկու շաբաթներին հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց իր անկախությունը։ Թեեւ 1991 թվականի հռչակագրով արդեն անկախ էր, սակայն անցած 27 տարիներն ավելի նման էին այդ անկախությունը նվաճելու գործընթացի, քան իրական անկախության, քանի որ չդիմանալով սոցիալիզմից ֆեոդալիզմին անցում կատարած երկրի բարքերին ու իրողություններին, բնակչության մի ստվար զանգված բռնեց օտար ափերի ճանապարհը՝ երազելով ապրել ազատ ու անկախ, բարգավաճ երկրներում։  Իրական անկախություն՝ առանց ուժի կիրառման ու զոհերի, հայ երիտասարդությունը՝ անկախության սերունդը, կարողացավ նվաճել միայն 2018-ի ապրիլին։ Տարօրինակ ոչինչ չկա։ Հանրապետական վարչակարգն այնպիսի պայմաններ ստեղծեց, որպեսզի ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իր շարքերում հայտնված մարդիկ ատեն իրենց եւ ընդվզեն։

Առաջին անգամ միջազգային ու հատկապես եվրոպական մամուլը Հայաստանի մասին սկսեց խոսել ոչ թե ցեղասպանության, փողոցային սպանությունների կամ Ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների համատեքստում, այլ հայկական ժողովրդավարության ու հայերի բացառիկ քաղաքական կուլտուրայի մասին հիացական մեկնաբանություններով։ Չեխական ամենաընթերցվող թերթերից մեկը՝ ,Մետրոն, ,,Հայկական թավշյան,, հոդվածում Նիկոլ Փաշինյանին համեմատում է չեխ այլախոհ, նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ, գրելով, որ Հայաստանի Վացլավ Հավելը Նիկոլ Փաշինյանն է։

Ժողովրդավարության, համամարդկային ու ազգային արժեքների նկատմամբ նրա նվիրվածությունը, հատկապես նրա հավասարակշռված ելույթը խորհրդարանում, վկայեց, որ մենք գործ ունենք հասուն քաղաքական գործչի հետ, ով առնվազն չի դավաճանի իր ժողովրդին ու իր երկրին։

Չեխական  ՄՖ ԴՆԵՍ ազդեցիկ օրաթերթն էլ  գրում է, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր մեծ լուման ունի նաեւ 8 միլիոնանոց հայկական սփյուռքը, որի ճնշումն ու աջակցությունը ժողովրդավարական շարժմանը զգալի էր։ Նշում է նաեւ, որ հայաստանյան շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաեւ Չեխիայի հայ համայնքը՝ պահանջելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Սակայն ըստ չեխ քաղաքագետների, եթե Փաշինյանը նախկինում ասում էր, թե Հայաստանն ավելի մոտ պետք է լինի Եվրամիությանը, քան Ռուսաստանին, ապա այժմ նա համոզված է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կմնան նույնը։ Ու եթե հայերը երազում են Եվրամիության մեջ մտնելու մասին, ապա որոշ չեխ քաղաքական գործիչներ արդեն  մտածում են չեխզիտ /czexit/ անցկացնելու՝ այն է, Եվրամիությունից դուրս գալու մասին։

Դատելով վերջին շաբաթների գնահատականներից, քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում, չեխական մամուլում  Հայաստանի նկատմամբ նման հարգալից վերաբերմունք երբեք չի եղել։ Տեղացիները գնահատում են հայերի ազատ ու արժանապատիվ ապրելու ձգտումը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին  Շարժումը համարելով ,,Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն,, , կոչ է անում բացառել ատելության քարոզչությունը, համարելով, որ ատելության էջը Հայաստանում փակված է։ ,,Մենք տեսանք, թե ինչ  ուժ են սերը եւ հանդուրժողականությունը։

Բռնությունը տեղ չի ունենալու մեր գոծիքակազմում, այլ պետք է լինի  բաց ձեռքերի, բաց հոգու եւ բաց սրտի  քաղաքականություն,,։

Ի դեպ, բաց սրտի մասին։ Վացլավ Հավելը, ով եղել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մտերիմ այլախոհներից եւ վայելել վերջինիս բացառիկ աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի եռագույն դրոշն է բռնել Հայրիկյանի հետեւից՝ Պրահայի փողոցներում երթի ժամանակ,  Սերժ Սարգսյանը, ով լավ հարաբերություններ ուներ Չեխիայի ներկայիս նախագահ Զեմանի հետ, չեն արժանացել այն հարգանքին, որն այժմ տրվում է Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը եւ իր մեկ քայլի շարժումը կոտրեցին բոլոր կարծրատիպերը ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, ավելին, շատերի համար պարզ դարձավ, հայկական քաղաքական մշակույթի եվրոպական որակը։ Իսկ դա նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար թե՛ ներդրումների, թե՛ տուրիզմի զարգացման եւ թե՛ հայրենադարձության առումներով։ Միայն թե նոր իշխանությունը պետք է նախ վերացնի հնի սխալները, եւ որ ամենակարեւորն է ՝ բացառի դրանց կրկնությունը։

Իսկ առջեւում ոչ միայն մայիսի 8-ն է՝ վարչապետի ընտրությունը,  այլեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ամենամեծ փորձաքարը կդառնան Հայաստանի ներկա ու ապագա սերունդների համար։

Հ.Գ.- Քանի որ այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, եւ մի դեպք հիշեցնել, որ կապված է լրագրող Նիկոլ Փաշինյանի հետ։

1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ  ես իբրեւ ԱԶԳ օրաթերթի եւ ,,Ազատություն,, ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից  լուսաբանում էի ընտրությունների ընթացքը եւ որոշել էի գիշերը մնալ եւ հերթապահել Գրողների միության ընտրատեղամասում, ուր քվեարկել էր նախագահության թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Բոլորիս մտահոգությունն էր, որ 1995 թ. ընտրակեղծիքները չկրկնվեն։  Բայց երբ  սկսեցին ընտրաթերթիկների հաշվարկը, հանձնաժողովի ՀՀՇ-ական նախագահը, որի անունը չեմ հիշում, ինձ դուրս հրավիրեց մյուս լրագրողների հետ, որ իբր չխանգարենք իրենց աշխատանքին։ Ես ընդվզեցի, ասացի, որ իրավունք չունեն մեզ հանելու, եւ մեծ բանավեճ սկսվեց, որ պետք է վերածվեր արդեն ձեռնակռվի,  այդ պահին միակ լրագրողը, ով պաշտպանեց ինձ եւ կանգնեց իմ թիկունքին,  ,,Լրագիր,, թերթի թղթակից Նիկոլ Փաշինյանն էր։ Հանձնաժողովի նախագահը, երբ տեսավ մենակ չեմ, արդեն զիջեց եւ այդպես մնացինք մինչեւ գիշերվա ուշ ժամ եւ այդ բացառիկ տեղամասերից մեկն էր, ուր Վազգեն Մանուկյանը հաղթեց եւ չկարողացան կեղծել։ Ինչո՞ւ այս պատմությունը հիշեցի։ Նիկոլն իր քաղաքացիական կեցվածքը եւ համարձակությունը  նոր չի ցույց տվել, կամ 2008-ին։ Նա իր լրագրողական սկզբունքայնությամբ եւ ընկերական թասիբով, անկախ թե բարիկադների որ կողմում է եղել,  միշտ աչքի է ընկել։ Ուստի, առավել եւս այսօր, ես նրան  մաղթում եմ պատվով իրականացնելու իրեն ուղղված միլիոնավոր հայերի իղձերն ու ցանկությունները։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
2. Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում
3. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
4. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
5. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
6. Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
7. Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին
8. Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին. Ֆեդերիկա Մոգերինի
9. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
10. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
2.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: