ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները

03 հունիսի, 2018 | 08:40
ՊԱՏԱՐԱԳ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅԻ ՊԱՏՎԻՆ

Այսօր՝ Շաբաթ օրը ժամը 11.00-ից Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում (Հասցեն keizer Karelplein-3. 6211 TC Maastricht) մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր  Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը, որը Գերմանիայից բավականին ուխտավորների հետ Նիդերլանդներ էր ժամանել: Լեփ լեցուն սրահում եկեղեցական նվագակցությունը կատարում էր Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբը՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։
Լուսանկարում՝ հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը (կենտրոնում)
Լուսանկարում՝ Սերվատիուսի աճյունը
Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբը՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։

Սա եզակի այն միջոցառումներից էր, ուր «Սուրբ Սերվատիուսի» Տաճարում մատուցվում էր հայկական պատարագ, իսկ ավելի պատվելի էր, երբ  սրահ տեղափոխվեց մեծն հայի՝ Սուրբ  Սերվատիուսի պատվական աճյունը:
Ինչպես «Նիդերլանդական օրագրին» հավաստեց «Անի» հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը, նման բան դեռ տեղի չէր ունեցել և դա արվել էր Սուրբ Սերվատիուսի հայրենակիցների նկատմամբ հատուկ հարգանքի դրսևորումից ելնելով:
Միջոցառմանը մասնակցեցին  տարբեր համայնքների ներկայացուցիչներ, պետական,քաղաքական, համայնքային,եկեղեցական և այլ ոլորտների բարձրաստիճան  այրեր: Մասնավորապես Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը: Վերջինս այդ
մասին նաև իր թվիթերյան  էջում էր  գրառում  կատարել:
Լուսանկարում՝ (ձախից-աջ) Հայաստանի  Պատվո  հյուպատոս  պարոն Զիկը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ  դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդի անդամ, «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը:
Պատարագից հետո տպավորիչ էր «Աբովյան» մշակութային միության երգչախմբի ելույթը:
Միջոցառմանը պատվելու էին եկել նաև  Նիդերլանդներում Ռուսաստանի ուղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Հայաստանի և Ռուսաստանի Պատվո  հյուպատոսներ  պարոնայք Զիկը և    դը  ֆլոտը, գործող հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,   «Ապրիլ 24 կոմիտեի» (FAON) քարտուղար Ինգա Դրոստը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության անդամ, նույնանուն դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սերվատիուսի պատվին տեղի ունեցող միջոցառումները Մաստրիխտում սկսվել են դեռ մայիս ամսից: Արարողակարգերի գլխավոր մասը՝ «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունն էր, որին ներկա էին հազարավոր ուխտավորներ։ Վաղը՝ հունիսի երեքը   Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումների շարքի վերջին օրն է: Այն ավարտվելու է հազարավոր հավատացյալ ուխտավորների թափորի երթով: Ինչպես անցյալ անգամ Լիմբուրգի մարզային հեռուստատեսությունը կրկին լուսաբանելու է ուխտավորների քայլերթը:

Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը  ևս անմասը չմնաց և կազմակերպչական բավականին ծավալի աշխատանքներ կատարեց՝ նաև վաղվա միջոցառմանն է համայնքը պատրաստվում: Ընդհանրապես լավ կլինի, երբ հատկապես օտարներն են հիշում և երախտապարտ են անվանի հայ զավակներին, հայկական մյուս համայնքների հայեր ևս գան ու մասնակցեն նման միջոցառումներին: Դրանով ոչ միայն ինքներս մեզ ենք հարգում, այլև գնահատում ենք օտարներին, որոնք հարգանքի տուրք են մատուցում մեր զավակներին:
Հիշեցնենք դեռ 2016 թ  «Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հարակից մասում հայ համայնքը  խաչքար էր տեղադրել։
Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր: Մաստրիխտում է  սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր քաղաքում: Լեգենդն ասում է, որ ներկայիս Հոլանդիայի և Բելգիայի տարածքներում Սերվատիուսն է հանդիսացել  քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է  Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Թերևս  Սուրբ Սերվատիոսի կյանքի  շատ էջեր սպասում են իր ուսումնասիրողին: Նրան նվիրված տոների շարքը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ից՝ մեծ շուքով ու հանդիսությամբ:

Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»

______

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: