ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարինե Դելլալյան. Երաժշտությունը կարող է մարդուն տակնուվրա անել, կարող է ձեռքից բռնել ու տանել մինչև ամենաբարձրը

01 հոկտեմբերի, 2016 | 09:11

narine-dellalian-2Լրագրող Արթուր Ղուկասյանի հարցերին պատասխանում է լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ Նարինե Դելլալյանը

– Սիրելի Նարինե, ձեր այցելությունները Հայաստան  հաճախակի բնույթ են կրում: Ընդ որում, դրանք, վստահաբար, զբոսարջիկության կամ սեփական հանգիստը լավագույնս ապահովելու նպատակները չեն կրում: Ձեր ամեն մի այցելությունը, կարող եմ ասել` հերթական առաքելության իրականացնումն է: Այս անգամ խոսքը Դելլալյան եռյակի մեր հայրենիքում կայացած համերգների մասին է: Ինչպես նախորդ՝ այս անգամ եւս հայաստանյան մամուլը բավականին մանրամասն անդրադարձներ ունեցավ, ներկայացնելով իրողությունը, արձանքներն ու գնահատականները: Կցանկանայի, սակայն, մեր զրույցը հետեւյալ հարցից սկսել, որի մասին խոսք չեղավ. բեմ-երաժշտություն- դահլիճ կապը: Այդ կապը ոչ թե ունկնդիրների, այլ՝ Ձեր աչքերով: Իհարկե, կատարման ընթացքը չի արտոնում նույն պահին ներկաների հայացքները տեսնելու ճոխությունը: Բայց դրա անհրաժեշտությունն էլ չկա` Դուք զգում եք դա, կռահում եք, հասկանում եք: Ո՞րն էր այս դեպքում` Ձեր իսկ բնութագրմամբ, այդ կապը: Ավելի հստակ. բեմը եւ Դելլալյան եռյակը` որպես միջնորդ երաժշտական ստեղծագործությունների, որոնք ներկայացրել էիք այդ օրերին, եւ ունկնդիրների, որոնք ներկա էին այդտեղ:  Ի՞նչ նկատեցիք, զգացիք եւ կռահեցիք:

  • Բեմը սրբավայր է ինձ համար։ Այնտեղ ոտք դնելուց առաջ ես խաչակնքվում եմ ու հետո միայն ներս մտնում։

Հայաստանյան բեմը, որի ունկնդիրը իմ ազգն է՝  կրկնակի ու եռակի ավելացնում է հուզականությունը։ Ընդհանրապես այդ հուզականությունը անհրաժեշտ տարր է, որը օգնում է արտիստին և առանց որի նրա ասած խոսքը լիովին չի հասնի ունկնդրին։ Ինքը՝ արտիստը պետք է հուզվի, որ կարողանա հուզել նաև ունկնդրին։ Այն փոխանցվում է և այլ էմոցիոնալ դաշտ տեղափոխում լսողին։ Իսկապես, ես անգամ երկար պաուզաների ժամանակ քաջություն չեմ ունենում նայել դահլիճի կողմը, այդ մեկ ակնթարթն էլ բավարար է, որ շեղի միտքը ու կորի ստեղծած աշխարհը։ Բայց կա մի անտեսանելի դաշտ, որտեղ զգալի է շնչառությունը, լռությունն էլ` դառնում է շոշափելի։ Սա աներևակայելի գեղեցիկ պահ է։

Իսկ ունկնդիրը գալիս է համերգ կամ թատրոն, հուսալով գտնել այն, ինչ իրեն կկտրի իրականությունից ու կտեղափոխի մեկ այլ տարածություն ու բավարար է նա զգա դեպի իրեն ուղղված անկեղծությունը, որ ինքն էլ մտնի ստեղծվածի մեջ։

Համերգներից մեկում, երբ ավարտեցինք մեր ծրագիրը, ծափահարությունները, ծաղիկները, բեմը, ունկնդիրը, ամբողջ խառնվեց իրար ու չկար այլևս սահմանը մեր և ունկնդրի միջեւ։ Մարդիկ հուզված, մենք առավել ևս…  մի մարդ մոտեցավ ինձ ու հազիվ կարողացավ մի քանի բառ արտահայտել ու փղձկաց… հեկեկում էր… ես գրկեցի իրեն ու զգացի, որ դողում էր  ամբողջ մարմնով …  Սա տոն էր, ոգեղենության, հոգու իսկական տոն։ Սրանում է երաժշտության ուժը, որը բոլորովին անմեղ լեզու չէ։ Նա կարող է մարդուն տակնուվրա անել, կարող է ձեռքից բռնել ու տանել մինչև ամենաբարձրը։ Իսկ դրա կարիքը ունի հավատացեք, ամեն մարդ, անգամ ոչ բավարար պատրաստված ունկնդիրը, որը միգուցե չհասկանալով, բայց մտնում է այդ աշխարհը…

narine-marine-levon-3

  • Համերգներից բացի վերջին այցը մեր հայրենիք նշանավորվեց նաեւ Հայրիկ Մուրադյանի անվան փողոցի բացմամբ: Հայրիկի հանդեպ բոլորիս սերն այնքան մեծ է, որ այդ նորությունը բարի ու կարեւոր համարվեց աշխարհով մեկ սփռված հայերի կողմից: Այդուհանդերձ, նույն փաստը եւ ինքնին Հայրիկ Մուրադյանի անվան հիշատակումն` ի թիվ այլոց,  տանում է անմիջապես ”Երազ իմ երկիր հայրենի” ժողովրդի կողմից այդչափ ջերմ ընդունված երգին: Հետաքրքիր է, որ մարդկանց մի մասը համարում է այն ժողովրդական, մյուսները որպես հեղինակ են ճանաչում Ռոբերտ Ամիրխանյանին:  Մի մասն էլ համոզված է, որ այն կրում է Հայրիկ Մուրադյանի հեղինակության կնիքն ու ոճը: Վեճին նմանվող զրույցներ են ընթանում: Շատ հարգալի ոճով, բայց նաեւ` հստակ, Լեւոն Մուրադյանը` Հայրիկի որդին, փորձել է վերջակետ դնել, հրապակայնորեն հաստատելով, որ հենց իր հայրն է ”Երազ…-ի հեղինակը: Այս պարագայում, սակայն, քչերն են, երեւի,  ուշադրություն դարձնում շարքային ընթերցողի եւ լայն հասարակության գործոնի վրա, որն այդպես էլ չի ընկալում մինչեւ վերջ, թե ի՞նչ է իրականապես կատարվում: Անձամբ զրուցել եմ մարդկանց հետ, որոնք կիսվում են մոտավորապես հետեւյալ կերպ. մեկ ասում է` իմն է, մյուսը` նրանը չէ: Իսկ ի՞նչ է կատարվել իրականում: Նկատի ունեմ. հետաքրքրված ընթերցողին անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը, ինչպե՞ս է տեղի ունեցել, ե՞րբ է ի հայտ եկել եւ ինչո՞ւ է հենց հիմա ասվում դրա մասին: Ընթերցողը պետք է տեղյակ լինի ամենասկզբից, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է կատարվել:
  • Իհարկե համամիտ եմ, որ շատ շատերին հետաքրքող այդ հարցը վերջնական պարզաբանման կարիք դեռ ունի, և նաև հենց այդ էր պատճառը, որ Լևոնը՝ այդ պատմության ամենակենդանի վկան, ով անմիջականորեն ներկա է եղել երգի ստեղծման ամբողջ ընթացքին, որոշեց վերջնականորեն փակել անդադար շարունակվող և ոմանց կողմից առ ու ծախի վերածված այդհարցը։ Լևոնը գրեց պարզաբանող, հիմա արդեն շատ ընթերցված հայտնի հոդվածը երգի պատմության մասին, որը հենց սկզբիս կեղծված հիմքերի վրա էր դրվել։ Իսկ պատմությունը շատ պարզ է։

“Հայրիկ” ֆիլմի համար անհրաժեշտ էր մի երգ, որը ընտանիքի պապը հոգում էր պահել իր պապերից լսած երգը։ Ֆիլմի կոմպոզիտոր Ռ.Ամիրխանյանը, հրաշալի գիտենալով Հայրիկ Մուրադյանի հարուստ հոգևոր պաշարի մասին, դիմեց իրեն, որ նա օգնի գրել այդ երգը։ Հայրիկը գրեց երգի բառերը և այնուհետև այդ բառերից բխող մեղեդին ծնվեց իր հոգում և սկսեց երգել։ Կոմպոզիտորը գրառում էր մեղեդին, որը այնուհետև գործիքավորեց։ Հայրիկը կատարեց երգը, որը հնչում է ֆիլմում։ Այն անչափ սիրվեց ժողովրդի կողմից, այնուհետև դարձավ բանակի հիմնը։ Սա մի երգ էր, որ կարծես ժողովրդի սրտից էր դուրս եկել։ Ֆիլմը արդեն ավարտված էր, երբ Հայրիկը տեղեկացավ, որ կոմպոզիտորը որպես երգի հեղինակ գրանցել է իր անունը։ Հայրիկը նեղացավ և այլևս երբեք չխոսեց կոմպոզիտորի հետ։

Նրան ճանաչողները հրաշալի կհասկանան, իսկ չճանաչողները կշարունակեն իրենց էժանագին հարցը հնչեցնել, թէ ինչու այդպես էլ հարցը մնաց չլուծված։ Ես միայն կարող եմ ավելացնել, որ երբ խոսք էր գնում այդ երգի մասին, իսկ դա հաճախ էր լինում, Հայրիկը խժռվում էր ու չէր խոսում այդ մասին։

Հայրիկը իմաստուն էր։ Նա հրաշալի գիտեր, որ բարոյականությունը միայն դատարաններում չէ, որ վերականգնվում է, կա նաև այլ դատարան, որ վեր է ամենից։

Այսօր Հայրիկի հետևորդների մի ամբողջ բանակ ՆՐԱ մշակութային ժառանգության շարունակողներն են , Հայրիկը վերածվել է գաղափարախոսության, հոգեկերտվածքի, կոմիտասյան հոգևոր վերածնունդի անբաժանելի մասի։ Դրանից վեր ոչինչ չի լինում։

  • Մեր հարցազրույցը տեղի է ունենում հոկտեմբերի 1-ից մի քանի օր առաջ: Դա անձամբ Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների, երաժշտասեր հասարակության համար հիշելի ամսաթիվ է. հենց այդ օրը Ձեր հոր` տաղանդաշատ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ,,Տոպոֆոնո,,  ստեղծագործությունը Երաժշտության Միջազգային օրվա առթիվ հնչեց կոմպոզիտորների կենտրոնական տան դահլիճում: Ձեր համար, անշուշտ, դա մի ամբողջ իրադարձություն էր, քանզի ներկա էիք եւ անձամբ էիք ունկնդրում հայրիկի ամենահրաշալի ստեղծագործություններից մեկը Մոսկվայի կամերային նվագախումբի կատարմամբ: Եվ այսօր ես կխնդրեի նախ կիսվել  մեր ընթերցողների հետ ոչ թե գնահատականներով, այլ տարիների միջով անցկացրած Ձեր այդ պահի տպավորություններով: Հապա նաեւ. ինչո՞ւ է, Ձեր անձնական կարծիքով, առանձնանում ,,Տոպոֆոնոն,, Հարություն Դելլալյանի ստեղծագորությունների շարքում: Հարցս հիմնավորված է այս հանգամանքով. ինչո՞ւ այդքան ստեղծագործությունների շարքում ընտրվեց հենց այդ մեկը՝ ,,Տոպոֆոնոն,, (կայացած երաժիշտ Նարինե Դելլալյանի աչքերով) եւ շարունակությամբ` Հարություն Դելլալյանի թողած ամբողջ ժառանգության նշանակությունը: Վերջին դեպքում ես նկատի ունեմ, պարզ է, ստեղծագործական ժառանգությունը:narine-dellalian-4
  • Այսօրվա պես հիշում եմ այդ տարվա հոկտեմբերի 1-ը, երաժշտության միջազգային օրը, որը այնուհետև իմ մտքում ու սրտում կապվեց հենց այդ օրվա հիշողություններով։ Դա այն քիչ օրերից մեկն էր, որտեղ հայրս կարող էր լսել իր ստեղծագործությունը կենդանի կատարմամբ։

Ընդհանրապես Նա անչափ հուզվում ու անհանգստանում էր  իր ստեղծագործությունների կատարումների ժամանակ և դա շատ բնական էր։ Միայն իրեն էր հասկանալի այդ օրվան հասնելու անչափ թանկ գինը, զոհողությունները ու եկած պահի կարևորությունը։

,,Տոպոֆոնոն,, , որ արդեն հաղթական մեծ ուղի էր անցել, Բոստոն, Նյու Յորք, Վաշինգտոն, Երևան, այդ օրն էլ ընդգրկված էր մշակութային կարևորագույն կենտրոնի՝ մոսկովյան ծրագրում։

,,Տոպոֆոնոն,, իսկապես բարձրակարգ ստեղծագործություն է, որը ես ընկալում եմ որպես մեր ժողովրդի պատմության երաժշտական այցետոմս։ Այս միտքը ես չեմ վախենում ասել, քանի որ հիմք եմ ընդունում միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ քննադատակաները… Ինչո՞ւ ,,Տոպոֆոնոն,,։  Այդ ստեղծագործությունը արդեն հնչել էր փայլուն դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ։ Միգուցե դա էր պատճառը, որ այն ավելի հեշտությամբ ընտրվեց կատարման համար։ Ես այստեղ կուզեի հարց բարձրացնել։ Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ հենց ,,Տոպոֆոնոն,, է Դելլալյանի լավագույն ստեղծագործությունը։ Արդյո՞ք ևս մեկ գանձ թաքնված չէ այն ստեղծագործությունների մեջ, որոնք դեռ չեն կատարվել, որոնք Հարությունը չհասցրեց լսել բայց մենք էլ դեռ շարունակում ենք անտեղյակ մնալ։ Ո՞վ կարող է մեզ տալ այն չափման միավորը, թե ինչ ենք կորցնում չճանաչելով հենց այն ժառանգությունը, որը թողել են մեր փայլուն նկարիչները, գրողները, երաժիշտները և որոնք այդպես էլ մնացել  են իրենց տան արխիվներում ՝ չճանաչված, չծանոթացած։ Պատկերացնո՞ւմ եք որքան ենք բաց թողում…

  • Հիմա, երբ լսում եմ Ձեր խոսքը, Հայաստանում շարունակվում է պահպանվել բավականին ծանր իրավիճակը: Ձեր վերադարձից հետո նկատեցիք, որ մեզ հայտնի փաստերից բացի` Չորսօրյա պատերազմ, արտագաղթ եւ այլն, ավելացել է նաեւ մշակութային արժեքների պահպանման եւ պաշտպանման խնդիրը: Այսինքն, այդ խնդիրը միշտ է եղել, բայց ,ժամանակակից պայմաններում, երբ ռաբիսի երգիչները արժանանում են բարձր կոչումների եւ նրանց` ոչ ավել, ոչ պակաս, հրավիրում են Հանրային հեռուստատեսություն, հասկանում ես, որ դրությունն իրոք տագնապալի է: Բոլորիս կողմից շատ հարգված եւ սիրված Հասմիկ Պապյանն անմիջապես արձագանքեց: Չեմ կասկածում, որ Ձեզ հայտնի է նրա շատ կարճ ու անմիջապես տարածում գտած կոչը. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Ինչպե՞ս կարող ենք, ըստ Ձեզ, պայքարել այս երեւույթի դեմ, որն իրոք չափազանց վտանգավոր է: Ի՞նչ պետք է անի հեռուստադիտողն ինքը: Գուցե բոյկոտե՞լ: Հնարավոր է` այլ միջոցների՞ դիմել:   
  • Խնդիրը նոր չէ, անշուշտ։ Տարիների ընթացքում պարբերաբար հասարակությանն է հրամցվել ցածրորակ հաղորդումների, ամեն իմաստով սարսափազդու սերիալների փունջ, որը և բնականաբար պետք է տար իր արդյունքը։ Այսօր հասարակության մի ստվար զանգվածի համար այն մտածելակերպ է դարձել, աշխարհայացք։  Այս ” կատարելագործված” հաղորդաշարը, որը բարեբախտաբար մեծ աղմուկի հադիպեց, կարծես բաժակում լցված ջրի վերջին կաթիլն էր և ամոթների ամոթը, քանի որ հեռարձակվեց պետական առաջին ալիքով։

Իսկ ո՞վ է հոգ տանելու այն մանկան ու երիտասարդի համար, ով չունի որևէ կողմնորոշման չափանիշ, ո՞վ է հոգ տանելու, որ այդ նույն սերունդը հնարավորություն ունենա ծանոթանալու և կրթվելու բարձր արժեքներով ընդհանրապես։ Կոմիտասը լոկ անուն չէ, որ պետք եղած ժամանակ դատարկ աչքերով խոսեն ու անցնեն իրենց քանդարար գործին։ Մշակույթը հայրենիք է ստեղծում, ժողովուրդը մշակույթով ազգ է դառնում, ասում էր Հրանտ Մաթևոսյանը։

Մեծ բացթողումից առաջացած վտանգ է, որ չկա ռաբիսի հակադարձ առաջարկը, որի հետևանքում խախտված է հասարակության գեղագիտական ճաշակը, հավասարակշռությունը։ Կարդացի անգամ, որ այդ չարաբաստիկ հաղորդաշարի ընթացքում որոշել են անդրադառնալ նաև դասական երաժշտությանը։ Աստված մի արասցէ այդպիսի բան պատահի, որ նույն ձեռքերը նույն դույլի մեջ լցնեն նաև դասականը։ Խեղկատակությունը խոսք չի ունենա արտահայտվելու այլևս…

Որպես պահի անհապաղ թելադրանք, պետք է պահանջել անմիջապես դադարեցնել ազգային մտածողությանը հարվածող ցանկացած հաղորդում։ Դա առաջին քայլն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծումը։ Ազգային միասնություն ենք ուզում, ուրեմն բարձր արժեքներով է պետք կրթել ու կրթել մատաղ սերնդին, որ նա ինքնին դառնա այդ արժեքների կրողը։

Այդ նպատակն են հետապնդում որոշ անհատներ, որոնք տարիներ է, որ նվիրված են այդ գործին։

Այսօր մենք խնդիր ունենք նաև որոշ ուսուցիչների հետ, ովքեր իրենք կրթվելու կարիք ունեն, ովքեր իրենց սովորած տարիներից հետո երբեք այլևս չեն թարմացրել իրենց գիտելիքները։ Որոշ իրադարձություններից հետո էլ իրենց նկատմամբ հարգանքը վերականգնելու կարիք ունեն.. Նման ուսուցչին չի կարելի վստահել մանուկ սերնդի դաստիարակությունը։

Այս հարցերում կողմորոշվելու իրավունքը մերն է և որից կախված կլինի կամ մեր վերջը կամ էլ սկիզբը։ narine-dellalian-3

  • Երբ ծանոթացաք հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի խնդագրին` անմիջապես ստորագրեցիք այն: Ի՞նչը ստիպեց Ձեզ անել դա: Դուք նոր եք վերադառնում Հայաստանից, բայց շատերը երկար ժամանակ է, ինչ չեն եղել այնտեղ եւ չեն կարող լիարժեքորեն դատել ներկա վիճակի մասին: Ի՞նչ տեսաք Դուք սեփական աչքերով: Օրինակ` Գյումրիում: Գյումրին շեշտեցի, որովհետեւ մարդիկ, իրենց վերադարձից հետո, խոսում են համարյա միշտ Երեւանի մասին` բոլոր իր լավ ու վատ կողմերով հանդերձ:
  • Ես շատ հաճախ եմ լինում Հայրենիքում և իմ համար նոր պատկեր չկա, դժբախտաբար չկա։ Ցավալի է այն փաստը, որ մեր երկրում ավելի ու ավելի է խորանում հակադրությունը հարուստների և աղքատների միջև։

Իհարկե արձագանքեցի Թանկյանի և մի շարք անվանի և մեզ պատիվ բերող, առանց սփյուռքահայ բառը օգտագործելու` հայ արվեստագետների կոչին։ Անտարբեր չեմ կարող լինել, երբ փորձ է արվում շտկել որևէ հիվանդ երևույթ, որի գոյությամբ բոլորս ենք հիվանդանում։ Ստորագրել եմ, կարծիքս եմ հայտնել և միշտ էլ այդպես է լինելու։

Անշուշտ բոլորը նկատել են տեսարանը, որ բացվում է մեր առջև, երբ անցնում ենք մայրուղով և մեր առջև, բլուրների վրա երևում են անհասկանալի շքեղության ու ճոխության առանձնատները, որոնք  վերևից իշխում են ներքևում, մի կերպ իրենց ոտքի վրա պահող տնակները, որտեղ մարդիկ են ապրում, ծեր մարդիկ, երեխաներ՝ ամբողջ ընտանիքներ… Այդ տեսարանը այսօրվա արտացոլումն է։ Մեր երկրում միայն չտեսը կարող է միլիոններ դիզել ու երջանիկ լինել իր դիզածով։

Իսկ անգամ իր տխրության մեջ վեհ ու լույս փնտրող Գյումրին դեռ այնքան ուշադրության կարիք ունի։ Ու չնայած դեռ ավերակներ են մեր առջև հառնում ու ամենուր վիրավոր սրտերով մարդիկ, բայց միևնույնն է, Գյումրին իր խորը բովանդակության տերն է, գյումրեցին իր անկրկնելի հատկությունների և իրեն հատուկ արժեհամակարգի տերն է, որոնք Գյումրու ամենամեծ հարստություններն են, հարստություն, որ ոչ ոք չի կարող խլել իրենցից։

  • Ասվում է, թե ժողովուրդին տալիս են այն, ինչի պահանջը նա ունի: Դելլալյան եռյակի համերգները, մարդկանց գրավոր եւ բանավոր մեկնաբանությունները, ցանկություննները համերգին ներկա գտնվելու համար վկայում են, որ ժողովրդին, ըստ ամենայնի, դիտմամբ չեն մատուցում այն, ինչը կարող է բարձրացնել նրա մակարդակը, ճաշակը, ձգտումը դեպի արժեքները: Թե՞, ես սխալվում եմ եւ դա բնավ այդպես չէ: 
  • Ոչ, դա բացարձակ հնարովի միտք է, որը նպատակ ունի կոծկելու իրենց չար գործերը, ապազգայնացնող քայլերը։ Ու աստված չանի այդ մարդկանց ձեռքը տան որոշումներ կայացնելու իրավունք։ Նրանք ընդունակ են ավիրել ամեն բան։ Մեր մշակույթը մեր մտածողության արդյունքից է ծնվում։ Կոստան Զարյանը ասում էր լեզուն արյուն է, որը չի կարելի փոխել։ Լեզուն ոգի է, ոգին չի կարելի աղավաղել։ Պղծել լեզուն՝ անունը դնել լեզվի նորացում, պղծել երաժշտությունը ՝ կնշանակի կորցնել մեր ինքնությունը ու դառնալ անհասկանալի որակներ կրող տարրեր այս մոլորակի վրա։

Տվեք Ժողովրդին մաքուրը, անաղարտը, որին իր ամբողջ կյանքը նվիրեց Կոմիտասը և տեսեք, թե ինչպես է նա ընդունում այն։ Նայեք այն երեխայի աչքերին, ով մաքուր մշակույթի հետ շփում ունի և կտեսնենք աշխարհի ամենազուլալ ու խելացի հայացքը։

  • Դուք ապրում եք Պորտուգալիայում, ես` Իսպանիայում: Դրանք երկու հարեւան պետություններ են համեմատաբար նոր կազմավորվող հայկական համայնքներով: Դելլալյան եռյակը հայտնի է Լիսաբոնում: Մեզ մոտ քաջ հայտնի է բոլորիս հպարտության զգացմունքը շարժող հայ ջութակահար Հմայակ Դուրգարյանը, ով նույնպես հաճախ է այցելում Հայաստան եւ ում Դուք, անտարակույս, նույնպես ճանաչում եք: Հարցս է. աշխարհագրորեն այդքան մոտիկ գտնվելով, մի՞թե հնարավոր չէ առանձին ծրագիր կազմել եւ համատեղ կատարմամբ ներկայացնել հայ երաժշտական արվեստը ինչպես Ձեր բնակության վայրում, այդպեսեւ` այստեղ: Կարծում եմ, դա հետաքրքիր նախագիծ կլիներ, այդպես չէ՞: 
  • Նման հանդիպումները իսկական տոնի են վերածվում։ Իհարկե հրաշալի  կլինի համագործակցել մեր բարձրակարգ երաժիշտ Համիկ Դուրգարյանի հետ։

Անցյալ տարի,  Փարիզում մի ամբողջ հայ երաժիշտներից բաղկացած նվագախումբ հավաքվեց և մեր նահատակների հիշատակին նվիրված փառահեղ համերգ նվագեցինք։ Հրավիրված էին նաևՀասմիկ Պապյանը, Լիպարիտ Ավետիսյանը։ Երաժիշտները ամեն մեկը եկել էր աշխարհի մի անկյունից։ Հրաշալի երաժիշտներ են։ Մենք շատ ուրախ էինք կրկին հանդիպելու համար, բայց այդ ամենի մեջ տխրություն էլ կար… այնքան սփռված ենք։

Ի դեպ, վերջերս, երբ Գյումրիում էինք ու անցնում էինք Համիկի տան կողքով, մի նկար արեցի և ուղարկեցի իրեն… հուզական է, անշուշտ…

  •  ”Իմ սիրտը լեռներում է” (Վ.Սարոյան):  ”Գնանք սարերում գոռալու” (Հ. Դելլալյան):  Նարինե Դելլալյանի ի՞նչն է սարերում: Դուք գոռացե՞լ եք սարերում: Դուք կկարողանայի՞ք համերգ տալ սարերում` բաց երկնքի տակ, թե՞ այնտեղ հարկ է լռել միայն ու լսել բնության ձայները: 
  • Իհարկե սիրտս լեռներում է ու որքան էլ երկար ապրեցի լեռներից հեռու, միևնույնն է, իմ սիրտը շարունակում է բաբախել այնտեղ։ Մեր գենը անչափ ուժեղ է, ուժեղ իր հիշողությամբ, որ անգամ չգիտեմ, լավ է թե ոչ…  Մեր սարերը այնքան մերն են, որ նրանցից ներշնչված ոգեղենությունից, հոգուդ կուտակվածի մասին կարող ես գոռալ ու նա կլսի… Մենք էլ մեր բնության, մեր լեռների մի մասնիկն ենք, նրանց դարավոր պատմության մի ակնթարթը…

Իսկ լեռների մեջ ծպտված մի  գողտրիկ ու չքնաղ տաճարում միգուցե մեր երգը՞, ,,Գարուն ա …,, , միգուցե քամիներից ծնվող մի անբողջ սիմֆոնիա՞… կամ միգուցե պարզապես լռել վեհ լեռների առջև ու այդ լռությունը ամենաուժեղ ճիչն է՞…

  • Ինչպես Հայաստան Ձեր նախորդ այցելությունների, այդպեսեւ` այս վերջին անգամ շատ զրույցներ եղան Ձեր հետ: Պատասխանեցիք բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում էին լրագրողներին: Ո՞րն էր, սակայն, այն հարցը, որին կցանկանայիք պատասխանել այդ օրերին, բայց այն Ձեզ այդպես էլ չտրվեց:
  • Միայն մեկ հարց կուզենայի լսել, բայց որը ինքս բարձրաձայնելու քաջություն չունեմ, քանի որ դեռ պատասխանը չունեմ։ Բայց պատասխանիս մեջ կլիներ ցանկությունս. Հայաստանի փողոցներում ավելի շատ լսվեր ոտնաձայները…
  • Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում։
  • Կուզենայի մեր ազգը հեքիաթը չկորցնի։ Կուզենամ Հայաստանը շարունակի մնալ այն տեղը, որտեղ հնարավոր է հանդիպել մարդուն, ում առնվազն կես ժամ առաջ դեռ չէիր ճանաչում, բայց կարող է գգվել քեզ ու ասել, որ հարազատ գտավ։ Գտավ իր քրոջը, ում կորցրել էր երկրաշարժի արհավիրքում։ Ու զգաս, որ իրեն գիտես, գիտես… արյանդ կանչն է… ու որ նա իրական է ու անուն ունի՝ Կարինե։

Թող Հայաստանը շարունակի մնալ այն անկյունը, ուր մարդկային հարաբերությունները նմանը չունեն, որտեղ հնարավոր է մի հեռավոր ծանոթից փոքրիկ ծառայություն խնդրես, իսկ Նա իր հետ բերի մի ամբողջ բանակ, որ կարողանա քո խնդրածի տասնապատիկ ավելին ու կատարյալը անել… Տիգրան է Նրա անունը…

Հայոց աշխարհը անցած քաղաքակրթության տաք հետքն է, որի արժեքը գիտակցվածից էլ ավելին է։ Ու թող որ ամեն ջերմ խոսքը մեր ապրելու արդարացումը լինի…

 

Զրույցը վարեց Արթուր Ղուկասյանը


Առնչվող նյութեր
1. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
7. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
8. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
9. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
10. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: