ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում

30 հուլիսի, 2018 | 14:58

Այս շաբաթ  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ մեր տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ և արևելագետներ քննարկեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության և ներնախիջևանյան իրավիճակի համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ:

«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է այս ոլորտում համալիր ուսումնասիրություն և պետությունը հարցը պիտի պահի ուշադրության կենտրոնում՝ պատվիրելով մասնագիտական հետազոտություններ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր առկա է երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ: Այս դրությունն, ըստ նրա, ձևավորվել է Իրանի և Թուրքիայի քաղաքական ուղղությունների արդյունքում:

«Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց  հոգևոր ճեմարաններում, համալսարաններում: Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ»:

Ոսկանյանի դիտարկմամբ՝ այս գործոնը Հայաստանը կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ որպես փափուկ ուժի կիրառման մեխանիզմ: «Շատ դեպքերում աշխարհում պատերազմների գրանցած հաջողությունների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին: Բայց չպիտի մոռանանք այսօր հիբրիդային պատերազմների առկայությունը, և նշենք, որ դրանց համար Նախիջևանում այսօր առկա է պարարտ հող՝ թե էթնիկական տիրույթում, թե ցեղային բաժանման տիրույթում»,- ասաց իրանագետը:

«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի խոսքով այսօր Նախիջևանը օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. «Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս հավաստեց, որ Նախիջևանի սահմանային գոտին կարող է իրապես վտանգավոր լինել, եթե մենք մշտապես բավարար ուժեղ չլինենք՝ պահպանելով հավասարակշռությունը մեր սպառազինությամբ, մարտական և հասարակական պատրաստվածությամբ: «Ադրբեջանը փորձում է Նախիջևանի սահմանին երկրորդ ճակատ պատրաստել Հայաստանի դեմ, որ կգործարկվի հնարավոր պատերազմի դեպքում: Իրենց բոլոր քայլերը հենց դա են ցույց տալիս»,- ասաց Բոզոյանը:

«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի դիտարկմամբ՝ հիմա Ադրբեջանն ունի ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման: «Փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների»,- նշեց Վերանյանը:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավաստեց, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, թեպետ մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: «Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա»,- ասաց ՊՆ խոսնակը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հիշեցրեց Գարեգին Նժդեհի՝ «Ուժն է ծնում իրավունք» խոսքը. «Եթե ամեն հայ կարողանա ընկալել բովանդակությունն այս խոսքի, ամեն ինչ շատ ավելի հեշտ կարող է կազմակերպվել: Մենք պետք է այս մոդելով դաստիարակենք մեր հանրությանը: Սա այն է, ինչ երազում էր Նժդեհը՝ կրողն այս արժեքների: Ի վերջո, նա՛ կարողացավ փրկել Զանգեզուրը, որն արժանանում էր Նախիջևանի ճակատագրին: Եթե մենք դա չընդունենք, անընդհատ կհայտնվենք կոտրած տաշտակների առաջ. հիվանդությունը պետք է ախտորոշել, որ կարողանաս բուժել: Այսինքն, եթե մենք ուժեղ լինենք, մենք, բնականաբար, կարող ենք հիշել շատ բաներ: Ավելի  ուժեղ Հայաստանը կարող է հիշել նույնիսկ Սևրի պայմանագիրը: Եթե մենք թուլանանք, ուժեղանա Ադրբեջանը, կհիշի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ըստ էության, բոլոր այս պրոցեսները, բառախաղերը, կապված են ուժի հետ»,-ընդգծեց Երվանդ Բոզոյանը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
2. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
3. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
4. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
5. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
6. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
7. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
8. Նոր խորհրդարանում կլինեն ,,Իմ քայլը,, դաշինքը, ԲՀԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,
9. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
10. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: