ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ

24 մարտի, 2014 | 15:00

Serzh Sargsyan in Haague- 24.03.2014.ՀԱԱԳԱ. – Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

 ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Առնչվող նյութեր
1. Հալեպն ամբողջությամբ ազատագրված է
2. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքը կշարունակի աջակցել սիրիահայերին
3. Չեխական մամուլը՝ Հալեպի հայկական եկեղեցիների ոչնչացման մասին
4. Կայացավ «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը
5. Բարեգործական համերգ` Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանը վերականգնելու նպատակով
6. France24 հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին
7. Ցավալի լուսանկարներ ազատագրված Քեսաբից
8. Հարություն Սելիմյան. Պետք է երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը
9. Քեսաբի հարցի քննարկում Հոլանդիայի խորհրդարանում
10. «Համաձուլման ճամփեքով» խորագիրը կրող համագումար` նվիրված սիրիահայերի ինտեգրման գործընթացին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: