ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

27 մայիսի, 2018 | 22:47

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիմելով ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվել է Թբիլիսիում և Անկախության հռչակագիրը ծնունդ է առել հենց այս քաղաքում, որը հայ ժողովրդի համար մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր։

Նախագահն ասել է․ «Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում: Այսօր, որպես Նախագահ, առաջին անգամ եմ այստեղ, սակայն այս այցը վերջինը չի լինելու, հաճախ եք ինձ տեսնելու և ձեզանից շատերը հաճախ Երևանում իմ հյուրն են լինելու: Նման տաճարում սկսում ես մտածել մեր հոգևոր ուժի, հայոց ոգու անմահության մասին: Դարերով մենք ապրել ենք մեր հայրենիքից հեռու, չունենալով մեր պետականությունը, երազել ենք դրա մասին: Սակայն դարերով պահպանել ենք մեր մշակույթը, հայ կրոնը, հայ երեխայի կրթությունը: Պահպանել ենք այսօրվա համար: Աստված մեզ ուղղորդել է դեպի ազատ ու անկախ հայրենիք։ Եվ այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, դարերից եկած ու դարերի ընթացքում մեր մեջ հավաքված ոգու ու մշակույթի պոռթկումն է»:

Հանրապետության Նախագահը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին եւ նշել, որ դրանք քաղաքական ու տնտեսական հեռանկարային հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար։ Դիմելով հայկական եկեղեցում հավաքվածներին` նա ասել է․ «Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ ես ասում եմ՝ հեղափոխություն հայկական ձևով, առանց մի կաթիլ արյան։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»:

Արմեն Սարգսյանի խոսքով` մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք: Համաշխարհային՝ մեր ոգով, մեր մշակույթով ու այն ազդեցությամբ, որ թողնում ենք աշխարհում: Վիրահայերը, դարերով ապրելով Վրաստանում, մեծապես նպաստել են հայկական մշակույթի զարգացմանը: Նրա խոսքով`«Թբիլիսիում ծնվել ու ապրել է մեր մշակույթի ահռելի մի շերտ, հայտնի անուններ: Այն մեծ ներդրումը, որ նրանք ունեցել են մեր մշակույթի ու կրթության ոլորտում, մեր բոլորի պարծանքն է»։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
3. PicsArt հավելվածի հնարավորությունները ներկայացվել են նախագահ Սարգսյանին
4. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
5. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
10. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: