ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Էրդողանը ստիպված կլինի հրաժարական տալ, եթե պարզվի, որ նրա դիպլոմը կեղծ է

23 հունիսի, 2016 | 05:45

erdoghan

Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի:

Որոշ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի, ինչը կարող է նրան զրկել նախագահի պաշտոնից, քանի որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ նախագահի թեկնածուները «ավարտած լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունը»:

Լրագրող Չենգիզ Չանդարը, Al-Monitor.com կայքում հունիսի 15-ին տեղադրված՝ «Արդյոք Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծվա՞ծ է» խորագիրը կրող հոդվածում լուրջ կասկածներ է առաջ քաշում Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ:

Ինչպես բացատրում է Չանդարը. «Էրդողանը հաճախել է իմամ հաթիփ դպրոց՝ միջնակարգ դպրոցի մակարդակի մի հաստատություն, որը կրթում է կրոնական քարոզիչների: 1970-80-ական թվականների շրջանավարտները կարող էին շարունակել իրենց բարձրագույն կրթությունը միայն աստվածաբանության բնագավառում»: Այդուհանդերձ, երբ  2014 թ. օգոստոսին Էրդողանը թեկնածու էր նախագահի պաշտոնի համար, նա Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել է իր դիպլոմի լուսապատճենը՝ պնդելով, որ նա բակալավրի աստիճան է ստացել 1981 թվականին Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետից:

Խնդիրն այն է, որ Մարմարայի համալսարանը հիմնադրվել է միայն 1982 թվականին, ուստի անհնարին էր, որ Էրդողանը համալսարանն ավարտեր դրա հիմնադրումից մեկ տարի առաջ: Քանի որ տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է միայն 1983 թվականին,  ապա Էրդողանը չէր կարող այն ավարտել 1981-ին, ինչպես նա պնդում է: Ցավոք, այս կասկածելի մեղադրանքներից  ոչ մեկը Թուրքիայում չի կարող մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության կողմից՝ Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթի պատճառով, որը սովորաբար փակում է թերթերը և հետապնդում բոլոր ընդդիմախոսներին:

Նախագահի օգնականները անդրդվելի են. նրանք Էրդողանի դեմ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ դրանք տարածում են ընդդիմադիր կուսակցությունները: Առաջին բողոքը ստացվեց նախկին դատավոր Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի կողմից, որն իր կասկածները ներկայացրեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ Էրդողանի բարձրագույն կրթություն չունենալու մասին նրա դիպլոմի լուսապատճենում առկա անճշտությունների պատճառով: Ընտրական խորհուրդը միանգամից մերժեց դատավորի դիմումը:

Երկրորդ մարտահրավերը նետեց թուրք ծայրահեղ ազգայնական Գյոքչէ Ֆիրաթը, որը մանրամասն փաստարկներ  ներկայացրեց՝ պաշտպանելով այն պնդումը, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Ֆիրաթը պահանջեց նայել Էրդողանի դիպլոմի բնօրինակը, այլ ոչ թե պատճենը, որ նա ներկայացրել էր Բարձրագույն ընտրական խորհրդին: Թուրք ազգայնականը մեղադրեց Մարմարայի համալսարանի ռեկտորին և դեկանին՝ Էրդողանի դիպլոմը կեղծելու հանցագործությանը սատարելու համար: Նա պնդեց, որ Մարմարայի համալսարանի ռեկտորի և դեկանի ստորագրությունները չեն համապատասխանում նույն համալսարանից իր ստացած դիպլոմում առկա ստորագրություններին: Նա նաև կասկածի տակ առավ Էրդողանի դիպլոմում հայտնաբերված հաջորդական համարի վավերականությունը: Վերջապես, Ֆիրաթը պնդեց, որ Թուրքիայի նախագահի դիպլոմի տեսքը տարբերվում է մյուս շրջանավարտների ստացածներից:

Այս ամսվա սկզբին, քրդամետ ԺԴԿ կուսակցությունը պաշտոնական խորհրդարանական հարցում ներկայացրեց կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պահանջելով «հստակեցնել Էրդողանի համալսարանական դիպլոմի շուրջ ստեղծված առեղծվածը»: Ի պատասխան Բարձրագույն ընտրական խորհուրդ ուղարկված համանման մի հարցման՝ ԺԴԿ-ն ստացավ Թուրքիայի նախագահի նոտարական կարգով հաստատված դիպլոմի պատճենը: Սակայն, ԺԴԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է վիճարկել այդ դիպլոմի վավերականությունը:

Չենգիզ Չանդարն իր հոդվածում լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Էրդողանի որպես Թուրքիայի նախագահի լեգիտիմության մասին, եթե հաստատվի, որ նրա դիպլոմը կեղծված է. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետևեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից, այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»:

Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը: Պետք է նաև Էրդողանին հոգեբանական հետազոտության ենթարկել՝ նրա մշտապես անհավասարակշիռ հոգեվիճակը գնահատելու համար…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
2. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
3. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
4. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
5. Միկոյանի արած զարմանալի դիտողությունը Նիքսոնին 1959 թվականին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին
6. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
7. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
8. Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
9. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
10. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: