ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ

04 մայիսի, 2016 | 19:42

IMG_9991

ՊՐԱՀԱ. – Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երեկ և այսօր հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները։  Խորհրդակցությունների ու բանակցությունների համար  ժամանել էին նաև Եվրամիության Արևելյան գործընկերության վեց պետությունների` ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարները, ինչպես նաեւ   Եվրամիության Եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները։

Այսօր  Չեխիայի արտգործնախարարության Չերնինի պալատում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին վերը նշված պաշտոնյաները։

Անշուշտ եվրոպացի պաշտոնյաների և լրագրողների ուշադրության կենտրոնում Եվրամիության անդամ պետությունների կողմից ընդունելիք փախստականների ֆիքսված քվոտաներն ու Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնության` առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցերն էին։

Բնականաբար «Օրեր» ամսագրի  ուշադրության միակ խնդիրը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու ղարաբաղյան շրջանում աճող լարվածությունն էր։

Աննա Կարապետյան. (Orer.eu խմբագիր) . – Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված եվրոպական «Օրեր» ամսագիրը: Եվ իմ հարցն ուղղում եմ  Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է, ուստի ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի ուղիղ։ Ադրբեջանի զինված ուժերի մի զինվոր մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել ֆոտո և տեսախցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանին, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տալիս այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին` և´ զինվորի, և´ նախագահի, հետևաբար` հենց երկրի: Շնորհակալություն:

Էլմար Մամեդյարով.- (Ադրբեջանի արտգործնախարար). – Այս հարցին հավանաբար ես պիտի պատասխանեմ։

Աննա Կարապետյան. (Orer.eu խմբագիր) . Ոչ պարոն, Մամեդյարով, ես գիտեմ, թե Դուք ինչ եք պատասխանելու։ Ես ցանկանում եմ լսել Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին։

Էլմար Մամեդյարով. – Ես էլ Ադրբեջանի արտգործնախարարն եմ։ Եթե հարց եք  տալիս, ինչպե՞ս չեք կամենում պատասխան լսել…

Ադրբեջանի արտգործնախարարին բնականաբար դուր չեկավ հարցի մեր ձևակերպումը, ու նա, բնականաբար, երկար սկսեց կրկնել ՄԱԿի 4 բանաձևերի, Ադրբեջանի գրավյալ տարածքների ու մեզ ու միջազգային հանրությանն արդեն վաղուց հայտնի բոլոր նման դրույթները։  Ի մասնավորի նա նաև ասաց.

V4 Prague 2016 Mamedjarov NalbandyanԷլմար Մամեդյարով. … ՄԱԿն իր  բանաձևերում պահանջում է, ոչ թե կոչ է անում, այլ պահանջում է, որպեսզի հայկական ուժերն անմիջապես ու լիովին դուրս բերվեն Ադրբեջանի հանրապետության բռնազավթված հատվածներից։ Խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, խնդիրն ավելացված 7 տարածքներներն են, որտեղ երբևէ հայ չի բնակվել… Հիմնական  խնդիրն այն է, որ բանը բանից անցել է… Ժամանակը ճիշտ է, մենք պետք է ճեղքում ունենանք։ Հայկական կողմն ի վերջո ընդունում է, որ այսօրվա ստատուս քվոն չի կարող ունենալ այլևս։ … Հայկական զորքերը պետք է վերադարձվեն զորամասեր…

Էդվարդ Նալբանդյան.  (ՀՀ արտգործնախարար). –  (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին:

Իմիջիայլոց, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը:

Nalbandyan Prague V4 2016Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն:

Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում:

Լյուբոմիր Զաորալեկ. (Չեխիայի արտգործնախարար).- Մենք անշուշտ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք բոլոր վիճահարույց խնդիրներին, Արևելյան գործընկերության տարածքի բոլոր հակամարտություններին` ՈՒկրաինայի Դոնբասի շրջանին, Մերձդնեստրին, սառեցված  հակամարտություններին և բնականաբար Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին։ Կարող եմ այստեղ հստակ ու միանշանակ նշել Վիշեհրադի անդամ պետությունների դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները, նաև Լեռնային Ղարաբաղի հակամատրությունը, չեն կարող կարգավորվել սպառազինությունների միջոցով, այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի վրա։   Դրա համար ձևավորված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հարկավոր է ուղիներ որոնել լարվածությունը թուլացնելու համար։ Մեր այս հանդիպումների նման հանդիպումները կարևոր են, քանի որ հարթակ են ստեղծում երկխոսության ու բանակցությունների համար։ Պետք է ասեմ, որ երկու կողմն էլ ըմբռնումով են մոտենում Վ4-ի այս մոտեցումներին, սրանում են տեսնում ապագայի հիմքերը։

***

Վերջում նշենք, որ  Չեխիան այժմ Վիշեհրադյան քառյակի նախագահող պետությունն է ու հիշեցնենք, որ հենց Եվրամիության Պրահայի 2009 թվականի գագաթնաժողովի ժամանակ սկիզբ դրվեց ԵՄ Արևելյան գործընկերությանը։  Այսօր այս գործընկերության  համատեղ հրապարակված հայտարարությունում ևս նշվում է,  որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Եվս մեկ կարևոր կետ` Վ4ի նախարարները շեշտել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունները Եվրամիության հետ պետք է ձևավորվեն առանձնակի,  յուրաքանչուր պետությանը համար իր տարբերակով։

 

Աննա Կարապետյան

Orer.eu

«Օրեր»-ի հարցը և Հայաստանի արտգործնախարարի պատասխանը։

 

 


Առնչվող նյութեր
1. Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
2. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
3. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
4. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
5. 20.7 միլիոն տոլար Հայաստանին. ԱՄՆ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Արցախի Եւ Հայաստանի Ի Նպաստ Որոշումներ
6. Օպերան՝ անտառում. Դվորժակի ,,Յակոբին,,ը Պրահայի Դիվոկա Շարկայում
7. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
8. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
9. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտգործնախարարության փաստաթուղթը
10. «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը Շուշիում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: