ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը

30 մարտի, 2016 | 08:19

musa ler bookՄարտի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը:

Գիրքը վերահրատարակվել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանի հովանավորությամբ՝ 100 օրինակով, որոնց վրա դրոշմված է ապակե 100 հայկական մանրանկար:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն եմ հայտնում վերահրատարակության նախաձեռնող Ալեքս Ավանեսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում հայ մշակույթը հունգար ժողովրդին և կառավարությանը ներկայացնելու գործում: Ֆրանց Վերֆելի վեպի այս շքեղ հրատարակությունը դրա վառ ապացույցն է: Իհարկե, մենք գիտենք, որ հայ-հունգարական միջպետական հարաբերությունները սառեցվեցին կացնով մարդ սպանող ադրբեջանցու արտահանձնման ու հերոսացման գործընթացներից հետո, սակայն համոզված ենք, որ այդ հարաբերությունները չեն վերաբերում հայ և հունգար ժողովուրդներին: Մենք ամեն բան պետք է անենք հունգար ժողովրդին Հայոց ցեղասպանության հարցը ճշգրիտ լույսի ներքո ներկայացնելու և բարեկամությունը շարունակելու ուղղությամբ: Պարոն Ավանեսյանի այս հրաշալի նախաձեռնությունը գալիս է օգնելու հենց այդ գործին»:

musa ler 40 prez ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Հունգարիայում վեպն առաջին անգամ թարգմանվել և հրատարակվել է 1945թ., այնուհետև բազմիցս վերահրատարակվել: Յուրաքանչյուր վերահրատարակություն փաստում է այն մասին, որ վեպն ապրում է՝ ապրեցնելով իր հեղինակին՝ Ֆրանց Վերֆելին: «Վեպի առաջին հրատակությունը 1933-ին էր, և ընդամենը մեկ տարի անց այն արժանացավ «Տարվա լավագույն վեպ» միջազգային միցանակին: Լույս տեսնելով մոտ մեկ միլիոն օրինակով՝ այն կարծես յուրօրինակ հարգանքի տուրք դարձավ  մեր մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, – նշեց Վիրաբյանը՝ հավելելով, – Հայոց ցեղասպանության մասին պատմող ոչ մի գիրք կամ ֆիլմ այնպես չի ընդունվել միջազգային հանրության կողմից, որքան Վերֆելի վեպը»:

Ելույթ ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ հատկապես Վերֆելի այս վեպով միջազգայնացվեց Հայոց ցեղասպանության հարցը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ գրքի վերահրատարակության շնորհանդեսը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ա.Սաֆարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Վերֆելը ազգությամբ հրեա էր, ինչի մասին հաճախ խուսափում են նշել: «Այսօր մեր գրականագետները պետք է լրացնեն Խորհրդային տարիների բացը: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական ողջ կազմի անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Ավանեսյան՝ Վերֆելի վեպի վերահրատարակության գործը պատվով կազմակերպելու համար», – ասաց Սաֆարյանը:

Գնահատանքի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության  բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը, ինստիտուտի գիտաշխատող Հովհաննես Ալեքսանյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության անդամ, մուսալեռցու  ժառանգ Գաբրիել Փանոսյանը:

aleks avanisian 2Այնուհետև ներկաներին դիմեց Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանը: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ պարոն Ավանեսյանը, Հունգարիայի հայկական համայնքի կողմից 2015թ. իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող ֆիլմին զուգահեռ, խոսեց նաև անելիքների և ներկայացված գրքի վերահրատարակության մասին: Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին փոքրիկ տեսաֆիլմ:

Անդրադառնալով գրքին՝ Ավանեսյանը կարևորեց կազմի մանրանկարիչ՝ Բուդապեշտի Հայ արվեստի կենտրոնի մանրանկարչության ուսուցչուհի Երմոնե Զապել Մարթայանի և նրա աշակերտների կատարած հիասքանչ աշխատանքը, ինչի շնորհիվ վեպն առանձնակի շքեղությամբ շուտով կհայտնվի Հունգարիայի պետական այրերի, հունգարահայ համայնքին սատար կանգնող հունգարացիների, համայնքապետերի սեղանին, պետական հաստատություններում և թանգարաններում:

Ա.Ավանեսյանը նշեց նաև, որ միայն Վերֆելի վեպի վերահրատարակմամբ չեն բավարարվելու: «Մենք գիտենք, որ այսօրվա երիտասարդները դժվարությամբ են հաստափոր գրքեր ընթերցում, ուստի նախաձեռնել ենք նաև վեպի սյուժեով երաժշտական ֆիլմի նկարահանում: Նախնական աշխատանքներն ավարտել ենք և նախատեսել սեպտեմբերի 21-ին ֆիլմը ցուցադրել Բուդապեշտում՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ», – նշեց Ավանեսյանը:

Շնորհանդեսի ավարտին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր հանձնեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության նախաձեռնողներ Ալեքս Ավանեսյանին, Սևան Սարկիսյանին, Նիկողոս Հակոբյանին և Սոսի Սուսանիին:

aleks avanisian


Առնչվող նյութեր
1. Մայիսի 6, Պրահա. հանդիպում իսպանաբնակ գրող եւ լրագրող Արարատ Ղուկասյանի հետ
2. Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
4. Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում
5. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
6. Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը Երեւանում
7. Ֆրանսահայ գրող Հակոբ Պալյանի գրքերի շնորհանդեսը
8. ՚՚Հաղբատ՚՚ գրքի շնորհանդեսը Երեւանում
9. Հայերի ջարդերի մասին՝ այժմ նաեւ չեխերենով ադրբեջանցի հայտնի գրողի գրքում
10. Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: