ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում

17 հուլիսի, 2018 | 17:47

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում տեղի ունեցավ «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով հանդիպում-քննարկումը, որին այս շաբաթ նախաձեռնության անդամներից բացի մասնակցում էին մշակույթի գործիչներ և արվեստասերներ: Մշակույթի գործիչները տարբեր հարցեր բարձրացրին, որոնցից էր մշակույթային գործերի գնահատման խնդիրը:

«Մենք ունենք մի տիեզերք, որ մշակույթն է, և ես չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր չափորոշիչներ դնել, որ պարզ լինի, թե ինչպես են մարդիկ այստեղ իրար հետ մրցելու, մրցակցելու: Ի վերջո, արվեստը չի կարող վանդակված լինել, և շատ հաճախ ստեղծագործողները դուրս են մղվում որևէ միության, կազմակերպության, կուսակցության շարքերից միայն այն բանի համար, որ իրենք ազատ ստեղծագործեն: Եվ հիմա հարցն այն է, թե արդյո՞ք մեր մշակույթի նկատմամբ պետության վերցրած ուղղությունը նախատեսում է այդ տիեզերքը տեղ հասցնել: Նաև խնդիրն այն է, թե պետությունն ինչպես պիտի կողմնորոշվի՝ ինչ է առաջարկում, ինչ պիտի ժողովուրդը լսի, ինչ պիտի դիտի»,- իր ելույթում նշեց հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը:

Ստեղծագործության գնահատումը, արվեստագետի վարձատրումը և նախագծերին աջակցումը, երգիչ, երգահան Վահան Արծրունու խոսքով, այսօր սուբյեկտիվ է. քանի որ մշակույթի օրենք չունենք, նախարարությունը որոշումներ է կայացնում բացառապես իր նախընտրություններով ու հայեցողությամբ:

Արմինե Հայրապետյանը համաձայն էր, որ ոլորտը չափորոշիչների կարիք ունի, սակայն, ըստ նրա, զգուշորեն է պետք ընտրել դրանք: «Մենք մի կողմից ունենք մշակույթը՝ շատ փխրուն սուբստանց, որին կեղտոտ ձեռքերով, նախանձոտ մտքերով մոտենալ չի կարելի, մյուս կողմից ունենք կարգավորման խնդիր: Ի վերջո, ստեղծագործությունդ ներկայացնելը նման է այն պահին, երբ դու երեխայիդ առաջին անգամ հասարակության մեջ ես տանում. տանում ես վախով՝ ինչպես կվերաբերվեն, արդյոք չեն փշրի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ ակումբային հանդիպումներին նախապատվություն տալիս: «Ես՝ որպես ստեղծագործող, ինձ ապահով չեմ զգում: Ես այսօր շատ խիստ կասկածում եմ՝ արժե արդյոք կիսվել իմ ստեղծագործություններով, թե առավել ճիշտ է դրանք ներկայացնել ավելի մտերմիկ պայմաններում»,- նշեց նա:

Բանաստեղծ Դավիթ Մշեցու կարծիքով՝ գրականության ոլորտը հնարավոր չէ համակարգել. «Թատրոնի, երաժշտության ոլորտում գոնե միջին մակարդակի մասնագետներ պիտի ունենանք, որ ասեն՝ էս մեկը լավն է, մյուսները՝ չէ: Բայց գրականության ոլորտը ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է վերահսկվի: Հիմա մի յոթ հազար հոգի բանաստեղծ են: Ենթադրենք՝ մեր մշակույթի նախարարը Գյոթեն է. ես էլ Հյուգոն եմ ու գրել եմ «Փարիզի Աստվածամոր տաճարը», ու Գյոթեն ասում է՝ չէ, ախպերս, հաջող չի: Ե՞վ: Կամ մշակույթի նախարարը Թումանյանն է, մի նկարիչ՝ Սարյանը, բերում է իր գործերը: Նա ասում է. «Չէ, դու լավ մարդ ես, մեր ընկերն ես, բայց մի նկարի»: Ի՞նչ անենք. չունենա՞նք Սարյան»:

«Օրենք է պետք, և այն հենց որ սկսի գործել, պիտի այլևս կախված չլինի ոչ նախարարներից, ոչ վարչություններից, ոչ վարչության պետերի ճաշակից, և ոչ էլ մշակույթի նախարարության լինել-չլինելուց»,- նկատեց բանաստեղծ Գոռ Հարությունյանը:

Եթե հեղինակային երգի, նոր ստեղծագործությունների պարագայում լավ ու վատը զատելու չափորոշիչների խնդիրը հավերժական մշակութային հարց է, ապա դասական և ազգային արժեքների պահպանության և փոխանցման որակի վերահսկման բացակայությունը, ըստ «Արաքս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարգսյանի, կարող է երկիր կործանել:

«Ովքե՞ր են վերահսկում այն մանկավարժներին, որ չունեն գիտելիք, ապականում են երեխայի հոգին, և մենք չենք կարողանում այս ամենը կառավարել: Թող կազմվի նախարարությունում գեղարվեստական խորհուրդ՝ մասնագետների հիմունքներով, որպեսզի կարողանա Հայաստանի հանրապետությունն ուղղակի փրկի: Պարարվեստը ևս լեզու է, կամուրջ ոսկյա. մենք դիվանագետներ ենք համարվում: Պարարվեստով կարողանում ենք խոսք ասել, կարողանում ենք սնել, դաստիարակել: Հարգելի պետություն, բարձրաձայնում եմ, պետք է միջամտել: Երեխային չի կարելի ապականել: Երեխան մեր վաղվա հիմքն է, կնիքը, պետականությունը: Պետք է նա մեծանա նաև հայրենասեր»,- նշեց նա:

Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է նախևառաջ օրենք ընդունել մշակույթի մասին՝ կարգավորելով արվեստագետ-պետություն-հանրություն հարաբերութ­յուն­ները: Հաջորդիվ, ինչպես նշեց Արմինե Հայրապետյանը, պետք է վերջապես հաշվի առնել, որ ունենք մշակութաբաններ և մշակութաբանության ֆակուլտետի ուսանողներ, որոնց ներուժը չի օգտագործվում:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը ներգրավում է մարդկանց, ովքեր  ակտիվ են, գիտակից ու պատասխանատու: Սա հարթակ է մարդկանց համար, ովքեր ունեն ասելիք և կամք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական ու քաղաքացիական ներուժը ներդնել բարեփոխումների գործընթացում: Նախաձեռնությունը բաց է ամենատարբեր տեսակետներն ու մոտեցումները ունեցող հետաքրքիր մարդկանց համար:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
2. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
3. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
4. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
5. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
6. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը
7. Սերժ Թանկյանը ֆիլմի եւ երաժշտական փառատոնի ծրագրեր է ներկայացրել մշակույթի նախարարին
8. Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ
9. Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը
10. Բրյուսելում ստորագրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագիրը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: