ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մյունխենում Սերժ Սարգսյանը ասել է. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է

18 փետրվարի, 2018 | 16:52

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: 

Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Մյունխենի անվտանգության համաժողովում

Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իշինգերին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ողջունում եմ այս քննարկման բոլոր մասնակիցներին: Նման միջոցառումները նպաստում են բաց ու անկաշկանդ մթնոլորտում տեսակետներ և մոտեցումներ փոխանակելուն:

Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։

Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով։
Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը և համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում:

Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ:

Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև:

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին:

Այստեղ կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հանգամանք: Մեր հասարակության մեջ ձևավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:

Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։

Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։
Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։
Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:

Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ֆրանսիայի նշանավոր զավակներից և պետական գործիչներից մեկը՝ Շառլ դը Գոլն առաջ էր քաշել Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալի լեռնապար միասնական Եվրոպայի տեսլականը: Կարծում եմ՝ դա ամենաճիշտ պատասխանն է այսօրվա քննարկման խորագրում դրված հարցին:

Վստահ եմ, որ փոխշահավետ և ներառական համագործակցության պտուղները լավագույնս կծառայեն Եվրոպայի ժողովուրդների մերձեցմանն ու բարեկեցությանը: Հայաստանն այս դիրքորոշումն է որդեգրել և պատրաստ է այսուհետ ևս իր նպաստը բերել այդ նպատակի իրագործմանը:
Շնորհակալություն:

Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմեր
-Պարոն Նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել: Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը:

– Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց և անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ` հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում: Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները` մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, և մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար: Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «և՛,և՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ՛, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր: Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագրի ստորագրելուց, և փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, և այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ ևս ընդգծենք՝ մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, և ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին:

Սադի Ջաֆարով, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար
– Պարո՛ն Նախագահ, ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, և նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից: Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանայաին ծրագրերից:
Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիաժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն:

-Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի:

Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար:

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմեր
Պարո՛ն Վարչապետ, պարո՛ն Նախագահ, նույն հարցը երկուսիդ եմ հղում: Հարցը հետևյալն է՝ 2018 թվականն է, մենք գիտենք՝ որո՞նք են մարտահրավերները: Եթե մենք վերադառնալու լինեինք այստեղ մեկ կամ երկու տարուց ու հանկարծ պարզեինք, որ բանախոսների այս նույն կազմը շատ ավելի դրական է գնահատում Ռուսաստանի և Եվրոպայի ու վերջիններիս արանքում գտնվող երկրների միջև հարաբերությունները, ուրեմն ի՞նչ պետք է կամ կարող է տեղի ունենալ, որը մեզ թույլ կտար, որպեսզի ավելի լավ արդյունք ստանայինք այս կազմի քննարկումից:

-Ես կարծում եմ` ավելի շուտ համոզված եմ, որ, իհարկե, այսպիսի քննարկումներ լինելու են մեկ տարի, երկու տարի հետո էլ, բայց եթե ես լինեմ այդպիսի քննարկման մասնակից, կհամոզվեմ և բարձրաձայն կասեմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերությունները շատ կառուցողական են դարձել, եթե այդ պարագայում նրանք լուծեին, օգնեին մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սա կլիներ շատ կարևոր հանգամանք: Ինչպես ասացի` սա երևի այն եզակի եզրերից մեկն է, որով զբաղվում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը՝ ունենալով համանման ուղղություն: Սա կլիներ, իրոք, ապացույց` ապացույց ոչ միայն հայերի համար, ադրբեջանցիների համար, այլ ամբողջ աշխարհի:

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմեր
– Ընդ որում` ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց: Եվ ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություններ ունե՞ք:

– Այո, գիտեմ, որ մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ և այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ:


Առնչվող նյութեր
1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
2. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
3. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
4. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
5. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
6. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
7. Ապագա նախագահը պետք է անկողմնակալ լինի. Սերժ Սարգսյան
8. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում
9. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
10. Հայաստանի նախագահը առաջարկել է քննարկել «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
3.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
4.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
6.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
7.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
8.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
9.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
10.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: