ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մի ուրվական է շրջում Եվրոպայում, հայկական ռաբիսի ուրվականը

28 սեպտեմբերի, 2016 | 20:25

rabisՄինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիվ քննարկում են անցկացնում, թե ինչպես արգելեն ռաբիս երաժշտության քարոզչությունը հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում, նույն պահին Եվրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադեպ համերգների մասին, որոնք պետք է ,,բարձրացնեն՚՚ եվրոպահայերի ճաշակը։

Գովազդային հոլովակը կոչ է անում  Եվրոպայի լավագույն 8 քաղաքների հայերին դիմավորել Արտաշ Ասատրյանին։ Բարսելոնա, Փարիզ, Պրահա, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Վարշավա եւ Վիեննա։ Այսինքն դասական երաժշտական ավանդույթներ ունեցող քաղաքներում փորձում են տարածել հայկական ռաբիս։

Մնացյալ 7 քաղաքների մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն Պրահան միշտ աչքի է ընկել ավելի դասական եւ ժողովրդական, նաեւ էստրադային ժանրի կատարողների համերգների կազմակերպմամբ։ Չեխահայությունը միշտ չի ընդունել ռաբիս երգիչներից ստացվող հայտերը, հատկապես՝ իրենց կողմից ներկայացվող գումարային  եւ այլ պահանջները։

Այժմ փորձ է արվում երիտասարդ սերնդի մեջ, որին սովորեցնում ենք կոմիտասյան երաժշտություն, ժողովրդական երգ ու պար, իբրեւ հայկական երգի կատարելության բարձրակետ ընդունել ռաբիսը։

Սա աննախադեպ արշավ է մեր ինքնության եւ մեր արժեքային համակարգի պահպանության դեմ։ Փող աշխատելու մոլուցքը կուրացրել է բոլորին։ Բավական չէ, որ ամերիկյան Լոս Անջելեսի ու Ռուսաստանի ծովափնյա քաղաքներում  հայկական ռաբիսը դարձել է գերիշխող ուղղություն, այժմ թիրախավորել են նաեւ Եվրոպան եւ հանրային եթերը։

Ինչպես իրավացիորեն գրել էր իր էջում մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը. ՚՚Ոտքի՛ հայ ժողովուրդ! Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել՚՚:

Ո՞վ է ասում, որ ժողովրդական երգեր կատարողներին կամ ազգագրական խմբերին լսող չի լինի։ Պետք է նոր սերնդի մեջ ճաշակ ձեւավորել, ոչ թե այն փչացնել կլկլոցներով ու անհայտ ծագմամբ երաժշտական ելեւէջներով։ Այս իմաստով Հայաստան պետությունը պետք է նախաձեռնի հայկական ազգագրական խմբերի հյուրախաղեր  հատկապես այն համայնքներում, որտեղ տարիներ շարունակ իրականացվել են նման ռաբիսության արշավներ։

Նրանք ովքեր սիրում են ռաբիս երաժշտություն, թող նման երգիչներին հրավիրեն իրենց ընտանեկան խնջույքներին եւ լսեն, պարեն, ուրախանան, բայց այն զանգվածային  պսիխոզի չվերածեն։

Երբ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության պատասխանատուներին ասում էի, որ սփյուռքի համար մի նորմալ մանկական ծրագիր չկա, որ մեր երեխաները հայերեն սովորեն, հայկական հաղորդում դիտեն, ամեն քաղաքում ու գյուղում հայկական դպրոց չկա, պատճառաբանում էին, թե դա թանկ հաճույք է։ Ամեն ինչի համար գումար կա, բացի ապագա սերնդի վրա գումար ծախսելուց։ Իսկ միգուցե ճիշտ կլիներ փակել  ՚՚Ամենակարող երգիչը,, հաղորդումը եւ փոխարենը բացել մանկական հաղորդում։ Իհարկե, կասեն արդեն մանկական հաղորդումներ կան, բայց ավելի լավ է մի նորմալ մանկական հաղորդում լինի, քան՝ տասը այլ ցածրաճաշակ։

Լսելով ու կարդալով այս օրերին հնչած կամ տպագրված տարբեր կողմերի կարծիքներն ու ելույթները, միայն մեկ բան կարող եմ արձանագրել։ Նախ ով է ասել, որ մեր ամենակարող երգիչները, դրանք ռաբիս երգի կամ ռեստորանների կատարողներն են։ Այն գաղափարը, որ այսօր հեռուստաընկերության ղեկավարությունը փորձում է ներկայացնել , թե այդ հաղորդման ընթացքում պետք է ամենատարբեր ժանրերի երգեր կատարվեն, շատ հանգիստ կարող են կատարել իրական ձայն ունեցող եւ ամենեւին ոչ  ռաբիս երգիչները։

Ինչ վերաբերում է հասարակության զարկերակին, ապա եթե Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունն այսքան տարի աշխատելով, չի հասկացել, թե ո՞րն է մեր հասարակության զարկերակը, եւ միայն նոր պետք է պարզի, ապա ինձ թվում է նա ոչինչ չունի անելու այդ կառույցում։ Քանի ուշ չէ, պետք է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից։

Հանրային կառույցը փորձարկումների դաշտ չէ եւ ոչ էլ մասնավոր քմահաճույքները բավարարելու տեղ։ Այն նախեւառաջ մեծ պատասխանատվություն է քո ժողովրդի, նրա մշակութային արժեքների պահպանման եւ ապագայի նկատմամբ։ Ցավոք, այս ամենի գիտակցումը բացակայում է։

Մեր ժողովուրդն այս պահին միգուցե ավելի կարեւոր մարտահրավերներ ունի։ Սակայն երբ զգում ենք, որ  փորձում են մեր արմատներից մեզ կտրել, մի ողջ  ժողովրդի՝ Հայաստան եւ Սփյուռք գցել հակամշակութային կեղտի մեջ, սա նույնպես դառնում է մարտահրավեր, ինչպիսին ունի  պատերազմի դաշտում թշնամու դեմ կռիվ տվող հայրենասեր զինվորը։

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր

Պրահա


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
5. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
6. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
7. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
8. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: