ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»

Անաստաս Միկոյանի թոռան, հուշարձանի հիմնական նախաձեռնողի՝ Սերգո Միկոյանի որդի Վլադիմիր Միկոյանի հարցազրույցը ՕՐԵՐ-ին
02 հունիսի, 2014 | 11:31

Անաստաս Միկոյան

ՊՐԱՀԱ. – Այս հարցազրույցը երկարեց մեկ շաբաթ։  Նույնիսկ հարցազրույցը վերածվեց վիճաբանության, մեղադրանք ներկայացվեց, որ հարցազրույցի վերջնական տարբերակից դիտավորյալ դուրս են թողնվել  Անաստաս Միկոյանի պատմական դերը գնահատող հատվածները,  մասնավորաբար՝ ապաստալինացման մասին,   որպեսզի «սևացվի» Միկոյանի անունը։ Իսկ մեր նպատակը ոչ թե որևէ մեկին սևացնելը կամ հակառակը հերոսացնելն է, այլ հենց նախաձեռնողների կարծիքը ներկայացնելը՝ Հայաստանում շրջանառվող մտահոգություններին ու  հարցերին պատասխան տալը։ Ուստի վերականգնելով մի քանի հատված ևս, հրապարակում ենք հարցազրույցի թարգանությունը։ Այն երկար է, սակայն դիրքորոշում է ներկայցնում։ 

                                                                                    Աննա Կարապետյան

 

ՕՐԵՐ. – Վլադիմիր Սերգեևիչ, սկսենք ամենագլխավորից։ Ո՞վ է Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու նախաձեռնողը։

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻԿՈՅԱՆ . – Եթե սկսենք ամենագլխավորից, ապա իր հայրենիքում Անաստաս Միկոյանի հիշատակը արժանավայել հավերժացնելու նախաձեռնությամբ տարիներ շարունակ հանդես են եկել հայ հասարակական տարբեր շրջաններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Մոսկվայում։ Վերջիվերջո, այդ ջանքերն իրենց պտուղը տվեցին՝ հայտնվեց Միկոյանի անվան փողոցը։ Հիմա խոսքն արդեն հուշարձանի մասին է։ Բնականաբար մեր մեծ գերդաստանը՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում ողջունում  ու աջակցում են այս նախաձեռնությանը, ինչը մեզ թվում է տրամաբանական և տեղին։

ՕՐԵՐ. – Ավելի կոնկրետ խնդրեմ։  Հայաստանի և Մոսկվայի ո՞ր հասարակական հայ շրջանակների մասին է խոսքը։ Շրջանառվում է երեք ազգանուն՝ Վլադիմիր Միկոյան, այսինքն Դուք, Նիկիտա Սիմոնյան  և Արմեն Ջիգարխանյան։ Ճի՞շտ է։

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻԿՈՅԱՆ . – Այո, նաև հանգուցյալ ակադեմիկոս Լև Փիրուզյանը, Ռուսաստանի հայերի միությունից Գեորգի Տեր-Ղազարյանը, քանդակագործ Սողոյանը։ Շատ ստորագրություններ կան։ Այդ ստորագրությունները տարիների պատմություն ունեն։

ՕՐԵՐ. – Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ  ձեր նախաձեռնությունը պետք է այսպես ոչ միանշանակ ընդունվի Հայաստանի լայն հասարակության կողմից։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. – Հանրային վիճաբանությունները  ժողովրդավարական պետության համար բնականոն են։ Սակայն Միկոյանի հակառակորդների փաստարկումներից ակնհայտ է, որ Հայաստանում նոր սերունդը չափազանց քիչ բան գիտի նրա մասին, նրա ոչ պարզ կյանքի, նրա գործունեության, նրա հայացքների, ընդհանուր նրա անձի մասին։ Եվ ընդհանրապես, շատ թույլ գիտի խորհրդային շրջանի պատմությունը և ոչ խորությամբ, մակերեսորեն է դատում անցյալի մասին, առաջին հերթին՝ բարդ ու դրամատիկ անցյալի։ Ու սա ի հեճուկս այն հանգամանքի, որ դեռևս 1999 թվականին Մոսկվայում լույս է տեսել Անաստաս Միկոյանի հիշողությունների «Այսպես է եղել» ծավալուն գիրքը (չգիտես ինչու այն այդպես էլ չի թարգմանվել հայերեն), կամ 2010 թվականին Ռուսաստանում հրապարակվել է շատ մանրամասն ուսումնասիրություն «Անաստաս Միկոյան – քաղաքական դիմանկար խորհրդային ժամանակաշրջանի ֆոնին» (կրկին հայերեն հրատարակություն չկա)։

ՕՐԵՐ. – Այդ վերջին գիրքը Միխայիլ Պավլովին պատվիրել է Ձեր հայրը։ Դուք ասացիք, որ այդ գիրքը գրվել և հրատարակվել է Ձեր հոր անձնական գումարների հաշվին։  Գուցե հայկական տարբերակի հրատարակու՞մն էլ կազմակերպեիք։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. –  Ո՞վ, հայրս արդեն չկա։

ՕՐԵՐ. – Դուք։ Եթե կարծում եք, որ հուշարձանի դեմ արտահայտվողները տեղեկացված լինելու պակասից են այդ դիրքում հայտնվել։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. – Նախկինում Հայաստան այցելելիս ես երբեք ոչ մի անհարգալից բառ չեմ լսել Անաստաս Միկոյանի մասին, և դա համարել եմ լիովին արդարացված, չէ՞ որ նա արժանիորեն համարվել է ԽՍՀՄ խոշոր պետական գործիչներից մեկը,  արժանիորեն հարգված մարդկանցից մեկը՝ և՛ երկրում, և՛ արտասահմանում։  Նրա ողջ կյանքը բնորոշվել է կոնկրետ գործերով ի նպաստ այն մեծ տերության, որի մաս է եղել նաև Հայաստանը։ Նա, ինչպես Ֆրանսիայի նախագահ Շառլ Դե Գոլն է ասել «համաշխարհային մասշտաբի պատմական անձ էր», նկատի ունենալով նրա խելքն ու անձնական հատկանիշները, և ես էլ համարել ու համարում եմ, որ հայերի մեծամասնությունը կիսում է նրա կածիքը։ Մոսկվայում էլ ճիշտ նույն կարծիքի են, այլապես Մոսկվայի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ տառացիորեն Կրեմլից երկու քայլի վրա հուշատախտակ չէր ամրացնի։

ՕՐԵՐ. –  Իսկ ինչո՞ւ ոչ հուշարձան։ Չէ՞ որ Անաստաս Միկոյանի ողջ կարիերան կապված է Մոսկվայի հետ։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. –  Չգիտեմ, քաղաքապետարանին է հարկավոր հարցնել։

ՕՐԵՐ. –  Գուցե Դուք և Մոսկվայում ստորագրողները հանդե՞ս գաք նման նախաձեռնությամբ և հուշարձան կանգնեցնեք նախ և առաջ Մոսկվայում։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. –  Լավ գաղափար է։ Արժե, թերևս դրանով զբաղվել, բայց երևի կրկին ստորագրություններ է հարկավոր հավաքել։

 

«Աշխատել Ստալինի կողքին նախ և առաջ նշանակում էր գոյատևել, վերապրել »

 

ՕՐԵՐ. –  Դատելով Ձեր արձագանքից, Դուք չէիք սպասում, որ Հայաստանում, retusմեղմ ասած, ուրախությամբ չեն ընդունելու  Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքային իշխանությունների որոշումը։

Վլ.ՄԻԿՈՅԱՆ. – Հայաստանում հիմա ներկայացվող կարծիքների համաձայն Միկոյանի հիմնական բնութագիրը հետևյալն է՝ ռեպրեսիաների, բռնությունների գրեթե անբարոյական և անսանձ կազմակերպիչ, մի տեսակ անսիրտ ու ցինիկ ստահակ, որի համար մարդկային կյանքը ոչինչ չարժեր։ Նրան ակնհայտորեն, չգիտես ինչու փորձում են նույնականացնել Ստալինի հետ։ Ես ներողություն եմ խնդրում, որ պարզ ճշմարտություններ եմ ասում, սակայն Ստալինի շրջապատում աշխատել դեռևս չի նշանակում նրա կրկնօրինակը լինել։ Աշխատել Ստալինի կողքին նախ և առաջ նշանակում էր գոյատևել, վերապրել։ Դուք կարող եք հարցնել, այլ տարբերակներ չկայի՞ն։ Միկոյանը երկու անգամ խնդրել է Ստալինին իրեն ուղարկել շրջաններ աշխատանքի, սակայն քաղբյուրոյի որոշմամբ ամրագրված մերժում է ստացել։ Իսկ կուսակցական կարգապահությունը Միկոյանի համար սուրբ գործ էր։ Կարելի էր թոշակի անցնել, կամ «ստվեր»։  Օրինակ, կարելի էր դառնալ փականագործարանի  կամ կաթսայատան տնօրեն։ Կարելի էր, անշուշտ։

Սակայն նման հրաժարականից հետո, ինչը կդիտարկվեր իբրև պարզ մարտահրավեր, պետք կլիներ գնդակահարվել։ Կարող էր ավելի տխուր վերջաբան լինել. նախ հաշվեհարդար կտեսնեին Անաստաս Միկոյանի հետ, ապա նաև՝ ընտանիքի, բարեկամների և միկոյանական տնտեսական կադրերի- հազարավոր մարդկանց, ովքեր աշխատում էին նրա ղեկավարությամբ ողջ երկրի տարածքում։  Ի դեպ, նմանատիպ պատճառով Օրջոնիկիձեի ինքնասպանությունը չկանգնեցրեց  ռեպրեսիաների ալիքը ծանր արդյունաբերության ոլորտում, որ նա համակարգում էր։

Հիշեցնեմ, մարշալ Տուխաչևսկու կնոջն ու զառամյալ մորը գնդակահարեցին նրանից կարճ ժամանակ անց։ Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովի՝շրջափակված Լենինգրադի խիզախ պաշտպանության ղեկավարի կնոջ « բախտը բերեց», նրան չգնդակահարեցին, այլ 10 տարով բանտարկեցին ցարական հանրահայտ քաղաքական բանտում՝ Վլադիմիրսկի ցենտրալում,  ըստ որում կրկին ամուսնու գնդակահարությունից հետո։ Նման օրինակները տասնյակ հազարավոր էին։ Ստալինը նման հարցերում մեծ նորամուծություններ չէր անում, նրա մոտ երկու տարբերակ կար բռնության. պատիժ՝ այնինքն գնդակահարություն, և ներում՝  բանտարկություն կամ ճամբար, ոչ պակաս, քան 10 տարով։

with_dad_artem_gai_aschen_1940

Միկոյանը հրաշալիորեն հասկանում էր նման հետևանքները, օրինակներն օրեցօր ավելի ակնհայտ էին դառնում հատկապես 1937-1938 թվականներին։ Ստալինի մահից առաջ, երբ 1952 թվականի աշնանը Միկոյանի վրա վերջինիս ոչնչացման անթաքույց վտանգ էր կախվել, նա հաստատապես որոշել էր ինքն իրեն գնդակահարել, երբ գան իր հետևից, ուստի կաբինետի սեղանի դարակում միշտ ատրճանակ էր պահում։  Այս մասին ինձ անձամբ է պատմել նա։

Միկոյանին պետք է համարել իր իրավիճակի պատանդ, ինչ-որ իմաստով ստալինյան զոհ, բարեբախտաբար վերապրած, սակայն ոչ երբեք արյունարբու դահիճ։ Երբ անիրազեկ մարդիկ տաք-տաք հարցեր են տալիս, թե՝ իսկ ինչո՞ւ նա այս կամ այն չարեց, ինչու չհակաճառեց, ինչու չընդդիմացավ, ինչո՞ւ այնպես չորոշեց, ինչպես պետք էր… Հարկավոր է մխրճվել  մի մթնոլորտի, համակարգի  մեջ, որ սահմանափակվում էր «տեղդ ճանաչիր» սկզբունքով, հստակ հասկանալ ստալինյան ժամանակաշրջանի հիերարխիան։

Նա ընդամենը 24 տարեկան էր

ՕՐԵՐ. –  Անաստաս Միկոյանը բարձրաստիճան կուսակցական բոլշևիկյան ղեկավար էր, երբ Ադրբեջանում սկսվեցին հայերի սպանությունները, իսկ նա ոչինչ չձեռնարկեց կոտորածները կասեցնելու համար։ Ավելին, նա ԿՈՂՄ էր Նախիջևանն ու Ղարաբաղն «եղբայրական» Ադրբեջանին բռնակցելուն։


Առնչվող նյութեր
1. Ստաս Նամինը ծննդյան 65-ամյակը նշում է Հայաստանում. ցուցահանդես, գրքի շնորհանդես, ներկայացումներ
2. Բացառիկ հարցազրույց- Անաստաս Միկոյանի թոռը` Վլադիմիր Միկոյանը պատասխանում է Օրերի հարցերին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: