ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միկաել Ժանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդում եւ հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ

11 սեպտեմբերի, 2018 | 19:04

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Գլխավոր քարտուղար Միկաել Ժանին՝ կազմակերպության շրջանակներում Հայաստանին նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես համագործակցության, երկխոսության և մտքերի փոխանակման հարթակ և հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՖՄԿ գլխավոր քարտուղարն ասաց. «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և որպես կարգախոս ու հիմնական թեմա ընտրվել է «Ապրել միասին» այժմէական թեման: Ինձ համար մշտապես մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձան Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնառու են գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ Երևանի գագաթաժողովում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը կնպաստեն կազմակերպության դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրեց նորարար զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը: Այս առումով երկուստեք կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցի ստեղծումը, թվային և գործարար բնագավառների ֆորումների անցկացումը, որով ճանապարհ կհարթվի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման համար:

Անդրադառնալով գագաթաժողովի «Ապրենք միասին» կարգախոսի խորհրդին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կողմից առաջարկված կարգախոսը և դրա ներքո ներկայացվելիք կոչը խորհրդանշում է հարգանք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ, սոցիալական հանդուրժողականություն, խաղաղ համագոյակցություն, հավասարություն կնոջ և տղամարդու միջև, երիտասարդությանը նախապատվություն. դրանք հանդիսանում են նաև Հայաստանի կառավարության գերակայությունները: Կողմերն ընդգծեցին երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զագացման օրակարգի բաղկացուցիչ մաս։

Գագաթաժողովի հարակից միջոցառումների շուրջ զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի ավանին, ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ կայանալիք Գալա համերգին, ինչպես նաև Ծաղկաձորում կայանալիք Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովին։

Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսին:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես փոխգործակցության ու երկխոսության հարթակ եւ ուրախ է հյուրընկալել կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու երկրի իշխանությունների վճռականությունն ու հավաստիացրել, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք տնտեսական համաժողովին:

Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այն դառնա ավանդական՝ նշելով, որ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ հյուսիսի ու հարավի, արեւմուտքի եւ արեւելքի միջեւ՝ դառնալ ոչ միայն աշխարհագրական, մշակութային, այլեւ տնտեսական կապերի, բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ՝ օտարերկրյա գործարարների ու ներդրողների առջեւ բացելով գործակցության նոր հնարավորություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը և տարվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի գագաթաժողովն իր մթնոլորտով և կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին:
Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարևոր դերակատար և գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17-րդ գագաթաժողովը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջև լայն համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Երևանում անցկացվելիք գագաթաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր:

Ի թիվս գագաթաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարևորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Ընդգծվել է նաև գագաթաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարևորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը և ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը կարևորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման և ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում:
Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:


Առնչվող նյութեր
1. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
2. «Thank you, հայրիկ» ֆիլմը ցուցադրվեց Հռոմում. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներ Իտալիայում
3. Իտալիա. Ֆրանկոֆոն երկրների դեսպանների Մշակութային հանձնաժողովի նիստը
4. Ֆրանկոֆոնիայի տոնը Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում
5. Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հանձնաժողովներից մեկի նախագահ
6. Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
7. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում
8. Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ
9. Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
10. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: