ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Միխայիլ Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի առաջնադիտումը կայացավ Թբիլիսիի «Հայարտան» Գալուստ Գյուլբենկյան սրահում

09 մարտի, 2016 | 15:24

sergo yeritsyan«Կարծիք» ստեղծագործական խումբն ավանդույթի համաձայն Թբիլիսիի «Հայարտանը» ներկայացրեց իր հերթական տեսաֆիլմը: Այս անգամ այն նվիրված էր հայ ժողովրդի արժանավոր զավակ Միխայիլ Տարիելի Լորիս-Մելիքովին: Դիտումից առաջ բացելով  հանդիսույթը «Հայարտան» ղեկավար Լևոն Չեդիլյանն ասաց, որ այսօր յուրովի տոն է, քանի որ Սերգո Երիցյանի ղեկավարած ստեղծագործական խումբը (Հրաչիկ Պապինյան, Սամվել Գալստյան, Գարիկ Աբելյան, Կարինե Տիտանյան) տեսաֆիլմի տեսքով թբիլիսցիներին է վերադարձնում իրենց մեծ հայրենակցի կյանքը և գործունեությունը:

Տեսաֆիլմը ներկայացրեց «Կարծիք» ստեղծագործական խմբի ղեկավար Սերգո Երիցյանը՝ ընդգծելով, որ քիչ չեն ֆիլմերը Միխայիլ Լորիս -Մելիքովի մասին, բայց իրենց խումբը ցանկացավ և անհրաժեշտ համարեց նրան նախևառաջ ներկայացնել  որպես հայ անհատականության, ով մինչև վերջ այրվեց հանուն ազգային ինքնության,  ազգային ակունքների ու նկարագրի:

«Նա որտեղ էլ որ եղավ, ինչ բարձունքների էլ, որ հասավ, չմոռացավ իր ծննդավայր Թիֆլիսը, իր հայրենակիցների ծանր վիճակը Արևմտյան Հայաստանում,- շարունակեց Սերգո Երիցյանը,- և իր ունեցած ցանկացած հնարավորությունն իսկ օգտագործեց հանուն հայության: Ռուսական միապետության հերարխիայով բարձրացած և Ռուսաստանի ներքին  գործերի նախարար դարձած գործիչը, երբեք իր պետերբուրգյան աշխատասենյակի դռները փակ չպահեց  հայության համար ու անհարմար խնդիր չհամարեց ցարի հետ խոսել հայության դժվարությունների, նպատակների ու երազանքների մասին: Դեռ ավելին, Պոլսի հայության կողմից Պետերբուրգ եկած հոգևորական Նար-Պեյի համար ժամադրություն խնդրեց։ Այն կայացավ, իսկ Նար-Պեյը զարմացած էր, թե հայության խնդիրների մասին որքա՜ն շատ  է տեղեկացված  Ռուսաստանի ցարը»:

mirzaxanyanՀաջորդ բանախոսը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, ասաց, որ ամեն անգամ նման հանդիպումները մշակութային կարևոր իրադարձություն են դառնում համայնքի համար, այսօր Միխայիլ Լորիս-Մելիքովին նվիրված տեսաֆիլմից բացի Սերգո Երիցյանը այս հանդիպմանն է ներկայացել «Էրգրի կարոտով» գրքով, ուր հատուկ գլուխ կա նվիրված Միխայիլ Լորիս-Մելիքովին և «Ուխտագնացություն դեպի Էրգիր կամ հայրենի հողի  կարոտը սրտում»  երկմասանոց տեսաֆիլմով, ուր ևս ներկայացված է մեր մեծ հայրենակիցը:

«Ե՛վ գրքում, և՛ տեսաֆիլմերում Սերգո Երիցյանին և նրա գործընկերներին հաջողվել է ներկայացնել այն հայկականությունը, որ եղել և ունեցել են հայ գործիչները,- ասաց սրբազան հայրը,- նրանց կյանքի պատմությունը, կապը համայնքի, եկեղեցու հետ շատ ուսանելի է և դաստիարակչական լիցքեր ունի: Այս առումով շատ կարևոր է, որ այդ ամենի հաղորդակից լինեն շատերը»:

Հանդիսույթին ներկա՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ասաց, որ իրենց սաներն արդեն մի քանի տարի է Միխայիլ Լորիս-Մելիքովի կիսանդրու մոտ ծանոթանում են նրա կենսագրությանը, ռազմական արվեստին, հայրենասիրական գործունեությանը և գովելի է, որ հրապարակում արդեն նման տեսաֆիլմեր ու գրքեր կան, որոնք թույլ կտան մեր մեծ հայրենակցին ավելի ու ավելի մանրամասն հանրությանը ներկայացնելու։

Վրաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը շարունակելով օրվա բանախոսներին ասաց, որ հայ զորավարների կյանքի փորձն անհրաժեշտ  է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ իմանան, քանի որ մերոնք՝ զորապետ լինելով հանդերձ նաև ազգային ակուքներին հավատարիմ անհատականություններ են եղել:

loris melikov7Այլ ելույթներ էլ եղան, անգամ գրքի և տեսաֆիլմի  շնորհանդեսից հետո էլ քննարկումները շարունակվում էին:

– Իսկապես, կարևոր  գործ է արվում,- ասաց քաղաքագետ Յուրա Մկրտումյանը,- սա «Կարծիք» ստեղծագործական խմբի 5-րդ ֆիլմն է ` նվիրված թիֆլիսահայերին և նրա ականավոր զավակներին: Ամեն մի նոր ֆիլմը նոր դասեր, նոր պատգամներ ու ուղերձներ է բերում:

Պատմաբան Ենոք Կարապետյանի կարծիքով նման ֆիլմերը նախևառաջ երիտասարդների համար են շատ կարևոր, ինչ-որ տեղ նրանց աչքերն է բացում անցյալի նկատմամբ, որովհետև Սերգո Երիցյանի և նրա  գործընկերների պատրաստած ֆիլմերը ոչ միայն հարուստ բովանդակություն և ասելիք ունեն թիֆլիսյան կյանքի, գործիչների, այլև հետաքրքիր ուղերձներ` ուղղված ապագային:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Սերոգո Երիցյանն ասաց, որ օգտագործելով Թբիլիսիում գտնվելու հնարավորությունը, ձեռնամուխ են եղել նոր նկարահանումների:

loris melikov Հաջորդ  տեսաֆիլմը նվիրված կլինի Թամամշևների գերդաստանին, ովքեր ևս ինքնատիպ դերակատարություն են ունեցել թիֆլիսյան հայկական կյանքում`  ստեղծել կառուցել, արարել, աջակցել, իրենց հայրենակիցների կրթամշակութային խնդիրների լուծմանը՝ թատրոն, օպերա կառուցել, դպրոցներ ստեղծել, մոտ գտնվել հայ առաքելական եկեղեցուն` տաճար կառուցել, եկեղեցի վերանորոգել:

– Այնպես որ վաղուց ձևավորրված ավանդույթը չենք խախտի,- եզրափակեց Սերգո Երիցյանը,- ամիսներ անց կրկին առիթ կունենաք ներկա գտնվելու նոր տեսաֆիլմի գուցե և գրքի շնորհանդեսին:

Ի դեպ, շնորհանդեսը սկսելուց առաջ՝ սուրբ Գևորգ եկեղեցու բակում, ուր իր վերջին հանգրվանն է գտել Միխայիլ Լորիս-Մելիքովը, կատարվեց հոգեհանգստի կարգ` թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ հայի և նրա մարտական գեներալ ընկերների գերեզմաններին:

 

Կարինե Տիտանյան

լուսանկարները՝ Գարիկ Աբելյանի

Թբիլիսի-Երևան

loris melikov grkere


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: