ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միխայիլ Լորիս-Մելիքովին նվիրված տեսաֆիլմի շնորհանդես Թբիլիսիում

08 մարտի, 2016 | 08:09

L.Meliqov2016 թվականի մարտի 6-ին, Վիրհայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Միխայիլ Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի և «Էրգրի կարոտով» գրքի շնորհանդեսը:

Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել օրվա առիթով մայր հայրենիքից ժամանած հյուրեր, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ողջունեց «Կարծիք» ստեղծագործական խմբի հերթական այցելությունը Թբիլիսի, այս անգամ արդեն հայազգի անպարտելի զորավար Միխայիլ Լորիս-Մելիքովին նվիրված տեսաֆիլմով:

Սերգո Երիցյանի գլխավորությամբ Հրաչիկ Պապինյանի, Սամվել Գալստյանի, Կարինե Տիտանյանի կազմով ստեղծագործական խմբի նկարահանած տեսաֆիլմը, Միխայիլ Լորիս-Մելիքովի ոչ միայն ռազմական ու պետական գործչի, այլև մեծ հայի սխրագործություններով հարուստ կյանքի վավերագրությունն է, ով՝ որտեղ էլ որ եղավ, հետաքրքրվեց իր ազգային խնդիրներով և ողջ կյանքի ընթացքում երազում ու պայքարում էր իր ժողովրդի անկախության և ազատագրման մասին։

loris melikov2Ռուսական կայսրի վստահելի անձը և երկրի պատասխանատու պաշտոններ կրողը, ապրում էր հայկականությամբ և անսահմանորեն սիրում էր իր ծննդավայրը: Անպարտելի զորավարն իր կտակում խնդրեց, որ իր վերջին հանգրվանը գտնի Թիֆլիսում՝ իր զինակից գեներալների կողքին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը ներկայացրեց նաև «Էրգրի կարոտով» ընդհանուր խորագրով գիրքը, որը Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության նկարագիրն է:

Տեսաֆիլմից ստացած իրենց տպավորություններում ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը արժևորեց հայկականությամբ ապրող մեծ զորավարի, հայրենասիրության ու հաղթանակների ոգեկոչողի, պետական ու հասարակական գործչի օրինակը սերունդների դաստիարակության գործում,, որի կիսանդրին զարդարում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակը, որպես անպարտելիության գաղափարի հաղթանակների վկա:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, և նախկին մանկավարժ Միխայիլ Թադևոսովն իրենց ելույթներում կոչ արեցին սերունդներին լինել հայրենասեր, ապրել հայկականությամբ, ոգևորվել նախնիների, հաղթանակած գեներալ-զորավարների օրինակով, գործել նորին հասնելու առաքելությամբ:

loris melikov3Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում բարձր գնահատեց Սերգո Երիցյանի Թբիլիսիում հայկական հետքը վերհանելու ազգանվեր գործունեությունը: Թեմակալ առաջնորդը հորդորեց որդեգրելով հայրենանվեր զավակների ճիշտ մտածելակերպը, նվիրումով ծառայել այն երկրին, որտեղ իրենք կայանում են որպես գործիչներ, սակայն ամենուրեք բարձր պահել իրենց ազգայինը, հայ լինելու հպարտությունը:

Սերգո Երիցյանը գնահատանքի խոսքեր ուղղեց տեսաֆիլմի վրա աշխատող ստեղծագործական խմբի անդամներ օպերատոր Սամվել Գալստյանին, Հրաչյա Պապիկյանին, Գարիկ Աբելյանին, ում արհեստավարժ աշխատանքի արդյունքում նկարահանվեց «Միխայիլ Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմը և կայացավ այս շնորհանդեսը:

Վերջում ներկաներին բաժանվեց Սերգո Երիցյանի, Սիմոն Ծատուրյանի, Միրզա Սլոյանի հեղինակությամբ գրված «Էրգրի կարոտով» գիրքը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
3. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
4. Չինական դասական պոեզիայի հարստությունը
5. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
6. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
7. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
8. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
9. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
10. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: