ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը

10 հոկտեմբերի, 2017 | 13:07

Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Միլան Շտյեխի եռօրյա այցը Հայաստան կարելի է համարել հայ-չեխական բարեկամական հարաբերությունների եւս մեկ վերահաստատում։ Սովորաբար նման այցերը կրում են զուտ քաղաքավարական բնույթ, մեծ արդյունքներ չեն գրանցում, մնում են դիվանագիտական շրջանակների սահմաններում։ Սակայն այս այցը մի քանի կարեւոր հարցեր ամրագրեց։

Նախ պատմության մեջ առաջին անգամ Չեխիայի Սենատի նախագահը այցելեց Հայաստան։ Այնուհետեւ նման առիթներով անցկացվող եւ հիմնականում ձեւական բնույթ կրող բիզնես ֆորումներից այս անգամվանը որոշակիորեն տարբերվում էր։ Հայկական կողմից հետաքրքրվողների թիվը մեծացել էր, եւ Չեխիայի ժամանած գործարարներն էլ, թեեւ թվով շատ չէին, բայց կոնկրետ առաջարկներ էին ստանում ամենատարբեր ոլորտներում համագործակցության շուրջ։

է միայն նշել, որ 37 չեխական ընկերություններ արդեն աշխատում են Հայաստանում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջությունը ունեցել է 25-30 տոկոս աճ եւ այդ իմաստով կարեւորեց օդային ուղղիղ կապի վերականգնումը։ Նպատակ ունեն նաեւ հայ-չեխական կառավարական հանձնաժողովին մեծ լիցք հաղորդել, որպեսզի ավելի գործնական աշխատանք կատարվի։

Քաղաքական իմաստով քննարկվող հարցերի շրջանակը շատ մեծ չէր։ Միլան Շտյեխը հանդիպեց Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր թեւերի հետ՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նախագահ Սերժ Սարգսյանին։ Աժ նախագահի հետ հանդիպմանը Միլան Շտյեխը նշեց, որ տեսնում են , թե Հայաստանը ինչպես է բարեփոխումներ իրականցնում եւ որ ժողովրդավարական երկիր է։

Երեք հանդիպումներում էլ նախ նշվում էր, որ հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակը ամենաբարձրն է։ Օդանավում ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում, պարոն Շտյեխը նշեց նաեւ, որ ոչ մի խնդիր չկա Հայաստանի եւ Չեխիայի միջեւ։ Թերեւս միակ խնդիրը, որ ծագել էր վերջին շրջանում չեխական զենքը Ադրբեջանում հայտնվելու հետ կապված, բայց այս հարցի շուրջ Սենատի նախագահը սպառիչ պատասխան տվեց իր բոլոր երեք հանդիպումներում։ Նրա ասելով,  Չեխիան անմիջականորեն Ադրբեջանին ոչ մի  զենք չի վաճառել։. «Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի ռիսկային երկրների վրա:  Չեխիայի կառավարությունը եւ ԱԳՆ-ն ոչ մի լիցենզիա չեն տվել , որի հիման վրա զենք վաճառվեր Ադրբեջանին։ Չեմ հասկանում, թե ինչպես են հասել այդ զենքերն Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,- ասաց նա: Պարոն Շտյեխը  հավաստիացրեց, որ Չեխիայի համապատասխան մարմիններն  այդ կապակցությամբ ներքին հետաքննություն են սկսել, պարզելու համար, թե ինչպես է դա կատարվել։

Սենատի նախագահը չբացառեց նաեւ, որ ինչ որ անձինք փորձում են երկու երկրների միջեւ օդը պղտորել։

Ղարաբաղի հարցում Չեխիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ սատարում են Մինսկի խմբին եւ խաղաղ հանգուցալուծմանը։

Ցեղասպանության ճանաչման հարցում նույնպես Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն արդեն մի բանաձեւ ընդունել է 2017-ի ապրիլին, իսկ ինչ վերաբերում է Սենատին, ապա մեզ հետ ունեցած զրույցում պարոն Շտյեխը նշեց, որ Սենատը նման հարցերի մասին բանաձեւեր ընդունելու ավանդույթ չունի։ Միլան Շտյեխը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ թանգարանի նոր մասնաշենքում բացված ցուցադրությանը, նաեւ տեղեկացավ չեխ ճանապարհորդ, գրող եւ մեծ մարդասեր Կարել Հանսայի գործունեությանը, Ավրորա Մարդիգանյանի պատմությանը եւ վերջում գրառում թողեց հուշագրքում։

Տնտեսական առումով, թե ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը, թե վարչապետը եւ թե հայ մյուս պաշտոնյաները նշեցին, որ Չեխիան կարող է օգտագործել Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը եւ այդպիսով մտնել նաեւ այլ շուկաներ։ Պարոն Շտյեխը չբացառեց նաեւ Հայաստանի միջոցով իրանական շուկա մտնելու հեռանկարը։ Ու թեեւ 2017 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը ունեցել 60 տոկոսանոց աճ, սակայն այն դեռեւս քիչ է եւ աճելու մեծ պոտենցիալ ունի։ Երկու կողմերն էլ մեծ կարեւորություն տվեցին նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին, որը նոր դռներ կբացի Հայաստանի համար։

Մատենադարանում

Հայկական մշակույթին ու պատմական ժառանգությանը ծանոթանալու կարեւոր տեղերից էին Մեղերյան գորգերի ֆաբրիկայում շրջայցը, Մատենադարանի մագաղաթների ու հայ գրատպության արժեքների հետ ծանոթությունը, ինչպես նաեւ Գառնի ու Գեղարդ այցելությունները, որ մեծ բավականություն պատճառեցին չեխական պատվիրակության անդամներին։

Հատկապես Գեղարդում, երբ չեխ սենատորները եւ նրանց ուղեկիցները մտան վանք, այնտեղ այդ պահին երգում էր ,,Գեղարդ,, հայտնի երգչախումբը։ Տպավորությունները աննկարագրելի էին։ Չեխիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկան, ով առաջին անգամ չէր Հայաստանում, մեզ հետ կիսվեց իր տպավորություններով. ,,Հայաստանն իրապես քրիստոնեության բնօրրանն է, եւ զարմանալի է, թե ինչպես եք կարողացել այս ժառանգությունը պահպանել եւ հասցնել մինչ մեր օրեր,,։

Այցի առաջին օրը չեխ պատվիրակները  նաեւ մասնակցեցին չեխ երիտասարդ արվեստագետներ Պրոկոպ Յելինեկի եւ Յան Միկիսկայի ՆՓԱԿ-ում բացված վիդեոարթ ցուցահանդեսին, որը պատրաստվել էր երիտասարդ կոմպոզիտոր Միկիսկայի Ստրատոկլաուստեր աուդիովիզուալ ծրագրի շրջանակներում։ Նկարահանումները կատարվել էին նաեւ Հայաստանում։

դեսպան Պետր Միկիսկան եւ Միլան Շտեյխը ցուցահանդեսի բացման ժամանակ

Չեխիա վերադառնալուց առաջ, պատվիրակությունը եղավ նաեւ Երեւանի Արարատ կոնյակի գործարանում։ Այստեղ, իհարկե, հետաքրքրություններն այլ էին։ Սենատի նախագահը գրառում կատարեց Խաղաղության հայտնի տակառի մոտ դրված հուշագրքում։ Այս տակառը զմռսվել է այն պահին, երբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ բացվելու է այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ստանա վերջնական խաղաղ լուծում։

Հյուրերը  տեսան Չեխիայի  նախագահ Միլոշ Զեմանի անվանական տակառը, ինչպես նաեւ պատվավոր հյուրերի լուսանկարների շարքում՝ նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգի լուսանկարը։

Այցի ավարտին նաեւ եղան Կասկադում, վայելեցին երեւանյան համայնապատկերը։

Այցի տնտեսական կողմը մենք փորձեցինք ամփոփել պատվիրակության անդամ, Չեխիայի արդյունաբերողների եւ տրանսպորտի միության նախագահ Յարոսլավ Հանակի հետ։ Այս միությունը ամենամեծ գործարարների միությունն է, որն իր կազմում արդեն ունի 31 մասնագիտական միություն, 11 հազար ընկերություն, որոնք ունեն 1.3 միլիոն աշխատակիցներ։ Պարոն Հանակը մեզ հետ զրույցում ասաց.

Յարոսլավ Հանակ

,,Հայաստանը թեեւ 3 միլիոնանոց փոքր երկիր է, միաժամանակ համարվում է Չեխիայի ավանդական գործընկերը դեռեւս Չեխոսլովակիայի ժամանակներից։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Շկոդան, Յավան, միջուկային էներգետիկայի հետ կապված ընկերությունները, միշտ հաջողություն ունեն հայաստանյան շուկայում։ Ինձ համար հաճելի էր, որ բիզնես ֆորումին մասնակցեց նաեւ Չեխիայի Սենատի նախագահը, այնպես էլ տասնյակ հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Ամեն դեպքում, հայ-չեխական առեւտրային կապերը շատ ավելին կարող էին լինել։ Իհարկե, ես չգիտեմ եթե այս անգամ  կոնկրետ պայմանագրեր ստորագրվեց, բայց Մեծամորի ատոմակայանի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներին մասնակցելու մեծ հնարավորություններ ունի  չեխական ,,Շկոդա,, ընկերությունը։ Ես Երեւանում արդեն նկատեցի, որ տաքսի ծառայություններն են վարում Շկոդա մեքենաներ, նաեւ պետական ինստիտուտներն են օգտագործում, ինչպես նաեւ Չեխիայի դեսպանը, այնպես որ ,,Շկոդան,, հայկական շուկայում ավելի ընդլայնվելու մեծ պոտենցիալ ունի։ Նաեւ մեր հայ գործընկերներին տեղեկացրինք շինանյութերի, աղբահանության, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում մեր հնարավորություններ մասին,,։

 

Հրադեց Կրալովե-Տավուշ. Առողջապահություն եւ զբոսաշրջություն

Յիրժի Շտեպան

 

Պատվիրակության կազմում էր նաեւ Հրադեց Կրալովյան երկրամասի նահանգապետ Յիրժի Շտեպանը։ Նա հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ նրա աշխատակազմի հետ։  Չեխական կողմից  հանդիպումներին ներկա էին նաեւ առողջապահության ոլորտը համակարգող փոխնահանգապետ Ալեշ Ցաբիցարը, նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Պյոտր Նախլովսկին և քարտուղար Թերեզա Նիկլիչկովան:

Մեզ հետ զրույցում պարոն Շտեպանը  պատմեց իրենց հանդիպումների մասին. ,,Մթնոլորտը շատ հաճելի էր եւ գործնական։ Տավուշի մեր գործընկերների հետ որոշեցինք համագործակացել երկու բնագավառներում՝ առողջապահություն եւ զբոսաշրջություն։ Արդեն իսկ որոշեցինք, որ Հրադեց Կրալովի երկրամասում օգտագործելով մեր քարոզչական հնարավորությունները, կայքէջը, պետք է ներկայացնենք նաեւ Հայաստանի Տավուշի մարզը։ Նաեւ  գալիք տարվա սկզբին մեր  երկրամասի կենտրոնում կարող ենք կազմակերպել Հայաստանի շաբաթ, որտեղ իր մասնակցությունը կունենա նաև Տավուշի մարզը:

Հաջորդը առողջապահության ոլորտն է, որոշել ենք Տավուշի մարզին նվիրել ճապոնական արտադրության մագնիսական ռեզոնանսի սարքավորում։ Առողջապահության նախարարի հետ էլ քննարկեցինք, թե որտեղ է տեղադրվելու այդ սարքարվորումը։ Այնուհետեւ մեր բանակցությունների արդյունքում որոշեցինք, որ Տավուշի մեր գործընկերներին անհրաժեշտ է նաեւ դիագնոստիկայի/ ախտորոշման/ սարքարվորում։ Պայմանավորվեցինք նաեւ, որ Տավուշի բժիշկների վերապատրաստում պետք է անցկացնել Հրադեց Կրալովե երկրամասի Տրուտնով քաղաքում։ Տավուշի մարզի բժշկական կենտրոնների այլ առողջապահական կարիքների մասին նույնպես քննարկեցինք։

Շտեպանը եւ Աբովյանը Տավուշի մարզում հանդիպման ժամանակ

Իրենց հերթին Տավուշի մարզի մեր գործընկերները նշեցին, որ իրենց շրջանը կարող է զբոսաշրջության շատ հետաքրքիր ուղղություն դիտվել ոչ միայն Հրադեց Կրալովյան, այլեւ Չեխիայի  այլ երկրամասերի համար։

Նշեմ, որ 2015 թվականին մենք արդեն հուշագիր էինք ստորագրել երկու երկրամասերի միջեւ համագործակցության մասին,,։

 

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մեզ հետ զրույցում այցին տվեց հետեւյալ գնահատականը.

Տիգրան Սեյրանյան

,,Քաղաքական իմաստով այցը շատ դրական էր, եւ կարեւոր է, որ երկու կողմերը շահագրգռված են զարգացնել նաեւ տնտեսական հարաբերությունները։ Դա է վկայում նաեւ, որ պարոն Շտյեխի հետ Հայաստան էր եկել թվով քիչ, բայց կարեւոր գործարարների խումբ,,։

 

Պատվիրակության կազում էր եւ երկկողմ  հանդիպումներին մասնակցեց չեխական ,,Մառլենկա Ինթերնեշընլ,,  ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։ Ամփոփելով այցը, նա մեզ հետ զրույցում տվեց հետեւյալ գնահատականը.

Գեւորգ Ավետիսյան

 

,, Զարմանալի էր, որ բիզնես ֆորումին ինձ հետ հանդիպելու համար 5 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ էին եկել եւ ցանկություն ունեին համագործակցել ,,Մառլենկա,, ընկերության հետ։ Նույնիսկ իմ հարցին, որ մեր արտադրանքը թանկ է եւ միգուցե նպատակահարմար չէ Հայաստան ներկրելը, նրանք շեշտեում էին, որ իրենք ուզում են թանկ եւ որակով ապրանք ներկրել։ Իհարկե, չի բացառվում, որ հետագայում նրանք Հայաստանից արտահանեն Ռուսաստան։ Մի հարցում բոլորը համակարծիք էին, որ լավ կլինի, որ Չեխիայում արտադրվող հայկական թխվածքը վաճառվի նաեւ հայաստանյան խանութներում։ Ես նրանց ներկայացրեցի մեր պայմանները, նաեւ 4-5 տարի առաջ մեր կողմից սահմանված գները, որոնք չեն փոփոխվել, եւ իրենց առաջարկվող գները, որ ավելի էժան էին մեծ քանակությամբ տարվող այլ երկրների համեմատ, ասենք՝ ինչպես Չինաստանն է կամ Սաուդյան Արաբիան։ Այնպես որ, մնում է իրենք որոշում կայացնեն։

Իսկ Հայ-չեխական հանդիպումներից տպավորությունները հիանալի էին։ Պարոն Շտյեխը շատ տպավորել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ունեցած հանդիպումից։ Իրոք, երկուստեք շահագրգռված են, որ տնտեսական կապերն ավելի մեծ ծավալներ ընդգրկեն եւ այդ նպատակով համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Ցանկությունը մեծ է։ Կառավարական մասշտաբով վարչապետը խոստացավ չեխ գործարարների համար նպաստավոր  առանձնահատուկ պայմաններ ստեղծել։ Լսելով իմ անձնական օրինակը, թե ինչպես է  Չեխիայում իրենց հայրենակիցն ունեցել նման հաջողություններ, վարչապետն ասաց. ,,Այնպես պետք է անենք, որ չեխ գործարարներն էլ Հայաստանում իրենց լավ զգան,,։

Գեղարդ երգչախումբ

Այսպիսով, երեւանյան հանդիպումները հույս են ներշնչում, որ հայ-չեխական կապերը նորովի կզարգանան, եւ  Երեւան-Պրահա ուղիղ չվերթի վերաբացումը, ինչի շուրջ նույնպես քննարկումներ եղան,  կնպաստի դրանց ակտիվացմանը։

 

Հակոբ Ասատրյան

Երեւան-Պրահա

ՕՐԵՐ 


Առնչվող նյութեր
1. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
2. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
3. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
4. Քրիստոնեական Արեւելքին նվիրված ցուցահանդես Պրահայում
5. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում
6. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
7. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
8. Պրահայում բացվում է հայկական ,,Զատիկ,, շաբաթօրյա մանկապարտեզ
9. Միլան Շտեյխը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
10. Չեխիայի Սենատի նախագահը Հայաստանը համարում է ժողովրդավարական երկիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: