ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր պետական կառույցների համար ռուսաստանահայությունը միայն ուտիլիտար նշանակություն ունի.,,ԱԶԳ,,

15 հոկտեմբերի, 2016 | 21:26

armenian-embassy-in-russiaԱՆԿԱՐԵՎՈՐՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, ԱԶԳ

Այնքան էլ վստահ չեմ, որ Վիկտոր Դալլաքյան-Էդմոն Մարուքյան ահեղացունց բախումների կամ Արմեն Աշոտյանի ավտոմեքենայի ոդիսականի եւ նույնանման զգայացունց այլ խնդիրների արանքում ընթերցողը ժամանակ եւ ախորժակ կունենա ուշադրության արժանացնելու մի այլ հարց, որը համարձակվում եմ ստորեւ ներկայացնել:

Նախորդ շաբաթավերջին Վրաստանում եւ Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք պակաս կարեւորություն չունեն մեզ համար, քան, ասենք, Վանաձորում եւ Գյումրիում տեղի ունեցած ու դեռ շարունակվող հետընտրական գզվրտոցը: Ու մինչ Վրաստանի ընտրությունների արդյունքները գեթ ինչ-որ չափով լուսաբանության կամ մեկնաբանության արժանացան հայկական մամուլի կողմից, մանավանդ որ այնտեղ 3 վրացահայեր պատգամավոր էին ընտրվել, սակայն Պետդումայի ընտրությունները անտեսվեցին գրեթե ամբողջովին:

Այնինչ սկզբից եւեթ պարզ էր, որ Ռուսաստանի առաջիկաՙ 2018 թ.ի նախագահական ընտրություններին ընդառաջՙ խորհրդարանական ընտրությունները որքան կարեւոր են նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն այնքան ջանասիրությամբ մինչեւ ընտրությունները չեզոքացնում էր իրեն ընդդիմադիր հոսանքներին եւ նախապատրաստում քաղաքական իր նոր էլիտան, որը անկասկած առաջիկա 6-7 տարիներին լինելու այդ երկրի քաղաքական կրեմը, դրանից բխող բոլոր ստորոգելիներով: Իսկ մենք այդ էլիտայում իսպառ բացակայում ենք:

Բոլորովին կարիք չկա մեր երկրի ու ողջ տարածաշրջանի համար Ռուսաստանի նշանակությունը բացատրելու, անկախ այդ երկրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից: Բացատրության կարիք չի զգում նաեւ նրա օրենսդիր ու գործադիր իշխանություններում հայկական ազդեցության, առնվազն ներկայության կարեւորությունը Հայաստանի ու հայության համար: Հետեւաբար բնավ կարիք չկա նաեւ բացատրելու այդ իշխանություններում մեր բացակայության բացասական հետեւանքները:

Ճիշտ է, այս անգամ էլ Պետդումայի պատգամավոր վերընտրվեց աշխարհահռչակ մեր հայրենակից, բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, որի հայանպաստ գործունեության քաշն ու կշիռը սակայն, գոնե ինձ համար, մնում է անծանոթ: Խոսքը ազդեցիկ եւ արդյունավոր ներկայության մասին է, որն անշուշտ, ինչպես իշխանական բոլոր մակարդակներում, ենթադրում է կազմակերպված հավաքական աշխատանք, համապատասխան գումարներ եւ դրական փառասիրությունՙ գումարված անձնական հմայքին:

Մինչդեռ, շուրջ 3 միլիոն հաշվող ռուսաստանյան հայությունը գրեթե աննկատելի ներկայություն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքումՙ առաջին հերթին անկազմակերպվածության եւ երկրորդՙ հայաշունչ չլինելու պատճառով: Այս երկու հատկանիշների բացակայությունը մեր մեղքն է ազգովին, գլխավորությամբ Ռուսաստանում գործող մեր տարբեր կազմակերպությունների, Հայ եկեղեցու եւ առաջին հերթինՙ մեր իշխանությունների:

Երեւանի Պետական համալսարանում երեկ տեղի ունեցած «Ռուսաստանի հայ համայնքը» վերնագրով համաժողովում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստովանեց, որ այդ 3 միլիոնանոց գաղութի ընդամենը 1 տոկոսի ուժն ու ձայնն է օգտագործվում: Թեեւ նա մանրամասն չբացատրեց, թե ինչու, սակայն պարզից էլ պարզ է, որ հատկապես մեր պետական կառույցների համար ռուսաստանահայությունը միայն ուտիլիտար նշանակություն ունի: Ասվածի ապացույցները շատ են, ամեն մեկս կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը: Բայց մեկ փաստը խորհրդանշում է պետական ողջ վերաբերմունքը. անցնող 25 տարվա ընթացքում հիշո՞ւմ եք գեթ մեկ դեսպանի, որն իր պետական, քաղաքական ու կազմակերպչական շնորհներով հեղինակություն վայելի այդ երկրում եւ այդ համայնքում: Ես չեմ հիշում: Ըստ երեւույթին, ՀՀ հաջորդական իշխանությունները միշտ ներքին վախ են ունեցել Մոսկվայում ուժեղ դիվանագետ նշանակելու «վտանգից»…

Միով բանիվ, ներկա վերաբերմունքը ռուսաստանահայությանըՙ չի կարող շարունակվել: Հենց այսօրվանից է պետք աշխատել առաջիկա ընտրությունների համար: Եվ ոչ միայն ընտրությունների:

ԱԶԳ


Առնչվող նյութեր
1. Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան հանդիպումները. Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը
2. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…
3. Հակոբ Ավետիքյան. Հայաստան-Սփյուռք համաժողովը չպետք է շրջանցի արտագաղթի հարցը
4. Աշնանը Ռուսաստանի 13 քաղաքներում կանցկացվեն Հայաստանի օրեր
5. ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…
6. «Ок Армения» խորագրով միջոցառումը Մոսկվայում
7. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
8. Պուտինը Հայաստանին է վերադարձնելու Վռուբելի գողացված նկարը. «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը
9. Վարդան Տողանյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան
10. Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: