ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր նպատակն է շարունակել ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն Եվրամիության հետ. Է. Նալբանդյան

15 մայիսի, 2015 | 20:25

Vysehrad group Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Գժեգոժ Սխետինան, գրում է tert.am-ը վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Հանդիպումը ելույթով բացել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարևորեց հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։

Նիստին ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի նախագահությանը՝ այս նախարարական հանդիպումը Բրատիսլավայում հյուրընկալելու համար։
Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարևոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման և առևտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։

Ոլորտային ճյուղերում մեր համագործակցության ակտիվացման համար մենք մտադիր ենք Հանձնաժողովի հետ ամփոփել բանակցությունները՝ գիտության և հետազոտության բնագավառում ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել ԵՄ հետ ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը:

Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում տարիներ ի վեր ԵՄ շարունակական աջակցությունը և օժանդակությունը մեր երկրին, որը կարևոր դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար:

Մենք ողջունել ենք Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերանայելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, ինչը առիթ է բոլորիս համար՝ մտորելու անցյալի մեր փորձի շուրջ և մատնանշելու ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Իրավիճակը առավել լայն Հարևանությունում նոր մարտահրավերներ է առաջ բերում և, անկասկած, պահանջում է նորացված համագործակցային մոտեցումներ։

Մենք կարծում ենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը։ Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը։

Հարգելի գործընկերներ,

Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին: Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք` մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը` նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները։

ԵՄ – Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և ավելի քան տասնյակ աշխատանքային խմբերում։ Մենք սա դիտարկում ենք որպես կարևոր և օգտակար հարթակ՝ կիսելու լավագույն փորձը և նպաստելու լայն համագործակցությանը։

Շարժունակության գործընկերությունը ընթացքի մեջ է 2011թ.-ից, և մի շարք ծրագրեր են իրականացվում այդ շրջանակներում։ Հայաստան – ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Մեր կողմից՝ Հայաստանի կառավարությունը 2013թ.-ից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան – ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, և մենք հուսով ենք, որ մենք որքան հնարավոր է շուտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Արևելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։

Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակելու ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն ԵՄ հետ»:

 

 


Առնչվող նյութեր
1. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
2. Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը
3. Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը
4. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
5. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը
6. Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
7. Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները Երեւանում
8. Եվրախորհրդարանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
9. 8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը
10. Եվրամիությունը Հայաստանին է հատկացրել ևս 77.5 մլն եվրո

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: