ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան

Մեծանուն արվեստագետը 70-ամյա հոբելյանի շեմին. շնորհավորել է նաեւ Հայաստանի նախագահը
21 օգոստոսի, 2017 | 09:55

 Այսօր մեր մշակույթի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ տաղանդաշատ դերասանուհի, արձակագիր եւ թարգմանչուհի Անահիտ Թոփչյանի ծննդյան օրն է։ Հոբելյանական  այս տարին նրա համար  ընդամենը անցած ճանապարհի արժեւորումների մի պահ է, քանզի նա երբեք կանգ չի առել եւ իր բազմակողմանի շնորհները դրսեւորել է ոչ միայն թատրոնի ու կինոյի ասպարեզներում, այլեւ գրականության  ու լրագրության մեջ։

Անահիտ Թոփչյան

ՕՐԵՐ ամսագրիրը գրեթե երկու տասնամյակ շարունակ ոչ միայն ներկայացրել  է Անահիտ Թոփչյան-Ալեքսանդր Թոփչյան զույգին, մշտապես հետեւելով նրանց վերջին տարիների գրական հաջողություններին։ Կապ չունի, թե անհատն որ երկրում է բնակվում, նա միեւնույն է իր տաղանդները դրսւորելու ճանապարհներ կգտնի։ Այդպես Անահիտ Թոփչյանն իր յուրօրինակ գրչով մտավ նաեւ գրականություն, հասկացնելով, որ կինոյի ու թատրոնի դատարկությունը կարող է փոխարինել գրականության ազդեցիկ խոսքով։ 

Գյումրեցի Կարոյի եւ լեհուհի Գալինայի դուստրը խորհրդային տարիներին Հրաչյա Ղափլանյանի օրհնությամբ  դարձավ Հայաստանի լավագույն դերասանուհիներից մեկը՝  դառնալով Երեւանի դրամատիկական թատրոնի զարդերից մեկը՝ գրավելով նաեւ միութենական կինոստուդիաների ու մամուլի ուշադրությունը։ Հայ կին դերասնուհիների շարքում բացառիկներից էր, որ նկարահանվում էր միութենական ֆիլմերում։

Այնուհետեւ եկավ անկախության շրջանը՝ արվեստի գործիչների նկատմամբ անտարբեր վերաբերմունքով։  Փարիզ տեղափոխվեց աղջկա ուսման պատճառով, ով սովորում էր Սորբոնում, միաժամանակ չկտրվելով ժամանակի ռիթմից։ Այս տարիներին երկու անգամ Հայաստանից հրավեր  ստացավ՝  խաղալու սերիալներում, սակայն մերժեց, քանի որ նյութը չգոհացրեց իրեն։ ,,Ինձ պետք չէ միայն երեւալ, ես պետք է նաեւ նոր բան ստեղծեմ,,- ասում է դերասանուհին։ Լավ ֆիլմեր նկարահանելու համար սցենարներ կան, բայց պետք են լավ ռեժիսորներ եւ հետաքրքրություն։

Վլադիմիր Մսրյանի հետ, ,,Խաղամոլը» ներկայացում

,,Եթե դու ինքդ քո եսին դավաճանես, չես կարող այլեւս լավ արվեստագետ լինել։ Այլեւս քեզ չեն հավատա, եւ ինքդ էլ չես կարողանա բարձր արվեստ ստեղծել։ Բարոյական նահանջն անմիջապես կվերածվի գեղագիտական նահանջի։ Արվեստը կդառանա արհեստ։ …Ստանիսլավսկին ասում էր, որ շատ դերասաններ կան, որ կարող են դերը շնորհքով խաղալ, բայց քչերն են, որ դերը ստեղծում են։ Այդ ստեղծագործական ջիղը Աստված կարող է քեզնից խլել, եթե փոխզիջումների գնաս եւ զբաղվես կարիերադ սարքելով։ Իհարկե, այդպես կարելի էր բարձր կոչումներ վաստակել, մանավանդ ժամանակին ես շատ երիտասարդ էի եւ գեղեցիկ,,- խոստովանում է մեզ հետ զրույցում Անահիտ Թոփչյանը։

Իսկ մեր կարծիքով, գրեթե հանցագործություն է, ունենալ Անահիտ Թոփչյանի մակարդակի արվեստագետ, եւ անկախության 25 տարիների ընթացքում նրան արժանի մի դերակատարում չառաջարկել։ Իսկ նրա տաղանդի մասին գրել են միշտ՝ նաեւ անկախության տարիներին։ 

Դերասանուհու, գրողի ու անընդհատ ստեղծագործողի նրա կերպարը մշտապես եղել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Բավական է ներկայացնել տարբեր տարիներին նրա մասին գրված գնահատականները, որպեսզի լիարժեք պատկերացում կազմեք արվեստագետ Թոփչյանի ստեղծած մշակութային ժառանգության մասին։

Անահիտ Թոփչյանը Գերտրուդի դերում, Համլետ

,,Ան՝ բեմ կբարձրանա հանճարներուն հատուկ սրբազան երկյուղ մը սրտին մեջ և անոնց պես վստահ հաղթանակին: Ուժերու գերագույն լարում: Մտքի և հոգիի հազվագյուտ կեդրոնացում: Նպատակին ինչ գնով ալ ըլլա հասնելու ոչ միայն վճիռ և գիտակցություն, այլ նաև կամք, ամբողջ ներքին աշխարհը իրեն հպատակեցնող ուժ:

Անահիտ Թոփչյանը կը հաջողեր սրահը ենթարկել իրեն, հմայել իր արվեստով և ստիպել հանդիսականները որ ալեկոծվին իրենց սրտերը, ընդունին որ ինք ստեղծված է Փառանձեմի դերը կատարելու համար և ընդունին որ անկարելի է մտահղանալ և մարմնավորել ավելի կատարյալ, ավելի կենսունակ Փառանձեմ մը:

Սիրելի դերասանուհի՝ Անահիտ Թոփչյան, Ժամանակը քեզ պիտի դարձներ Հայաստանի դերասանուհիներու թագուհին, ան՝ Ժամանակը պիտի տար քեզի՝ կոչումներեն բարձրագույնը, անմահության վկայականը, նախախնամության դրած կնիքով,,:  

Վահան Նավասարդյան, ՙՀառաջ՚, Փարիզ, 30 հունիս, 1990 թ

,,Դերասանական վարպետությունը, հիանալի դիմախաղը, շարժուձևերի հղկվածությունը, թատերական միջոցների չափավոր օգտագործումը, բեմական խոսքի անկաշկանդ տիրապետումը Անահիտ Թոփչյանին դարձնում են ժամանակակից հայկական դերասանական արվեստի (հատկապես նրա երիտասարդ սերնդի) լավագույն անուններից մեկը, նրանցից, ում հանդիսատեսը սիրում է և սպասում:

Հանդիսատեսը սովոր է նրան տեսնել ամենատարբեր իրավիճակներում, բայց ամեն տեղ նա մնում է նույն գեղեցիկ, հմայիչ, հետաքրքիր և լուրջ արտիստուհին,,:

Հենրիկ Էդոյան, ՙՍովետական Հայաստան՚ ամսագիր, Երևան, N3, 1985թ.

,,Անահիտ Թոփչյանն իր ամբողջ տաղանդը, իր ամբողջ ոգին ու հույզն է դրել այդ հոյակապ մենախոսության մեկնաբանության մեջ : Գրենոբլի հանդիսատեսը բարձր գնահատեց նրա ներկայացումը, քանզի Անահիտը գերող, ցնցող և հզոր տաղանդի տեր դերասանուհի է »:

Իշխան Մարտիրոսյան, ՙԿամք՚, Փարիզ, 14-15 մայիսի, 1990 թ.

Օլեգ Ստրիժենովը և Անահիտ Թոփչյանը ԵՐԿԻՐ Ց՞ՊԱՀԱՆՋ ֆիլմում, Մոսկվա, Մ.Գորկու անվ. կինոստուդիա, 1972թ.

,,Անահիտ Թոփճյանի տաղանդը գերող է, ապշեցնող, կ’ապրի իր մարմնավորած անձին հոգեվիճակը, և կբնորոշե բացառիկ ճկունություն:

Անվարան կրնանք զինքը սեպել Հայաստանի դերասանուհիներու թագուհին:

Եթե հայ ժողովուրդը ունենա մի քանի տասնյակ Անահիտ Թոփչյաններ, հայ կինը կդառնա ազգային փրկարար կարևոր լաստ»:

 Մանուէլ Գազանճեան, Լիբանան, ՙՆոր կեանք՚, 1993

Համլետի երկխոսությունը մոր հետ ներկայացման գագաթնային, լավագույն տեսարանն է: Մարում է լույսն ամբողջովին և ընդամենը մի շող է լուսավորում Թագուհու` Անահիտ Թոփչյանի սքանչելի դեմքը, որի վրա զարհուրելի փոփոխություն է տեղի ունենում: Հաղթանակող, անձն ամբողջությամբ համակող ինքնավստահությունից դեպի սոսկումը և դեպի այնպիսի դաժան ցավը, որ իսկապես. ՙԴու ուղղում ես իմ աչքերը հոգուս խորքը, // Եվ տեսնում եմ այնտեղ մի սև դատարկություն…՚:

Օլգա Կուչկինա, ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚, Մոսկվա, 15.04.1981թ.

Անահիտ Թոփչյանը Լեոնիդ Բիկովի հետ, Կիևի կինոստուդիա, ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ ֆիլմում, 1978թ.

,,Հայ մարդու, հայ արվեստագետի և հայ գրողի խորքային գիտակցությամբ ապրող ու ստեղծագործող Անահիտ Թոփչյան, հավաքական կերպարն է հայու այն որակին, որով կհատկանշվի մեր ազգային կենսակերպը»:

Սալբի Գասպարյան, ՙԶարթոնք՚, Բեյրութ, 20 հունվարի 2002թ.

            …

,,Անահիտ Թոփչյան, արդեն բազմավաստակ դերասանուհի, կրնանք անվարան զինք կոչել մեր արդի թատրոնին փայլուն աստղը, որպես մենակատար-հեղինակ, իր սքանչելի խաղարկութեամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասերներու բախտավոր այն ընտրանին , որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին»:

Սարգիս Վահագն, ՙՆոր Օր՚, Լոս Անճելես, 27 մայիսի 2000թ.

 

,,Անահիտը… Խոսքը չի վերաբերիր Անահիտ մայր դիցուհիին, այլ` հայրենի բեմի ամենեն կարկառուն դեմքերեն` Անահիտ Թոփճյանին, որուն շատեր պիտի չվարանեին անվանել նաև Հայ Բեմի դիցուհի, թե՜ իր բացառիկ կատարումներուն և թե մա՜նավանդ իր բեմական հմայքին ու կանացի գեղեցկության համար»:

Մովսես Ծիրանի, ՙԱզդակ՚, Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ.

 

,,Մեծ դպրոց անցած մեծ դերասանուհին, ի վերուստ օժտված լինելով բնատուր տաղանդով, խոսքի և պլաստիկայի վարպետ ներդաշնակումով, կարողացավ ալեկոծել, քարացնել ունկնդրին: Նա խաղում է պարզ, մաքուր, առանց ճիգ ու ջանքի, հավաստի ու բնական, կերպարի ճշմարիտ զգացողությամբ»:

  Անահիտ Չորբաջյան, ՙՀորիզոն՚, Մոնրեալ, Կանադա, 15 մարտի, 2006թ.

Անահիտ Թոփչյանը Ալեքսանդր Շիրվինդտի հետ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԸ ֆիլմում, Հայֆիլմ, 1981թ.

,,Շատ է գրվել ու խոսվել Անահիտի գեղեցկության մասին, սակայն պետք է զանազանել կյանքի գեղեցկությունը, կամ, ինչպես սփյուռքահայ արվեստաբան Մովսես Հերկելյանն էր գրում` ՙԱնահիտի երկնապարգև գեղեցկությունը՚(ՙԱզդակ՚, Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ) բեմական, կերպարային գեղեցկությունից: Կյանքի գեղեցկությունը բնությունից ստացածն է, իսկ բեմական գեղեցկությունը տաղանդի նշան է: Եվ հետո, Անահիտի գեղեցկությունը լի է բովանդակությամբ: Դա իմաստավորված գեղեցկությունն է` վսեմ արվեստի արտահայտություն:

Եվ Անահիտ Թոփչյանը եղավ մեկը նրանցից, ովքեր ապացուցեցին, որ հայ մշակույթն իրոք հասել է բարձր` միջազգային մակարդակի»:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՙԿինո՚, N3(21), 2013թ.

Եվ հանկարծ բարձր արվեստի մոգությունը միանգամից փշրվեց մեկ այլ, դարձյալ վսեմ արվեստի մոգությամբ՝ գեղեցիկի և բարու տիրույթներից տանելով դեպի արյուն, ավեր ու մահ, դեպի հարյուրամյա Աղետը: Փարիզի ՙՍալ Գավո՚-ի բեմում հայտնվեց Անահիտ Թոփչյանը՝ ոտքից գլուխ սև հագած: Հայտարարված էր, որ պիտի արտասանի մի հատված Պարույր Սևակի ՙԱնլռելի զանգակատունը՚ պոեմից: Առաջին իսկ բառերից մթնոլորտը դահլիճում փոխվեց: Եվ անսպասելիորեն, պարույրսևակյան բարբառախառն արևելահայերենին հաջորդեց դասական արևմտահայերենը,  Անահիտը ոչ թե արտասանեց, այլ փաստորեն բացառիկ մի դրամատիզմով խաղաց Ռուբեն Սևակի ՙՕրոր՚ բանաստեղծությունը՝ ՙԿիլիկյան երգեր՚ շարքից: Նախորդած տեքստից ծնված ողբերգականությունը թանձրացավ, հուզմունքը համակեց ամբողջ դահլիճը, արցունքներ երևացին… Ցավը սաստկացավ՝ 1909թ. Ադանայի ողբերգության ժամանակակցի ցավով, և շարունակվեց ու ավարտվեց ՙԶանգակատան՚ ամբողջական հատվածով: Սևակը հարստացավ Սևակով: Դա ոչ թե սոսկ ասմունք էր, այլ մեր գրական երկու լեզուներով զուգորդված, Աղետի երկու ընկալումներով դիտված, նույն ծածկանունը կրող երկու բանաստեղծների տեքստերի վրա կառուցված մոնոդրամ: Համերգից հետո հանդիսատեսները մոտենալով Անահիտ Թոփչյանին խոստովանում էին, որ նրա կատարման շնորհիվ զգացին Եղեռնի ողջ ահավորությունը: Դրանց մեջ նաև ֆրանսիացիներ կային: Իսկ արվեստաբան լրագրող Իզաբել Գևորգյանն իր բլոգում զետեղված հոդվածում Անահիտին անվանեց ՙՈղբերգակ դերասանուհի, մոլեգին և միաժամանակ զուսպ՚:

ՙԻրատես դե ֆակտո՚, 28 ապրիլի, 2015թ.

Անահիտ Թոփչյանը հեռու էր ստերեոտիպ դարձած հայ հերոսուհու կերպարից: Նրա արիստոկրատիզմը և ՙանհարկի՚ ինտելեկտը որոշակիորեն չէին մերվում մեր ռեժիսորների՝ հայուհու կերպարի պատկերացման մեջ: Հայտնվելով Փարիզում, Անահիտն անսպասելի բացահայտեց իր տաղանդի մեկ այլ կողմը: Պարզվեց, որ նա թատրոնին կարող է ծառայել ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես չափազանց ինքնատիպ դրամատուրգ: Ժողովածուի մեջ ամփոփված նրա պատմվածքները յուրատեսակ մոնոներկայացումներ են՝ լի հումորով և միաժամանակ ողբերգականությամբ: Այսինքն, դրանք պետք չէ պատմել, այլ պետք է կարդալ:Գրքում արտացոլված է Հայրենիքից հեռացած, բայց իր անհատականությունը պահպանել ձգտող մարդու դառը փորձը:                   

Արմեն Վաթյան, ՙՌեսպուբլիկա Արմենիի՚, 10 նոյեմբերի, 1998թ.

Նրան կարող եմ անվարան համարել հմայիչ կին, գեղեցիկ դերասանուհի, տաղանդավոր գրող: Երեք տարբեր բնույթի տաղանդ է տեղավորվել նրա հոգում: Աստված թող շատ չհամարի, սակայն կարծում եմ՝ դեռ քիչ եմ ասում Անահիտ արվեստագետի մասին:

Անահիտ Թոփչյանը ամեն առումով մեր գրական և արվեստի բնագավառում կմնա իբրև անկրկնելի երևույթ:

Անահիտ Երեմյան, ՙՄասիս՚ օրաթերթ, Պասադենա, 20 մայիսի, 2000 թ.    

Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավորություն:

Վ. Թաթիկյան,  ՙԱզգ՚, 10 դեկտեմբերի 1998թ.

ՙՉգիտեմ, երևի կգրվի՞ մեր այս վերջին տարիների տարագրության պատմությունն ամբողջությամբ: Բայց եթե որևէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կուզեի, որ ծանոթ լիներ ՙLady S.D.F.՚ գրքին: Ցավով գրված այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ… Անահիտ Թոփչյանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ոչ իր, ոչ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է՚:

Ս. Գալոյան, ՙԱզգ՚, 16 հոկտեմբերի 1999թ.

Այս բոլորին մեջ ամենեն հուզիչը, ուշագրավն ու քաջալերականը հոն է, որ տաղանդաշատ դերասանուհին, փոխանակ փարիզյան խստաշունչ կլիմային տակ խամրելու, ներքին իր կրակեն ու հրայրքեն պարպվելու` իր գրական շնորհները բացահայտեց պատմվածքներու բավական լուրջ հատորով մը հանդես գալով, ուր հասուն արձակագիրի ինքնուրույն ոճ կը դրսևորե:

Պողոս Գուբելյան,  ՙԱսպարեզ՚, Գլենդեյլ, 22 դեկտեմբերի 2006թ.

Անահիտի պատմվածքները զարմանալիորեն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիորեն` բեմական: Դրանք, ասես, խաղացված են դերասանուհի-գրողի կողմից, ըստ որում նա ոչ միայն հորինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանե նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կյանքի դերը, այլև խաղում է ծեր, հիվանդ կանանց, նույնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Ավելին, նա հմտորեն բեմականացնում է այդ պատմությունները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը և նույնիսկ լուսավորողը: Նա անում է ամեն ինչ և անում է գերազանց` նախանձելի երևակայությամբ և հնարամտությամբ, որովհետև ազատ է և տաղանդավոր՚:

Կարեն Քալանթար, ՙՆովոյե վրեմյա՚, Երևան, 9 փետրվարի 1999թ.

            …

Այս երկը (ՙԱնհետացում՚) բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրա¬ցող նման ստեղծագործություններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր ան-հատականությունը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտրված հունը՚:

Սուրեն Դանիելյան( ՙՕրեր՚, Պրահա, N5, 2010թ.)

     Անահիտ Թոփչեանը իր նոր վեպով սփիւռքահայ և հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: ՙԱնհետացում՚ վեպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է:

Պողոս Գուբելյան, ՙԱսպարեզ՚, Գլենդեյլ, 1 նոյեմբերի, 2010թ.

Անահիտ Թոփչյանի հերոսը՝ օրավուր ահագնացող բարոյալքման ու ոգեզրկման միջավայրում՝ անզիջում անհատն է, ինքնապավեն պայքարի մարտիկը՝ ընդդեմ կեղծ բարեպաշտության, ընդդեմ ցինիզմի ու ընդդեմ մարդու ոգեղեն թռիչքները կասեցնող ամեն տեսակի խաթարումների… Ընդդեմ նախանձի ու չարության, առանց պատճառի ատելության, հանուն սիրո, հանուն ինքնակատարելության, հանուն ճշմարտությա՜ն ի վերջո, որի խեղաթյուրված շահարկումների դեմ բացահայտում անելու միանգամայն մարդկային ձգտումը ևս ներքին բարոյականության պահանջն է, եթե ո՜չ ամենից կարևորը:

Գոհար Գալստյան, ՙՀորիզոն՚, գրական հավելված, դեկտեմբեր, Մոնրեալ, 2011թ.

..Ահահիտ Թոփչյանի ՙԱնհետացում՚ վեպը, գրողի ստեղծագործական տաղանդին զուգահեռ, կրում է նաև ավելի հազվագյուտ՝ բարոյական տաղանդի դրոշմը, այդ պատճառով իսկ կարծում ենք երբեք չի անհետանա հայ գրականության նվաճումների ցանկից՚:

Գայանե Աթանյան, Երևան ՙԱզգ՚, 14 հունիսի, 2011թ.

 

Անահիտի այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ ՙՏագնապ՚-ի հետ էի, իմ սենյակի մենության մեջ: Մի կատարյալ խրախճանք էր:

Վարդենի Բեդանյան, ՙԳրական թերթ՚, 5 հոկտեմբերի 2012թ.

Անահիտ Թոփչեան՝ իր ՙՏագնապ՚ վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորաթափանց հոգեբանի հայացք, յանդգնութիւն՝ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ… և, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական և խորագոյն իմաստով:

Երան Կույումճյան, ՙԱզատ Խոսք՚, Կիպրոս, ­17, սեպտեմբեր, 2012թ.

 

Վերջում ավելացնենք, որ այսօր առաջին անգամ մեծանուն դերասանուհուն ու արձակագրին շնորհավորել է նաեւ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը։

Նա շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ:

«Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում:

Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից: Ձեզ հաջողվել է կերտել տպավորիչ կերպարներ, որոնք հայ թատրոնի և կինոյի տարեգրության նշանակալի էջերից են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

Շնորհավորական բարեմաղթանքներին միանում է նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը, եւ մաղթում նոր  ու  հետաքրքիր դերակատարումներ։ Իսկ արդեն արվածի համար ասում.,,Շնորհակալություն,սիրելի Անահիտ Թոփչյան»։  

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

Անահիտ եւ Ալեքսանդր Թոփչյանների հետ 2011-ին ՕՐԵՐ-ի տված բացառիկ հարցազրույցին կարող եք ծանոթանալ այս հղումով՝

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
6. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
7. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
8. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
9. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
10. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: