ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան

18 նոյեմբերի, 2018 | 15:47

Հարցազրույց Աշուղ Աստղանուշի (Աստղիկ Մելիքբեկյանի) հետ

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը։ Ներկայիս հեռուստաընկերությունների ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված  աշուղներից Աշուղ Աստղանուշի (Աստղիկ Մելիքբեկյանի) հետ:

– Տարիների հեռվից գահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այն:

  • Անցած ճանապարհս ընդգրկուն է, դժվարագնա։ Սահմանամերձ Իջևանի շրջանում «Երգը որպես զենք» կարգախոսով եմ միշտ առաջնորդվել։ Իսկ Տավուշի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ աշխատելուս տարիներին ավելի եմ կարևորել մշակույթի ռազմավարական ու ազգապահպան դերն ու նշանակությունը՝ ազգաբնակչությանը կապելով մայր հողի հետ։ Որպես անհատ կատարողներ՝ մասնակցել եմ և՛ հանրապետական, և միջազգային փառատոն-ստուգատեսների, մրցույթների՝ արժանանալով դափնեկրի, հաղթողի կոչման։ Բոլոր հաղթանակ ակներիս տիտղոսն իմ ժողովրդի սերն է։ Ճամփաս Իջևանից ինձ բերեց Երևան…Ի՜նչը փոխվեց… Ձեռնադրվել, ինձ շնորհվեց աշուղ_վսրպետի կոչում, տրվեց «Աշուղ Աստղանուշ» պատվանունը(2009թ.)։ Իսկ 2013թ. արժանացա ձեռնադրեց աշուղի պատվին։ Ու այս ամենի նախաձեռնողը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն էր։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլով արդեն քանի՜-քանի համերգ եմ ունեցել. սա ձեռքբերում է։ Եվ ամենակարևորն այն է, որ ինձ ճանաչում են նաև իմ հեղինակած երգերով, որպես անհատ կատարող Ձեռնադրվեցի ձեռնադրող աշուղի պատվին:

-Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես այսօրվա հեռուստաընկերություններում։

-Եթե խոսքը վերաբերում է ընդհանրապես աշխատելուն, հետևյալը կասեմ. ՀՀ մշակույթի նախարարությունում աշխատել եմ՝ որպես աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։ Երբևէ խնդիր չեմ ունեցել, բայց հասկացել եմ, որ ստեղծագործող մարդը նման կառույցներում աշխատելիս իր ոսկի ժամանակն է կորցնում։ Հեռուստաընկերությունների հետ ընդամենը համագործակցել եմ, այն էլ՝ իրենց նախաձեռնությամբ։

– Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը։

. Այսօր ազգովի սպասում ենք Թավշյա հեղափոխության վերջնական ավարտին։ Ակնկալվող արդյունքը նախևառաջ ժողովրդի բարեկեցությունն է։ Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ՝ մեր օրերում, արվեստն իր ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն է թողնում հասարակության զարգացման վրա։ Մեր երկրում ընթացող ներքաղաքական իրողությունները, դեռևս չավարտված պատերազմը, Արցախի հարցը չէին կարող չդառնալ արվեստի գործերում արծարծվող թեմաներ և ուղղորդել մեր հանրությանը։ Հայրենասիրական երգերի տարափը շարունակվում է։ Այդ երգերը բորբոք են պահում հայ զինվորի մարտական ոգին ուղղորդելով:

– Մի հետաքրքիր դեպք պատմեք ձեր կյանքից:

-Իմ կյանքի հետաքրքիր դեպքերից մեկն եմ ուզում առանձնացնել, որ կապված է երջանկահիշատակ, մեծ երաժիշտ, քամանչահար Հրաչյա Մուրադյանի հետ… 1989 թվի հունիս ամիսն էր։ «Հայհամերգի» երաժիշտները, երգիչ_երգչուհիներով գտնվում էինք Բուլղարիայում։ «Արևային ափ»_ի 30_ամյակին նվիրված՝ Ժողովրդական երգի միջազգային փառատոնին մեր պատվավոր ու հաղթական մասնակցությունից հետո համերգային շրջագայությունները շարունակեցինք տարբեր քաղաքներում։ …Այդ օրն էլ մայրաքաղաք Սոֆիայում էինք։ Առավոտ էր։ Քայլում էի կենտրոնական փողոցներից մեկով։ Մեկ էլ …աչքս ընկավ փայլփլուն, սև, տղամարդու կոշիկի, որ ամրացված էր պինդ, կանեփի թելով։ Մտածեցի. «Էս պսպղան կոշիկ ունեցողը մի՞թե էդքա՜ն անճար է…»։ Նայեցի տղամարդու դեմքին. ՎԱՐՊԵՏՆ էր…Նկատեց զարմացական հայացքս և իրեն հատուկ ժպիտով ու Գյումրվա հագագով ասաց, թե «Ղայդին տղեն ըսպես կէղնի»……Հրաչյա Մուրադյանի («Օրթախ»)։

– Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում։

-Մեր երկրում ինձ ամենից շատ անհանգստացնում է կուսակցությունների միջև եղած այն անհամաձայնությունները, ներհակություննեչն ու անհանդուրժողականությունը, որոնք ջուր են լցնում թուրքի ջրաղացին…

-Ըստ ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

-Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար։

– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

-Այո՛, մշակույթը ժողովրդի դիմագիծն է, նրա էպոնիմը, քաղաքակրթության մակարդակի դրսևորումը։ Մաշտոց, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ջիվանի, Թումանյան….ունեցող ժողովրդի աշուղ դուստրն եմ ես… Պարծենալ չէի ասի, բայց հպա՜րտ եմ, որ մեր օրերի մշակութային աննախադեպ խառնարանում հայ աշուղական արվեստը զարթոնք է ապրում՝ մնալով անխառն ու շենշող, հարազատ մնալով իր ազգային հենքին ու դարավոր ավանդույթներին։ «Սայաթ_Նովա» աշուղական երգի անսամբլը (գեղ. ղեկավար՝ Թովմաս Պողոսյան) այս ոլորտի մշտալույս կանթեղն է։ Ջիվանու անվան աշուղական դպրոցը դարձել է Վարպետաց տուն, աշուղների սուրբ ոստան։

–  Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

-Այս հարցին ուզում եմ պատասխանել Թավշյա հեղափոխության օրերին(Արշակունյաց պողոտա, 22.04.2018թ.) իմ հեղինակած «Հայ ազգի կենացը» երգի բառերով. Ո՜վ վահագնազուն մեր քաջ հայ տղերք, Մասի՜սն է նայում մեր Երթին հպարտ, Ձեր ցա՜վը տանեմ, մեր խիզա՜խ տղերք, Հզո՜ր ենք, ուժե՜ղ, հա՜յ ենք մենք անպարտ։ Անառի՜կ է մեր Հայոց հին բերդը, Աստված է օրհնել մեր հզոր Երթը, Հալա՜լ վայելենք մի կտոր հացը, Խմե՜նք Հայ ազգի արդար կենացը։

– Ձեր ամենասիրելի գործընկերը հեռուստատեսության ոլորտում՝ նախկինում և հիմա։

– Իմ ամենասիրելի գործընկերը ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ է, որն ապահովեց 30.07.2009թ.թ. Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած իմ ձեռնադրության համերգ-եըեկոյի նկարահանումը, հեռարձակումը և տարբեր ալիքներով ՝ երգերիս հանրահռչակումը։

-Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս ժողովրդական երգարվեստի մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը։

-Ոչ միայն մութ ու լույս տարիների միջով անցա, այլև «գրադ ու ալազանի» տակ երկու որդիներիս հետ ապրեցի իմ տանը, իմ հայրենի գյուղում, չլքեցի երկիրս, ապուպապերիս գերեզմանները… Մոմի լույսի տակ երգեցի ժողովրդիս համար՝ նրան հույս ու հավատ ներշնչելով։ 1992թ. մասնակցեցի ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Անհատ կաըարողների և ժողգսրծիքների համույթների հանրապետական մրցույթ-ստուգատեսին՝ գրավելով առաջին տեղը։ Այդ հաղթանակն ինձ ավելի պարտավորեցրեց. այսօր էլ ինձ համար իմ Աչաջրի, Իջևանի հանդիսատեսը մնում է անփոխարինելի… 90-ականների երգը, թուրքի կրակոցներին խառնված, հույս ու հավատ էր ներշնչում, ապրեցնում էր։ Այսօրվա լավն էլ այն է, որ երգաշխարհի մենիշխանությունն ասես ժամանակավրեպ երևույթ է։ Միաժամանակ, ազատությունը վերածվել է նաև ամենաթողության, ով ասես երգում է մեծ բեմում. չեն գործում համապատասխան չափորոշիչներ։ Հաջողված հեռուստահաղորդումներ էլ կան, մինչդեռ մեծ մասամբ այդ հաղորդումները վարում են ոչ արհեստավարժները, ասենք՝ երգիչ-երգչուհիներ…

Ժարգոնը, արգոն, խոսակցական լեզուն՝ օտարաբանություններով համեմված, մատուցվում է եթերից…. Հասարակությանն ի՜նչ պիտի տան նման հաղորդումները… Համացանցը մրցակից է հեռուստատեսության համար. սա պիտի ականջին օղ անեն ոլորտի պատասխանատուները։

-Ունե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել։

-Կարծում եմ՝ աշխարհում չի գտնվի մեկը, որ չիրագործած նպատակներ չունենա։ Մի նպատակ ունեի, որն այլևս չեմ հասցնի, ավելի ճիշտ,… աննպատակ կլինի իրագործել.։ 90_ականներին աշխատում էի ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում՝ որպես բանասիրության ամբիոնի դասախոս։ Մասնաճյուղը միջնորդագիր ուղարկեց մայր բուհ՝ ինձ հայցորդ ձևակերպելու։ Ընդունվեց առաջարկը։ Թեման էլ տվ եցին՝ «19_րդ դարի երկրորդ կեսի հայ դորպատյան պոեզիան»։

Կարճ ժամանակ աշխատեցի, բայց քանի գրիչ էի վերցնում, ե՜րգ էի գրում՝ «Իմ յարը սոխակ է», «Դե խոսի՜ր, լռա՜ծ բլբուլս»… Հիրավի, …բլբու՜լս խոսեց… Ունեմ նաև նպատակներ, որոնք Աստծո կամոք գուցե իրագործվեն. տեսնել ծածանվող ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ(երա՜զ է, երազա՜նք)։ Մի երգ ունեմ՝ «Մասիս սարս տարազ հագավ երազում»… Ուզում եմ. Թարթառի ձորից՝ կակաչներ բոսոր Ու Գանձասարից՝ ղողանջ զանգերի Բերե՜մ ու շա՜ղ տամ ծեգից մինչ կեսօր Ու երգեմ՝ անգամ առանց հանգերի… Նպատակ ունեմ՝ թոռներիս հարսանիք անեմ՝ զառվա՜ռ տարազը հագիս…

Նպատակ ունեմ՝ հայ քաջորդիների հարսանիքը Էրգրու՜մ, այո՜, Էրգրու՜մ անենք, որ սազիս ձայնից բացվեն Նեմրութ սարիս ծաղիկները, որ հայ քաջերի ու Հայաստանի սիրունների ուրա՜խ երգ ու պարից բացվի Էրգրիս սիրտը, ցրվի Մշո դաշտի մշուշը…. Ի՜նչ ասեմ. Մակարավանքիսս Խաչից թև առնեմ, Աղոթքս երգե՜մ, հղեմ առ Աստված…Մակարավանքիս

-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը։

-Այսօր մենք ունենք հզո՜ր, բանիմաց, սկզբունքային, առաջադեմ երիտասարդություն (ես դրանում համոզվեցի հատկապես այս գարնանը. չբերե՜մ նոր երգ գրեմ՝ «Էս գարնան». Աշուղ Աշոտը գրել է «Էն գարնան»)։ Խրատ տալն այնքան էլ շնորհակալ գործ չէ, ահա թե ինչու մեր երիտադարդության հետ կուզեմ խոսել երգիս լեզվով. Ոգու զարթոնք է մեր Հայաստանում, Պայքարի գարուն, հոգու ծաղկազարդ, Առյուծն է զարթնել, քունը չի՜ տանում, Ջա՜ն հայ ջահելներ, դուք՝ մեր երկրի զարդ։

Ջա՜ն, խաղս է եղել մեր Երևանը՝ Վեհ ընդվզումով, ցասումով կրակ, Ականջը կանչի՜. հեռու՜ է Վանը, Չկանգնե՜ք, Հայե՜ր, մե՜րն է Հաղթանակ։Թուրքի հետ մեր պատերազմը դեռ չի ավարտվել։ Հայ երիտասարդը նախևառաջ ԶԻՆՎՈՐ է։ Դիմում եմ հայ երիտասարդությանը. Մեր Եռագույն դրոշի տակ Երդվենք լինել զինապարտ. Հայի սերը՝ միշտ անհատակ, Հայի ոգին՝ միշտ անպարտ։

Հիշե՜ք տողերս. Մենք Վահագն ենք, վահագնազու՜ն, Հայկա զավակ, քաջ հայկազուն, Ռիթմն ու շունչն ենք Հայրենիքի, Մե՜նք ենք տերը մեր գալիքի։ ԱՇՈԻՂ ԱՍՏՂԱՆՈՒՇԶարթնեցի՜ր, լաո՜, էլ քնել չկա՛՝ Հայոց Եռագույն դրոշը վկա, Գիտցի՛ր, որ կողքիդ, իր երգով անուշ, Մի՛շտ կանգնած է քո Աշուղ Աստղանուշ…

 Գարիկ Ավետիսյան


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: