ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան

19 մայիսի, 2018 | 07:36

Մայիսի 18-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։ «Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը»,- շեշտեց նախարար Մնացականյանը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։

Արցախի նախագահը կարևորեց Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ` Արցախի նախագահի հետ հանդիպման արդյունքներով

 

Հարց. Պարոն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ինչ եք քննարկել, ինչի շուրջ եք խոսել:

Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին:

Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է:

Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը, անընդունելի է, անկարելի:

Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը:

Հարց. Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը:

Զոհրաբ Մնացականյան. Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: