ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:

14 նոյեմբերի, 2018 | 10:08

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում: Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակացությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: «Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրաշրջանառության և ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և համապատասխան քայլերի իրականացումը: «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը և տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման և ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Դեսպանի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,– ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների տարբեր հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում ունեցող քաղաքական փոփոխություններին, բարեփոխումների ընթացքին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
2. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
3. Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները
4. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
5. Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը
6. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
7. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ
8. Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերությանը
9. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
10. Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: