ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մենք պետք է ուխտագնացության ճանապարհը սովորական դարձնենք»

05 փետրվարի, 2016 | 10:49

book eritsian ev ailk«Էդիթ-Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Սերգո Երիցյանի, Սիմոն Ծատուրյանի, Միրզա Սլոյանի «Էրգրի կարոտով» գիրքը, որը արդյունք է նրանց Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության։ Գիրքը ներկայացնում հեղինակներից մեկը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

Հեղինակներիս պատմածը առաջին հայացքից են տպավորություններ և դիտարկումներ, քանի որ, վերջին հաշվով, ողջ շարադրանքով արտահայտված է մեր մեծ 100-ամյա ցավը, որն ուղեկցում է մեզ` փոխանցվելով սերնդեսերունդ: Եվ պատահական չէ, որ երեք հեղինակներն էլ Արևմտյան Հայաստան են այցելել  պատմական հարուստ նյութերի ուսումնասիրություններով: Այդ ամենը այցելության ընթացքում բարձրաձայնվում է, իհարկե, այն զգացմունքային դրսևորումներով, որ ունեցել է նրանցից յուրաքանչյուրը այս կամ այն բնակավայր, այստեղ-այնտեղ պահպանված բեկորներին այցելելուց հետո: Ցավոք, նրանց այս այցելությունը սոսկ ճանապարհ չէ, այլ ուխտագնացություն` կոնկրետ նպատակներով ու երազներով:

Մանավանդ որ, թուրքը դեռ չի ուզում ապրել այն տներում ու բակերում, ուր հայեր կամ եզդիներ են ապրել: Ուրեմն նրանք սպասում են իրենց իսկական տերերին:

Այս նույն տարածքներում քիչ չեն նաև այն մարդիկ, որոնց ավագ սերունդները հավատափոխ են եղել, մահմեդականացվել կամ ծպտյալ մնացել:

Այսօր նրանք` երիտասարդները, բացահայտ հայտարարում են իրենց ծագման և արմատների մասին: Պետք է ավելի արթնացնել նրանց: Դա ինչ-որ տեղ կնշանակի ազգային քուն մտած ինքնության զարթոնք, որը բավականին ընդգրկուն կլինի, և չեմ բացառում, որ նրանք այնքան էլ քիչ չեն Թուրքիայի տարածքում և կարող են շատ բան փոխել:

Ժամանակների հետ հողին են հավասարեցվում հայկական պատմաճարտարա­պետական հուշարձանները, և, բնականաբար, դրա դեմն առնող չկա, չնայած, կան և օրինակներ, երբ Թուրքիայի պետությունը վերականգնում է և հայկական պատմաճարտարապետական հուշարձանները:

Գուցե ժամանակն է, որ հայությունը գեթ մեկ եկեղեցի կամ որևէ մեկ այլ հուշարձան վերականգնի Արևմտյան Հայաստանում: Նման օրինակները կարող են և վարակիչ լինել, և արդյունքում, օրինակ, կարող ենք ունենալ վերականգնված Վարագա կամ Մշո Առաքելոց վանքերը:

Ինչ-որ տեղ ինձ համար զարմանալի էր այն մեծ հետաքրքրությունը, որ կար հայերի և հայաստանցիների նկատմամբ` ավելին կլիներ, եթե շփման հնարավորությունն ավելի դյուրին լիներ: Ուրեմն սահմանի բացումը, եթե ուրիշ բան չլինի այս առումով, կարող է դրական լինել: Մարդիկ ուզում են Հայաստանում լինել, բայց ճամփան շատ երկար է: Իսկ եթե սահմանը բաց լինի՝ իգդիրցին հաշվված ժամանակում կարող է Հայաստան հասնել, իսկ հայաստանցու համար դժվար չի լինի հասնել Բայազետ կամ Վան:

Ուխտավորներս շատ այլ իրողություններ հասկացանք, որ, մասնավորապես, պատմական դաժան իրականությունը և դրանից բխող անցած՝ երբեք չմարող մեր հույզերին պետք է զուգակցել իրական կյանքը, հնարավոր շփումները ու նաև դրա վրա հյուսել փոխհարաբերությունների ներկան և ապագան:

Եվ, վերջին հաշվով, մենք պետք է ուխտագնացության ճանապարհը սովորական դարձնենք, բայց պահպանենք, որ այդ վայրերը մեզ համար դառնան նույնքան հարազատ ու ցանկալի, ինչպես այսօր մեր եզդի բարեկամ Միրզա Սլոյանի համար. իր հայրենի գյուղում հարազատ անկյուններ էր փնտրում և գտնում, այստեղ իրենց գերդաստանն է ապրել՝ 100-ամյա տները քանդված են, բայց դեռ պահպանված, որովհետև թուրքը հարամ է համարում այն տունը, ուր հայն ու եզդին են ապրել…

Մեր բոլորի երազանքն է ապրել հենց այդ տներում: Այս և նման զգացումներ են արտահայտված գրքի շարադրանքում, որը ինձ հետ միասին սիրով ներկայացնում են մյուս հեղինակները` իմ լավ բարեկամներ Սիմոն Ծատուրյանը և Միրզա Սլոյանը:

100 տարի է անցել Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներից, բայց ցավը մնում է ամեն մեկիս մեջ, մխում է, քանի որ այն դեռևս անթեղված է: Այս ամենը բուժելն էլ դժվար է: Բայց պետք է ընտրենք այդ ճանապարհը, թեկուզ և այսպես այցելելով մեր ցավի ու երազանքի երկիրը:

Գրքի ողջ շարադրանքը ցույց է տալիս, որ մեր հեղինակներից յուրաքանչյուրն այս ուխտագնացությունից հետո արդեն նորովի է վերաբերվում մեր հայրենի եզերքին, որ Արևմտյան Հայաստան ու կորուստյալ հայրենիք է կոչվում: Եթե մինչ այցելությունը այն մեզ համար դժվար հասանելի էր թվում, այսօր այլ է պատկերացումը. պարզապես սահման կոչվածը մի կողմ պետք է դնել, քանի որ այն քեզ նույնքան մոտ ու հարազատ է, որքան Լոռին կամ Սյունիքը, Արցախը կամ Ջավախքը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը ամեն ինչ պիտի անի, որ այն մեզ միշտ մոտիկ ու հասանելի մնա: Թող իսկապես այնպես լինի, որ եթե ուզենաս գնումներ կատարել, դա նաև Իգդիրում անես, սահմանից անցնես այդ մի քանի կիլոմետրը և այդպես վարվես:

Մենք այսօր ամեն ինչ պետք է անենք, որ մոտենանք մեր հարազատ վայրերին և ոչ թե հեռանանք ու երբեք կորուսյալ չհամարենք: Ինչու չէ, պետք է բարի դրացիություն ունենալ, որքան էլ անթեղված ցավ ունենք մեր սրտերում ու հոգիներում:

Եվ եթե մի օր հարևանի կողմից այդ զղջումն էլ եկավ, որը ավելի պարզ նշանակում է Հայոց ցեղասպանության ճանաչում հարևան երկրի կողմից ու ճիշտ փոխհարաբերությունների կառուցում, այդ դեպքում ավելի քան տասնյակ հազարավոր Հայանուշներ ու Հրանուշներ ի հայտ կգան: Բայազետցի Զաքարն էլ կանցնի Արաքսը և կփորձի գտնել 1915 թվականին սահմանն անցած իր հարազատներին և ոչ թե 100 տարի կհարմարվի դառը ճակատագրին:

Ես ուրախություն եմ ապրում՝ մամուլում ընթերցելով, թե դիարբեքիրցին կամ դերսիմցին ինչպես է 100 տարի անց գտնում իր հարազատներին, որովհետև ավագներից, ովքեր այսօր այլևս չկան, պատգամ ունեն՝ գտնել միմյանց: Եվ գիտենք, 100 տարի անց որքա՜ն մարած հույս է վառվում հայոց օջախներում: Արևմտյան Հայաստանում ապրող իրենց ազգային ինքնությունը համարյա թե կորցրած մարդիկ նոր կյանք են ստանում, նոր հույս ու հավատ: Այս կերպ մենք կարող ենք 100 տարի հետո ուղղել մեր մեջքը և վերընձյուղվել: Եվ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար պիտի շարունակենք ուխտավորներ լինել, բայց և պահանջատեր՝ որ մի օր մենք մեր տուն ենք վերադառնալու:


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
3. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
4. Չինական դասական պոեզիայի հարստությունը
5. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
6. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
7. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
8. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
9. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
10. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: