ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարավոր էր և ինչ կարող էինք. Հրանուշ Հակոբյան

10 տարի՝ հստակ առաքելությամբ ու արդյունավետ աշխատանքով
10 մայիսի, 2018 | 19:16

Հրանուշ Հակոբյանի ամփոփիչ հարցազրույցը՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում

10-ամյա գործունեության վերաբերյալ

10 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը: Համայն հայության համար  այս կառույցի հիմնումը դարձավ Սփյուռքի բացառիկ նորովի վերարժևորման և վերաիմաստավորման հնարավորություն: Այլևս որոշվեց ու արձանագրվեց՝ հայ ժողովրդի նվաճումներն ու հաղթանակները պիտի կերտենք ու պիտի տոնենք միասին, պիտի հյուսենք մեր սրտերն ու հոգիներն իրար, և երկնային խորհրդի ուժով նոր գաղափարներով ստեղծենք մե՛ր երրորդությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Գնալ երազած Հայաստանի ճանապարհով՝ չներգրավելով այնտեղ Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու ավանդը, ասել է՝ թե երկարաձգել հաղթական տապանին հասնելու ժամանակն ու տարածությունը: Ահա այս գիտակցությամբ ու առաքելությամբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, ու այսօր ամփոփելով տասնամյա պատմությունը՝ կարող ենք ասել՝ արդարացված գոյություն, տքնաջան աշխատանք Հայաստանում և Սփյուռքում, ամուր գործակցություն և հզոր կապեր: Հայրենիքում յուրաքանչյուր սփյուռքահայի տունը դարձած այս կառույցը, որ շունչ ու կյանք է ստանում իր բանիմաց աշխատակիցներով, ամեն օր գալիս է ասելու. այո՛,  Հայաստանը բոլորովի այլ է առանց Սփյուռքի և միանգամայն այլ, ավելի պայծառ, ուժեղ, երիտասարդ ու խելացի՝ իր Սփյուռքով:

Ամեն օր յուրաքանչյուր սփյուռքահային դիմավորելիս՝ այստեղ կարելի է լսել հետևյալ խոսքերը. «Բարո՛վ եք եկել Ձեր տուն»: Իսկ տասը տարի շարունակ տուն-նախարարությունում այս բառերը, անկասկած, ամենից հաճախ ասել է կառույցի հիմնադիրներից սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

  • Տիկի՛ն Հակոբյան, ասում են՝ Սփյուռքը Հայաստանի շունչն է ամբողջ աշխարհում, իսկ Հայրենիքն էլ Սփյուռքի զգայուն, մեծ, առողջ սիրտն է: Սփյուռքի նախարարության շնորհիվ սիրտն ու ոգին նորովի կապվեցին իրար: Մի պահ հետ նայելով՝ ի՞նչ կարող եք արձանագրել հիմա՝ նախարարության ստեղծումից մեկ տասնամյակ հետո: Ինչպե՞ս դրվեցին նախարարության առաջին «քարերն», ու ի՞նչ սկզբունք որդեգրվեց հետագա աշխատանքի համար:

– Այո՛, 2008 թվականից մինչ այսօր Հայաստան-Սփյուռք գործակցության նոր փուլ արձանագրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումով, Հանրապետության երրորդ նախագահի որոշմամբ: Սփյուռքի նախարարությունը մշակեց Հայկական սփյուռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ և ռազմավարական ծրագիր, որոնք հաջողությամբ իրագործվում են Սփյուռքի համապատասխան կառույցների և կազմակերպությունների աջակցության, մասնակցության և համախմբման արդյունքում: Առանց Սփյուռքի կառույցների համաձայնության և գործակցության անհնար կլիներ նախարարության գործունեությունն ու նոր ծրագրերի իրականացումը: Ինչպես ընդունված է ասել՝ ծափ տալու համար երկու ձեռք է պետք: Այսօր բոլորովին նոր որակ, նոր ձևեր և մոտեցումներ է որդեգրել Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

Նախարարությունն ի սկզբանե իր առջև դրեց երեք ռազմավարական խնդիր: Առաջին՝ նպաստել հայապահպանությանը Սփյուռքում, մշակել հատուկ ծրագրեր հայ ինքնության պահպանման, Սփյուռքի ուծացման դեմ պայքարին օժանդակելու համար, երկրորդ՝ բացահայտել և համախմբել Սփյուռքի ներուժը և օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար և երրորդ՝ մշակել ծրագրեր, որոնք կարող են խթանել հայրենադարձությունը: Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականությունը գլխավորապես հիմնված է գործընկերային հարաբերությունների կառուցման և զարգացման, փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա, ինչն իրականացվում է երկխոսության, փոխադարձ հարգանքի, փոխզիջումների և փոխհամաձայնության ճանապարհով՝ զարգացման նոր հեռանկարների ուղենշմամբ:

Մեր խնդիրը դարձավ Սփուռքի հետ աշխատանքները կազմակերպել §Ճանաչել, վստահել և գործակցել» սկզբունքով: Սփյուռքյան շատ կառույցներ տարիների փորձից գիտեն,  որ եթե ցանկություն ունի որևէ նախաձեռնություն իրականություն դարձնել, ապա կարող է դիմել մեր նախարարություն և ստանալ համապատասխան աջակցություն:

Մյուս ակնհայտ ձեռքբերումն արտացոլվում է  լրատվության մեջ, որում մշտապես առկա է Սփյուռքի թեման: Եթե նախկինում շաբաթը մեկ անգամ էր Սփյուռքը  հիշատակվում հայաստանյան լրատվության մեջ, ապա այժմ չկա այդպիսի օր, որ  չխոսվի Սփյուռքի մասին: Դրան նպաստող ամենակարևոր հանգամանքը հայաստանյան ծրագրերում սփյուռքյան  բաղադրիչի առկայությունն է, այսինքն՝ դրանք համահայկական են դարձել, ինչը նշանակում է Սփյուռքի հավերժ ներկայությունը Հայաստանում: Սփյուռքը և Հայաստանն այսօր ուժ են ստանում իրարից: Այդ ուժն  ակներև դարձավ Ապրիլյան քառօրյայի ընթացքում, և բոլորն իմացան, որ Արցախը նաև Սփյուռքի Հայրենիքն է, և Սփյուռքը պատրաստակամ է պայքարելու  Արցախի պաշտպանության համար:

Մեր նախարարության նպատակը հայապահպանությունն է, մայրենիի պահպանությունը, Հայրենիքի ճանաչողությունն ու Սփյուռքի ներուժի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի հզորացման ու համահայկական օրակարգային խնդիրների լուծման: Տարիների ընթացքում Սփյուռքում քննություն են բռնել տասնյակ ծրագրեր՝ ,,Արի տուն», ,Սփյուռք» ամառային դպրոց, ,,Իմ Հայաստան» համահայկական փառատոն, ,,Մեր մեծերը», համահայկական մասնագիտական ու Հայրենիք-Սփյուռք  համաժողովները, մրցույթները, մրցանակաբաշխությունները և այլն:

 

Տիկի՛ն Հակոբյան, ամեն ամառ «Արի տուն» ծրագրի հարյուրավոր մասնակիցներին հաճախ կարելի է տեսնել Երևանում քայլելիս: Նրանք հպարտորեն կրում են «Արի տուն» գրությամբ շապիկներն ու վայելում Հայրենիքի արևը: Դուք նրանց տուն եք բերում, սովորեցնում մայրենին, կապում իրար, հնարավորություն տալիս ճանաչել Հայաստանն ու գիտակցել, որ անգամ մեր արևն է ուրիշ, ու մեր սերը, միասնությունը, հավատը կարող են փոխել անգամ երկրագնդի ուղեծիրը: Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ նախաձեռնել, չեմ տարակուսի ասել, հայրենաճանաչության ամենալավ երիտասարդական ծրագիրը:

«Արի տուն» ծրագիրը այս տարի տոնում է իր տասնամյակը: Կարծում եմ՝ սա խոսուն փաստ է: Իհարկե, չեմ կարող չնշել, որ ծրագիրն իր տեսակի մեջ յուրահատուկ է: Նախևառաջ Հայաստան այցելած պատանիները 9 օր շարունակ ապրում են հայկական ընտանիքներում, սովորում հայկական նիստուկացը, բարեկամանում ու այսպիսով նաև կապվում Հայրենիքին: Իսկ ահա ճամբարային 5 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցներն ավելի լավ են ճանաչում միմյանց, ընկերանում, ստեղծում մեծ համահայկական երիտասարդական ցանց: 2014 թվականից սկսած` ծրագրի մասնակիցների համար, մինչ հայաստանյան պատմամշակութային վայրեր այցելելը, կազմակերվում են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ: Կարևոր ու պարտավորեցնող է, երբ երեխաներն իրենց առավոտները սկսում են մայրենիի դասով, որ միաժամանակ դառնում է նաև հայրենասիրության ու հայկականության դաս:

Յուրաքանչյուր տարի մեծանում է այս ծրագրի շրջանակներում Հայաստան այցելել ցանկացողների թիվը: 2009-2017 թվականների ընթացքում ծրագրին մասնակցել է շուրջ 8000 պատանի և աղջիկ: Ասել է թե՝ 16000 ընտանիք բարեկամացել է, ընկերացել, և այդ կապերը գնալով խորանում են:

«Արի տուն» ծրագիրը կարծես խորհրդանշում է Հայրենիք-Սփյուռք գործակցության ողջ գաղափարախոսությունը` նպաստել աշխարհասփյուռ հայերի ազգային ինքնության պահպանմանը, ամրապնդել Հայրենիքի հետ կապն ու հող նախապատրաստել հայրենադարձության համար: Տպավորիչ և անմոռաց են երեխաների համար շփումները երկրի ղեկավարության և արվեստի գործիչների հետ: Նրանք գնում են հայրենիքից՝ անպայման վերադառնալու պայմանով, Հայաստանի նկատմամբ սերն իրենց սրտում տանելով: Մենք ցանել ենք սերմեր, որոնք ապագայում կծլարձակեն և խոր արմատներ կգցեն:

 

-Տիկի՛ն Հակոբյան, 2012 թվականից ամեն ամառ Երևանի պետական համալսարանի շունչը դառնում է «Սփյուռք» ամառային դպրոցը: Մտնում ես համալսարան ու զարմանում՝ մի կողմում հայկական ազգային երգն ու պարն է, մյուս կողմում սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներ են նոր ծրագրեր մշակում, մեկ այլ կողմում Սփյուռքը հայ պահող խոհեմ ուսուցիչն է վերապատրաստվում, և ի վերջո ամենամեծ հրաշքը՝ մեկ ամսում արագացված դասընթացի շնորհիվ հայ պատանին սովորում է աստվածային մայրենին: Ո՞րն է ծրագրի հաջողության բանաձևը:

Բացի Լիբանանում հաջողությամբ գործող Հայկազյան համալսարանից՝ Սփյուռքում չկար որևէ կրթական հաստատություն՝ ուսուցիչ պատրաստելու կամ վերապատրաստելու համար: Ուստի հրամայական էր նման կառույցի ստեղծումը, որն էլ դարձավ «Սփյուռք» ամառային դպրոցը: Ամառային դպրոց-ծրագրի շրջանակներում իրականացվում է Սփյուռքի մասնագետների պատրաստում և վերապատրաստում 5 ուղղություններով` հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ, Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, լրագրողների ամառային դպրոց, երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստման ամառային դպրոց, ազգային երգի, խմբավարների և պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ինչպես նկատեցիք, ամառային դպրոցն ընդգրկուն ու հագեցած է, և ես շատ ուրախ եմ, որ նախարարության հայրենաճանաչության, մշակութային ծրագրերի կողքին իրենց տարածվածությամբ և մասնակիցների թվով չեն զիջում նաև գիտակրթական ծրագրերը:

«Սփյուռք» ամառային դպրոցի առաքելությունը շատ պարզ է՝  Հայրենիք-Սփյուռք հուսալի և արդյունավետ կամուրջների ստեղծումն ու ամրապնդումը, հայոց լեզվի իմացության ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանը օժանդակումը, համայնքներում առկա ներուժի հաշվառումն ու համախմբումը, համահայկական ծրագրերում նրանց ներգրավմանն աջակցությունը:

2012 թվականից իրականացվող ծրագրին արդեն մասնակցել է 1200-ից ավելի սփյուռքահայ՝ աշխարհի ավելի քան 40 երկրից: Նրանցից յուրաքանչյուրն իր հետ տարել է ոչ միայն նոր գիտելքիներ, գաղափարներ, այլև ուժ է առել Հայրենիքից, տեսել այն փոփոխությունները, որոնք առկա են, և գնացել է՝ մի օր նորից վերադառնալու երազանքով:

 

Չեմ կարող չնշել, որ նախարարության բոլոր ծրագրերը հետաքրքիր անվանումներ ունեն. և՛ համահունչ են իրենց բովանդակությանը, և՛ գեղեցիկ են: Հայապահպանությանը, Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, ՀայաստանՍփյուռք կապի ամրապնդմանը միտված մեծ  ծրագրեր են նաև  «Իմ Հայաստան»  և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնները, «Մեր մեծերը» ամենամյա շարքը: Արդյո՞ք նույնչափ տարածում ու ընդգրկուն մասնակցություն են ունենում այս ծրագրերը Սփյուռքում:

Սփյուռքում հայ մշակույթի տարածումն ու պահպանումը ժամանակի մարտահրավերներն են դարձել: Այսօր հաճախ են խոսում համաշխարհայնացման ու ցանցավորման մասին, այս ամենը դիտարկում լավ ու վատ կողմերից: Ինչ խոսք, ժամանակն առաջ է գնում, ու մենք պարտավոր ենք հաշվի նստել դարի մարտահրավերների հետ: Ահա այդ գիտակցմամբ էլ նախարարությունը դարձավ Սփյուռքում հայապահպանության հիմնական առաջամարտիկներից մեկը:

Հայ մշակույթի պահպանմանը նպաստող կարևոր ծրագրերից է հատկապես «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոնը, որն անցկացվում է 2 տարին մեկ: Փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը, մշակութի միջոցով ազգային ինքնության պահպանումը, զբոսաշրջության խթանումը, Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի և համագործակցության ընդլայնումը, նոր գեղարվեստական համույթների և տաղանդավոր անհատ կատարողների հայտնաբերումը: Փառատոնն իրոք վերածվում է համահայկական տոնախմբության ու տևում է գրեթե երկու ամսից ավելի: Պարարվեստի օրեր,  ասմունքի համահայկական փառատոն, երգչախմբային արվեստի օրեր, դուդուկի և հայկական նվագարանների փառատոն, հայ երգի օր. ահա այսպես հայաստանցի, արցախցի ու սփյուռքահայ պատանիները, արվեստագետներն ու երաժիշտներն արվեստի լեզվով մեկ անգամ ևս մասնակիցն ու վկան են դառնում ազգային համախմբվածության և միասնականության:

2012 թվականից սկսած փառատոնին մասնակցել են շուրջ 4000 հոգի (մոտ 110 պարախումբ, 30 երգչախումբ,  50-ից  ավելի երաժիշտ, 70 անհատ կատարող և այլն): 2018 թ. իրականացվող փառատոնին ակնկալվում է ավելի քան 2000 մասնակից:

Այս մշակութային հրավառությունը նախևառաջ հայապահպանության, Հայրենիքը ճանաչելու, հայկական մշակույթն ըմբոշխնելու մեծագույն հարթակ է:

Մշակութային նորույթ էր «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպումը, որի բուն նպատակն է Մեծն Կոմիտասի երգն ու երաժշտությունը, անգնահատելի ժառանգությունը Սփյուռքի սեփականությունը դարձնելը: Այն նպաստում է նաև օտարների շրջանում կոմիտասյան արվեստի հանրահռչակմանը, բազմաշնորհ հանճարի անցած ուղու նորովի արժևորմանը, նոր լույ­սի ներքո եղեռնը վերապրած արվեստագետի կեր­պա­րի ճանաչմանը, Սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանը, Հայրենիքի հետ կապերի ամրացմանն ու զարգացմանը, մշակութային կապերի խորացմանը:

2013 թվականից  ամեն տարի կազմակերպվող «Կոմիտաս վարդապետ» և «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոններին մասնակցել է շուրջ 1000 սփյուռքահայ: Նրանք երգել ու ապրել են Կոմիտասով՝ հավատալով, որ նրա մաքրամաքուր հնչյունները կմաքրեն նաև ունկնդիրների հոգիները, կտարածվեն աշխարհով մեկ ու կդառնան համաշխարհային ժառանգություն: Ողջունելի է հատկապես այն փաստը, որ փառատոնների շրջանակներում կազմակերպվում են համերգաշարեր ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի Հանրապետության մարզերում, Արցախում:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր տաղանդավոր զավակների շնորհիվ լուրջ ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Անուրանալի է գիտության, ավիաշինության, միջուկային ֆիզիկայի, մաթեմատիկայի, բժշկության, արվեստի, գրականության, երաժշտության և սպորտի բնագավառներում հայ անվանիների ներդրումը: Նրանցից շատերը դարձել են համամարդկային արժեք և իրենց մնայուն տեղը գրավել համաշխարհային մեծերի անդաստանում: Ահա թե ինչու մեր տաղանդավոր հայորդիներին սփյուքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնելու նպատակով 2009 թվականից սկիզբ դրվեց «Մեր մեծերը» ծրագրին, որը լուսաբանում է մեծանուն հայերի կյանքն ու գործունեությունը: Յուրաքանչյուր տարի գիտության, արվեստի, գրականության, հոգևոր, քաղաքական, տնտեսական ոլորտներից  4-5 հայտնի անուններ  ներկայացնելով՝ նպաստում ենք հատկապես երիտասարդության շրջանում նրանց ճանաչմանը և օգնում, որ նրանք արժանապատիվ ու հպարտ հայ մեծանան:

Ծրագրի շրջանակներում Սփյուռքի կրթամշակութային օջախներում, ինչպես նաև հայաստանյան բուհերում և դպրոցներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ, շարադրությունների մրցույթներ, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում խտասալիկներ և այլն: Եթե ամփոփենք, ապա 2009-2018 թթ. ընթացքում ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև Արցախի, Սփյուռքի կրթամշակութային օջախներում իրականացվել են և շարունակում են իրականացվել 60 մեծի՝  բարերարների, հոգևորականների, գրողների, նկարիչների, հերոսների, երաժիշտների, հայկական կառույցների նվիրված 273 միջոցառում՝ համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվել և թողարկվել են 17 գրքույկ ու  խտասալիկ:

Հպարտությամբ պիտի նշեմ, որ 2018 թվականին ծրագրի շրջանակներում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված մեծագույն բարերար Միքայել Արամյանցին, հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանին, աշխարհի ամենահամարձակ հայուհի Զապել Եսայանին, հայ բեմի վարպետ Վահրամ Փափազյանին, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին և հերոսներին:

 

Այս տարի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության 2017 թվականի արդյունքների ամփոփմանն իրենց դիպլոմները ստանալու էին եկել մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից: Սա ինքնին ծրագրի գնահատականներից մեկն է: Ի՞նչ առաքելություն է դրվել ի սկզբանե այս ծրագրի հիմքում:

Ամենամյա այս մրցանակաբաշխության հիմքում մենք դրեցինք մի քանի նպատակ՝ խրախուսել Սփյուռքում հայապահպանության, հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման գործում հայկական կառույցների, կրթամշակութային հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը: Այս նպատակների իրագործմանը մենք ականատես ենք լինում ամեն տարի, երբ տեսնում ենք մասնակիցների հուզմունքը, ոգևորությունը, սպասումը: Մրցանակաբաշխության անվանակարգերը մշտապես փոփոխվում են՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ»,   «Լավագույն լրատվամիջոց», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն », «Լավագույն հայկական համայնք», «Լավագույն գեղարվեստական խումբ»,  «Ավանդական հայկական ընտանիք», «Լավագույն երիտասարդական, ուսանողական հետազոտություն», մանկապատանեկան    ստեղծագործությունների թեմատիկ մրցույթներ:

2010-2017 թթ.-ին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունն ունեցել է 1262 մասնակից 55 երկրներից: Այդ մասնակիցների հետ կապն այսօր էլ պահպանվում է, նրանք դարձել են մեր լավ ընկերներն ու բարեկամները, մեր դեսպանները Սփյուռքում: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 285 անհատ և կազմակերպություն աշխարհի 24 երկրներից: Ապրիլի 21-ին, երբ 2017 թվականի մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունն էր, մենք ականատեսը եղանք, թե ինչպես են իրենց մրցանակները ստանալու եկել բազում հեռավոր երկրների մեր հայրենակիցները, ինչպիսի հպարտությամբ և ոգևորությամբ էին նրանք ստանում դիպլոմները: Նրանք այդ կերպ Հայրենիքի նկատմամբ սերն են արտահայտում,  Հայաստանն են ընկալում, կարծես թե մեկ անգամ ևս հաստատում են իրենց հայ լինելը: Նրանք փորձում են հայ մնալ, հայ ապրել, իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդներին, պահպանել հայ արմատը, լեզուն և ինքնությունը: Անչափ հպարտանում եմ, երբ տարբեր երկրների հայ համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում համայնքային կառույցներում, դպրոցներում տեսնում եմ պատին փակցված՝ մրցանակաբաշխության հաղթողների դիպլոմները, ինչը նրանք մեծ ոգևորությամբ են պահում:

 

Տիկի՛ն Հակոբյան, Սփյուռքում մենք ունենք 1000-ից ավելի կրթօջախներ: Սակայն էլ ի՞նչ դպրոց առանց հայալեզու գրականության, նոր հրատարակված գրքերի ու ձեռնարկների: Այս նպատակով նախարարությունն իրականացնում է համայնքային դպրոցները դասագրքերով ապահովման ծրագիրը: Քանի՞ գիրք է առաքվել համայնքներին, ինչպիսի՞ն էր վիճակը մինչ նախարարության ստեղծումը: Խնդրում եմ՝ անդրադարձեք նաև նախարարության հետազոտությունների ծրագրին:

– Ինձ համար ավելի ուրախալի լուր, քան նոր դպրոցի հիմնումն է, չկա: Առավել ոգևորիչ է, երբ կրթօջախ է բացվում Սփյուռքում, որտեղ մեր հայրենակիցներն ամեն օր պայքարում են իրենց ինքնության պահպանման համար: Հայկական սփյուռքում դպրոցը դառնում է և՛ Հայրենիքի մի մասը, և՛ հայապահպանության կենտրոն: Ահա այս ամենի գիտակցմամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում ենք Սփյուռքի կրթօջախներին ուսումնական, մեթոդական գրականության, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայոց լեզվի համահայկա­կան օլիմպիադաների, հայագիտական գիտելիքների մրցույթների կազմակերպման պետական ծրագրերը: Նպատակն է Սփյուռքում գործող ամենօրյա և մեկօրյա դպրոցներին, կրթամշակութային այլ հաստատություններին անհրաժեշտ և օգտակար ուսումնական, մեթոդական գրականությամբ, ուսումնաօժանդակ, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերով ապահովումը: Այս տարիներին 500 հազարից ավելի գիրք է առաքվել Սփյուռք, իսկ վերջին երեք տարիներին՝ 150 000, այն  դեպքում, երբ մինչև նախարարության ստեղծումը առաքված գրականությունը 10 հազար կտորից ավելի չի եղել: Իհարկե, սա ակնառու փաստ է, սակայն պիտի շարունակենք այս գործը, և Սփյուռքի մեր դպրոցները պիտի չունենան հայալեզու ուսումնական, գեղարվեստական գրականության պակաս:

Այդ նատակով նաև պատրաստվեցին արևմտահայերենի Այբբենարան և Ընթերցարան  դասագրքերը, սփյուռքյան մասնագետների մասնակցությամբ ստեղծվեցին «Արևմտահայերենի քերականության» առաջին և երկրորդ ձեռնարկները:

Մեր գործունեության առաջին իսկ օրից մենք սկսեցինք հետազոտել հայկական սփյուռքը, համայնքները, նրանց արդի վիճակն ու մարտահրավերները: Սփյուռքի բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրները գիտականորեն վեր հանելու, վերլուծելու, դժվարությունների մեջ հայտնված համայնքային կյանքը լուսաբանելու, համայնքների պատմությունը գրի առնելու նպատակով Սփյուռքի նախարարության կողմից պարբերաբար տրվում են թեմատիկ հետազոտությունների պատվերներ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, արևելագիտության, գրականության, լեզվի, ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների, ազգագրության և հնագիտության ինստիտուտներին, Երևանի պետական համալսարանին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնին, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնին և գիտական այլ հաստատություններին: 2009-2017 թվականներին կատարվել է 104 նմանատիպ հետազոտություն: Ի դեպ, մեր առաջարկով է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 6 ինստիտուտներում բացվել են սփյուռքի բաժիններ:

-Համազգային յուրահատուկ հավաքներ են Հայաստան-Սփյուռք համաժողովները: Թույլ տվեք ասել, որ դրանցից յուրաքանչյուրը քննարկումների մեծ հարթակ, համահայկական հարցերի խոսափող, նոր գաղափարների շտեմարան լինելուց զատ դառնում են նաև հետաքրքիր, յուրօրինակ համահայակական տոներ: Այո՛, տոն է, երբ հանդիպում, իրար ճանաչում ու կապ են հաստատում հայերը Ավստրալիայից ու Արգենտինայից, Չինաստանից ու Լիբանանից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից: Տիկի՛ն Հակոբյան, նախարարության ստեղծումից հետո համահայկական 3 համաժողովներն ամփոփելով՝ ի՞նչ արդյուքներ կարող ենք արձանագրել:

– Նախարարության հիմնադրումից հետո մենք անցկացրել ենք Հայաստան-Սփյուռք 3 խոշոր համահայկական համաժողովներ 2011, 2014 և 2017 թվականներին: 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայացավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը, որն իր աշխարհագրությամբ, մասնակիցների թվով և բարձրացրած հարցերի արդիականությամբ իրոք աննախադեպ իրադարձություն էր: Ի տարբերություն մյուս համաժողովների՝ 6-րդ համաժողովը ուներ մի շարք առանձնահատկություններ: Առաջին անգամ համաժողովի 4 գլխավոր ուղղությունների անցկացման և կազմակերպման համար ընտրվել էին պատասխանատու գերատեսչություններ՝  Սփյուռքի, Պաշտպանության, Արտաքին գործերի և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունները: Համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը կլոր սեղան-քննարկումների անցնկացումն էր: Այդ օրերին ներկայացվեցին նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերը:

Չեմ կարող դարձյալ չնշել, որ համաժողովն առանձնացավ նաև մասնակիցների թվով՝ 1827 հոգի, և աշխարհագրությամբ՝ 71 երկիր: Մյուս կողմից, առաջին անգամ համաժողովի ընթացքում հայտարարվեց հաջորդ համաժողովի օրակարգը, որը նվիրվելու է հայադարձության թեմային: Պետք է փաստել, որ համահայկական հերթական այս հավաքն ամենամեծ հարթակն էր՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները, նախանշելու հայության առջև ծառացած մարտահրավերները և ապագային միտված անելիքները: Համաժողովը միակն է իր տեսակի մեջ՝ որպես Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության իրական համախմբման և հայության ուժի ցուցադրման աննախադեպ հարթակ:

 

-Տիկի՛ն Հակոբյան, բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպիսի յուրահատուկ ջերմությամբ եք գովաբանում, գնահատում, փայփայում մեր սիրիահայ հայրենակիցներին: Հաճախ եք ասում, որ մենք՝ հայաստանցիներս, նրանցից պիտի շատ ու շատ հարցերում օրինակ վերցնենք: Սփյուռքի նախարարությունը մեծ պատասխանատվությամբ զբաղվում է սիրիահայերի խնդիրներով, օգնում, դառնում նրանց աջակիցն ու հավատարիմ ընկերը Հայաստանում:

– Իհարկե, այսօր էլ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական նպատակն է սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում հաստատված սիրիահայերին սահուն կերպով  ինտեգրել հայաստանյան կյանքին: Գլխավորը՝ նրանք  դառնան ՀՀ քաղաքացիներ և Հայրենիքում չունենան փախստականի կարգավիճակ: Այդ նպատակով սիրիահայերին պարզեցված կարգով շնորհվում է քաղաքացիություն, ինչի արդյունքում  Հայաստանում ապաստան գտած շուրջ 22 հազար սիրահայերից այսօր արդեն 19 հազար 800-ը  դարձել է ՀՀ քաղաքացի, 1500-ը ստացել  կացության կարգավիճակ և միայն 700-ին է տրվել փախստականի կարգավիճակ: Մեզ հաջողվել է նրանց  ինտեգրել ՀՀ կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում:

Ուրախալի է, որ սիրիահայերն այսօր Հայաստանում իրենց լավ են զգում: Նրանք ստեղծող, արարող մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային մշակույթն են ներդրել մեզանում, ընդգրկվել են տարբեր ոլորտներում, ստեղծել իրենց բիզնես ծրագրերը և հաջողությամբ զարգացնում են դրանք:

Հայաստանը նաև Հալեպում է սիրիահայերին և սիրիացիներին աջակցություն ցուցաբերել՝ իրականացնելով մի շարք ծրագրեր. մի քանի օդանավով մեծ քանակությամբ օգնություն է հասցվել Սիրիա:

Դեռևս շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ամեն օր մեզ  այցելում է 20-30 սիրիահայ: Մեր նախարարությունում գործում է աշխատանքային խումբ, միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ, որի մասնակիցն  են ՀՀ բոլոր նախարարությունները ներկայացնող փոխնախարարները: Հանձնաժողովում քննարկվում և լուծումներ են տրվում սիրիահայերի հիմնախնդիրներին:

 

-Տիկի՛ն Հակոբյան, Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկն էլ ազգային ներուժի համախմբումն է: Քանի˚ համահայկական մասնագիտական ընկերակցություն կա այսօր, և ինչպե˚ս է նախարարությունն աշխատում նրանց հետ:

Սփյուռքը կա, գործում է, նրա տրոփյուն սիրտն են մեր ավանդական կառույցները և նրանց կից քույր կառույցները, ՀԲԸՄ-ը, մարզական, կանանց, երիտասարդական բազում կառույցներ: Առանձնապես պետք է ընդգծել հայ եկեղեցու դերակատարությունը ազգային խնդիրների լուծման, հայ ինքնության հզորացման գործում: Մենք հաստատուն կապեր ենք ստեղծել նրանց հետ: Շատերի հետ կնքել ենք գործընկերության համաձայնագրեր, հուշագրեր, կազմակերպել բազմաբովանդակ ձեռնարկներ: Ես երախտապարտ եմ մեր սփյուռքյան կառույցներին, որոնց օգնությամբ էլ ոչ միայն կայացավ, այլև ընդունելի դարձավ նախարարությունը, հաստատվեցին գործընկերային հարաբերություններ: Սակայն մենք  սփյուռքի օգնությամբ նորը, առաջադեմը Հայաստան բերելու համատեղ ծրագրեր կազմելու համար նպատակահարմար գտանք նաև մասնագետներին համախմբել, մասնագիտական ցանցեր ստեղծել:

Այսօր նաև մեր աջակցությամբ գործում են ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիան, Լրատվամիջոցների, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցությունները, Իրավաբանների համահայկական խորհրդաժողովը, «Հայկական առևտրային ցանց» (ՀԱՑ) կազմակերպությունը, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը, աշխարհի հայ նկարիչների, հայ գրողների միությունները, Հայ բժիշկների միջազգային, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեները, Հայ ոսկերիչների ասոցիացիան, համահայկական կրթական խորհրդաժողովը և այլն: Մինչ այժմ անցկացվել են համահայկական մասնագիտական մոտ 100 համաժողով, որոնց ընթացքում ստեղծվել են նոր ցանցեր, կյանքի են կոչվել հավակնոտ գաղափարներ, խորացել է հատկապես Սփյուռք-Սփյուռք կապը:

Իսկ ամենակարևորը՝ նախարարությունում ստեղծվել է մասնագետների, փորձ ունեցող մարդկանց մի կոլեկտիվ, որը ճանաչում է բազմաշերտ, հետաքրքիր, պահանջկոտ Հայկական Սփյուռքին և կարողանում է արդյունավետ աշխատել նրա հետ: Ես երջանիկ եմ, որ հնարավորություն և բախտ եմ ունեցել աշխատել իմ ազգի տարբեր հատվածների հետ, սովորել նրանցից, գործակցել նրանց հետ և փորձել միշտ բարձր պահել Հայի, Հայության և Հայաստանի պատիվը:

 

-Տիկի՛ն Հակոբյան, այսօր Սփյուռքում հազարավոր հայորդիներ սպասում են նախարարության ամառային ծրագրերի մեկնարկին, արդեն լրացրել են մասնակցության հայտերը, և նրանցից շատերը Հայրենիքը ճանաչելու, ընկալելու ու մտապահելու են հենց Սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերի միջոցով: Ի՞նչ է խոստանում 2018-ի ամառը: Խոսենք մի փոքր անելիքների մասին:

-Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նախարարության բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Ընդհանրապես՝ մենք մեր գործունեության հիմքում  դրել ենք արդյունավետության և տրամաբանված շարունակականության գաղափարը: Այս ծրագրերի իրականացումն ինքնանպատակ չէ, սա Սփյուռքի պահանջն ու հրամայականն է: Ահա այսպես են ստեղծվել ու կազմակերպվել «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, մեր փառատոններն ու խորհրդաժողովները, մրցանակաբաշխությունները, հրատարակությունները, և ի վերջո՝ Հայաստան-Սփյուռք համաժողովները: Ուրախ եմ, որ այս տարի ևս նախարարության ամառը հագեցած և ծանրաբեռնված է լինելու: Միայն մեկ փաստ նշեմ. «Իմ Հայաստան» փառատոնն ունենալու է 1000-ից ավելի մասնակից: Այսօր Կառավարությունում են արդեն Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների և Արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման  ռազմավարությունները, մշակվում է հայրենադարձության գործընթացի խթանման և կազմակերպման  ռազմավարությունը:

Այսինքն՝ նախարարությունը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, աշխատում է հանուն Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի բարօրության: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև այս չափանիշները մենք մեր առաջ դրեցինք նախարարության հիմնադրման առաջին իսկ օրվանից: Ես լիահույս եմ, որ այդպես է լինելու նաև հետագայում:

 

-Տիկի՛ն Հակոբյան, իշխանափոխության ներկա պայմաններում, երբ Կառավարության նոր կազմ է ձևավորվում, խոսակցություններ են գնում ՀՀ սփյուռքի նախարարության անհրաժեշտության մասին։  Խնդրում եմ Ձեր կարծիքը հարցի վերաբերյալ։

Նախ, ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծվել է Սփյուռքի պահանջով։ Այդ մասին հնչել է Հայաստան-Սփյուռք մի քանի համաժողովների ընթացքում։ Նախարարության ստեղծումը համընկավ Հայաստանի և Սփյուռքի համար իրավական, քաղաքական բարդ ժամանակահատվածի հետ, երբ տեղի էին ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, ինչպես նաև ստորագրվել էին Հայ-թուրքական արձանագրությունները, ինչի հետևանքով Սփյուռքի ստվար հատվածը երես էր դարձրել Հայաստանից, չկար վստահություն, և դժվար էր գտնել համագործակցության եզրեր։ Ահա այս ծանր պայմաններում մի կողմից՝ մեր թիմով 0-ից պետական կառավարման նոր ինստիտուտ էինք ստեղծում, իսկ մյուս կողմից՝ մասնագետներ էինք պատրաստում և փորձում երկխոսել ու գործակցել Սփյուռքի հետ։

Հետահայաց գնահատելով՝ կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց 827 համայնքների և հարյուրավոր կազմակերպությունների ու կառույցների հետ աշխատել, ծրագրեր իրականացնել։ Բոլոր ձեռնարկները նպատակաուղղվել են հայրենաճանաչությանը, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Իսկ կոնկրետ գործերն ու ծրագրերը ես արդեն թվարկեցի։

Ձեր հարցին ի պատասխան՝ նկատեմ, որ Սփյուռքը դարձել է սահմանադրական հասկացություն,  հիմնական օրենքով ամրագրվել են պետության անելիքները՝ հայկական սփյուռքի հետ կապված, կարևորվել են հայապահպանությունն ու հայրենադարձությունը, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանումը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացումը,  ազգային միասնության ամրապնդումը, համապետական ու համազգային շահերը (ՀՀ Սահմանադրության 19-րդ, 123-րդ, 127-րդ և այլ հոդվածներ)։

Ուստի, Սփյուռքի հետ աշխատանքներն առավել քան կարևոր են։ Այսօր նախարարությունում աշխատում են քաղաքացիական ծառայողներ, իսկ քաղաքացիական ծառայության անցնելու պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը։ Հայրենիք-Սփյուռք կապերի սուբյեկտները ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև տարբեր պետություններում ձևավորված հայկական համայնքների անդամները, հետևաբար կարելի է այնպիսի լուծում գտնել, որ սփյուռքահայերը նույնպես աշխատելու հնարավորություն ստանան։

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը։

-Ակնհայտ է, որ ձևավորվելու է նոր թիմ՝ նոր մոտեցումներով և ծրագրերով։ Ես լիահույս եմ, որ այդ թիմը հաջողություններ կարձանագրի, որ Հայաստանում և Սփյուռքում մեր հայրենակիցների սպասումներն իրաականություն կդառնան, և, իհարկե, սփյուռքյան ոգևորության արդյունքում նաև հայրենադարձության ծավալները կընդլայնվեն։

Իսկ ես այսուհետ ևս կշարունակեմ ծառայել երիտասարդների կրթության գործին, մեր պետության ու ազգի շահերին։

-Ի՞նչ կավելացնեիք հարցազրույցի ավարտին։

– Դիմում եմ իմ սիրելի հայրենակիցներին, սփյուռքահայերին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող իմ քույրերին ու եղբայրներին և հպարտորեն ասում, որ ինձ վիճակվեց իմ համախոհների հետ, ձեր անմիջական աջակցության շնորհիվ  ստեղծել և կայացնել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հայաստանի անկախացումից հետո սփյուռքահայերի ոգևորությունը, Հայրենիքին ծառայելու և Հայրենիքի հետ գործակցելու ցանկությունները շատ դեպքերում մնում էին չհամակարգված, և այդ պատճառով դուք հաճախ հիասթափվում էիք և չէիք կողմնորոշվում, թե որտեղ գտնեք ձեր հարցերի պատասխանները:

Սփյուռքի նախարարությունը դարձավ այն դուռը, այն կենտրոնը, որտեղ լսեցին ձեզ, գործակցեցին ձեզ հետ, քննարկցեցին բազում-բազում հարցեր Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ, մշակվեցին և իրականացվեցին բազմաթիվ հայանպաստ ծրագրեր՝ քայլ առ քայլ կոտրելով նախկինից եկող կարծրատիպերը և ամրապնդելով համազգային համերաշխության և գործակցության համար անհրաժեշտ հիմքերը:

Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարավոր էր և ինչ կարող էինք:

Ես եղա շատ համայնքներում, տեսա ձեր ազգային կերպարը, հայրենասեր ոգին և երիտասարդությանը հայ պահելու հերոսական քայլերը: Ձեզանից ես շատ բան սովորեցի, դուք եղաք իմ խորհրդատուն և աջակիցը, քննադատը, բարեկամն ու ընկերը: Խորապես շնորհակալ եմ և երախտապարտ, որ հնարավորություն եմ ունեցել ձեզ հետ աշխատելու:

Վստահ եմ՝ մեր ցանած սերմերը փարթամորեն կծլարձակեն, մեր բացած ակոսները առավել կխորանան և նոր հանգրվանների կհասնեն:

Համոզված եմ, որ ներկա իրադրության պայմաններում նոր կառավարությունը կշարունակի մեր ազգաշահ գործերը և մեծ թափ կհաղորդի հայրենադարձությանը:

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հայ եկեղեցու հոգևոր պետերին, ավանդական կուսակցությունների ղեկավարությանը, նրանց ուղեկից քույր կառույցներին, Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարներին և նրան կից բոլոր կազմակերպությունների ղեկավարներին ու անդամներին, հայկական հարյուրավոր համայնքների առաջնորդներին, մշակութային, կրթական, գիտական, երիտասարդական, կանանց, մարզական և այլ կառույցներին, բոլոր անհատներին, որոնք անցած տարիների ընթացքում գործակցեցին մեզ հետ, մասնակցեցին մեր ծրագրերին և օգնեցին մեզ՝ առավել  կամրջելու Սփյուռքը Հայրենիքին։

Խորին երախտագիտություն եմ հայտնում  սփյուռքյան համայնքներում ազգանվեր գործունեություն ծավալող բոլոր հայորդիներին՝ երիտասարդների շրջանում հայի վսեմ նկարագիրն ու հայրենասեր ոգին  վառ պահելու, Հայրենիքին մշտապես զորավիգ լինելու համար։

Պատիվ եմ համարում աշխատանքը սփյուռքի համար և սփյուռքահայերի հետ։

Շնորհակալ եմ  արդյունավետ համագործակցության համար։

Մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք։

 

Սփյուռքի նախարարություն


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
3. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
4. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
5. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: