ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեծն Կոմիտասի արձանը Ակնալճի եզդիական սրբատեղիում

02 հոկտեմբերի, 2018 | 10:25

 

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Հայ-եզդիական բարեկամության վառ օրինակներից մեկն էլ Ակնալիճ գյուղում կառուցված եզդիների սրբատեղին է՝ Զիարատը, որտեղ ամեն տարի սեպտեմբերի 29-ին մեծ շուքով նշվում է եզդիների սրբատեղիի օծման օրը:

Այս տարվա սեպտեմբերի 29-ը ևս բացառություն չէր, սակայն այս անգամ կրկնակի տոն էր եզդիների և հայերի համար: Ակնալիճի սուրբ համալիրում տեղ գտած մեծանուն հայերի և եզդիների` Անդրանիկ զորավարի, Ջհանգիր աղայի, Ուսուբ բեկի կողքին իր տեղը գտավ եզդիների լավագույն բարեկամ, մեծն  Կոմիտասի արձանը (հեղինակ` քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյան): Հուշարձանի   օծման արարողությունը կատարց Արմավիրի թեմի առաջնորդ  Սիոն եպիսկոպոս Ադամյանը իր հոգևոր եղբայրների հետ՝ երգչախմբի կողմից կատարվող շարականների ներքո:

Ակնալճի սրբատեղիի հիմնադիր և բարերար  Միրզա Սլոյանը նշեց, որ հայերն ու եզդիները եղեռն, դժվարություններ ու ցավ տեսած ժողովուրդներ են,  և նրանք բոլորից լավ են հասկանում, թե ինչ է ազգային տառապանքը: Այդ պատճառով նրանք պետք է միշտ միասնական լինեն, օգնեն ու ձեռք մեկնեն միմյանց.

«Ողջունում և սիրով շնորհավորում եմ: Բազում տարիներ սեպտեմբերի 29-ը ինձ համար դարձել է նոր տարվա սկիզբ: Բազմաթիվ անգամներ են խոսվել և գրվել մեր երկու ժողովուրդների բարեկամության մասին, ինչի վառ ապացույցն են այս սրբավայրում կողք-կողքի կանգնած մեծանուն հայերի և եզդիների հուշարձան-կոթողները, որոնց շարքն այսօր համալրում է եզդիների անկեղծ բարեկամ Կոմիտաս վարդապետի հրաշալի արձանը». – իր ելույթը եզրափակեց Միրզա Սլոյանը:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ընդգծեց, որ այս միջոցառումը հոգեհարազատ է ոչ միայն եզդիների, այլև հայերի, մարզի ողջ բնակչության համար: Այստեղ ոչ միայն այս օրը, այլև ողջ տարին  թևածում է հայ-եզդիական բարեկամության ոգին: Եզդի ժողովուրդը երախտապարտ է, և դրա վկայությունը Կոմիտաս վարդապետի այս գեղեցիկ հուշարձանն է: Նա ավելացրեց, որ այս սրբատեղին սիրված և գնահատված է ողջ աշխարհի եզդիների կողմից:

«Արդեն ավանդական է դարձել յուրաքանչյուր տարի հավաքվել և կարևորել հայ եզդիական բարեկամությունը,- իր ողջույնի խոսքում ասաց ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, – այսօր այստեղ բացվեց հայ ժողովրդի մեծագույն մտավորականներից մեկի` Կոմիտասի արձանը, որը խորհրդանշում է նաև հայ-եզդիական բարեկամությունը: Այստեղ կառուցվում է եզդիների նոր տաճարը, որը խորհրդանշում է նրանց մերօրյա վերածնունդը: Թող Աստված սիրո և համերաշխության, հարգանքի և հզորության մեջ պահի մեր ժողովուրդներին»:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն 6-րդ տարին է՝ օծումից սկսած, մասնակցում է այստեղ տեղի ունեցող ժողովրդական տոնախմբություններին և ուրախ է, որ բարեկամ ժողովուրդը նման սրբատեղի ունի Հայաստանում: Իսկ Կոմիտասի արձանի տեղադրումը հարգանքի տուրք է իրենց ժողովրդի մեծ բարեկամին.

«Կոմիտասն ասում էր. «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից»: Եվ նա եզդիական 12 երգ գրառեց, նոտագրեց` «Ղանդիլի Սիափուշ», «Լեյլու Մեջնում», «Ջամբալիէ», «Հասամ աղա», «Միրզա աղա»… Այդ նպատակով եղավ եզդիաբնակ գյուղերում, հյուրընկալվեց իր ընկերոջ՝ Ուսուբ բեկի տանը՝ Ասլանլու գյուղում»,- ընդգծում է Սերգո Երիցյանը՝ ավելացնելով` ուրախ է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի ոգեկոչումը սկսում է բարեկամ ժուղուվուրդը:

Օրվա բանախոսների թվում էին ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, բժիշկ ու բանաստեղծ Ռըզգան Շամոյանը, իրանագետ Գառնիկ Ասատրյանը, Ֆրանսիայի եզդիական համանքի ղեկավար Թամազ Դասընին, Ռուսաստանի համայքի ներկայացուցչ Էդվարդ Հաուերին:

Միջոցառման ժամանակ հնչեցին Կոմիտասի` երկիր ու ազգություն չճանաչող ստեղծագործությունները` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակայանի, «Ակունք» ազգագրական անսամբլի (գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյան), երիտասարդ երգիչների, «Դիլան» խմբի և եզդի արվեստագետների կատարմամբ: Մինչև ուշ երեկո Արմավիրի մարզի Անկանլճի եզդիական սրբատեղիում չէր դադարում հազարավոր ուխտավորների հոսքը, նրանք այցելում էին Սլթանէ էզդիի տաճար, հիանում նոր կառուցվող, նմանը չունեցող, 27 մետրանոց թռիչք ունեցող Տաուսե Մալաքի հոյակերտ տաճարով, խորին խորհուրդ անում մեծն Կոմիտաս վարդապետի, Անդրանիկ զորավարի, Ջհանգիր աղայի, Ուսուբ բեկի հետ` ի դեմս նրանց արձանների, խոնարհվում հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի առջև: Անցած-գնացած 6 տարիների ընթացքում Ակնալճի սրբատեղին դարձել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կարևոր կենտրոն:

Անի Հարությունյան,

Անի Կիրակոսյան


Առնչվող նյութեր
1. Մարմարակերտ տաճարը` Ակնալճիի սրբատեղիում
2. Եզդիական Նոր տարին՝ Ակնալճի սրբատեղիում
3. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
4. Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5. Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2014 թվականին Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանությունը
6. Հանդիսություն Ակնալճի եզդիական սրբատեղիում, ուր կառուցվում է Տաուսե Մալակի տաճարը
7. Այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրն է
8. ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում
9. Կոմիտասյան երաժշտության փառահեղ համերգով ավարտվեց Հայ գրքին նվիրված ձեռնարկների շարքը.-լուսանկարներ եւ տեսանյութ
10. Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարները Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: