ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը լրագրողներին մրցանակ է տալիս եւ փաստում՝ Հայաստանից ամենամեծ միգրացիան դեպի Ռուսաստան է՝ 73,1 տոկոս

19 դեկտեմբերի, 2013 | 00:36

marde kariki mej yerevan 2013

ԵՐԵՎԱՆ- Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18—ը աշխարհում նշվում է որպես միգրանտների միջազգային օր եւ սա լավ առիթ է նաեւ Հայաստանի համար՝ անդրադառնալու հայ միգրանտների հիմնախնդիրներին։ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը մեր երկրում 2003թ. իրականացնում է միգրացիոն ծրագրեր, որոնք անդրադառնում են թե՛ արտագաղթած, թե՛ ներգաղթած միգրանտներին։ Իրականացված ծրագրերի արդյունքում այս տարիների ընթացքում խորհրդատվական աջակցություն է իրականացվել պոտենցիալ միգրանտների շրջանում, իսկ ՀՀ մասնավորապես չորս մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Սյունիքում եւ Վայոց ձորում, հիմնվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ եւ զբաղվածության մարզային ու տարածքային գրասենյակներ։ Այս մասին գրում է Լուսինե Նազարյանը ,,Հայաստանի Հանրապետություն,, թերթում։

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ միգրանտների շրջանում ամենահաճախակի հանդիպող հիմնախնդիրներին եւ այն գործընթացներին, որոնք վերաբերում են միգրանտների ապահով եւ անվտանգ կենսակերպին։ Խոսքը մեկնելուց առաջ մեր քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման մասին է, ինչն, ըստ նրա, հնարավորություն կտա զերծ մնալ արտերկրներում շահագործման ենթարկվելուց։ bezanyan tatevikԲացի խորհրդատվական աշխատանքներից ծրագրի շահառուները կարողացել են նաեւ տնտեսական աջակցություն ստանալ, որպեսզի կարողանան նորից վերաինտեգրվել հասարակությանը։ Մեջբերելով որոշ վիճակագրական տվյալներ եւ ամփոփելով այս տարվա երեք եռամսյակների տվյալները՝ տիկին Բեժանյանը նշեց, որ 2013թ. հունվար—սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.780160 մարդ, մեկնել է 1.888165—ը։

Այսպիսով, Հայաստանից միգրանտների ամենամեծ հոսքը դեպի ՌԴ է, 73, 1 տոկոս, այնուհետեւ՝ ԱՄՆ՝ 7,9 տոկոս եւ Ուկրաինա՝ 4,4 տոկոս։ Մոտ 80 տոկոսը հիմնականում մեկնում է աշխատանքի նպատակով։ Հայ միգրանտների մի մասը մեկնել է նաեւ Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան եւ այլն։

ՀՀ քաղաքացիները ամենաքիչը նախընտրել են մեկնել Նիդերլանդներ։ Միգրանտների մեջ գերակշռողը դարձյալ արական սեռն է՝ 77 տոկոս, իգականը՝ 23։ Մեկնողների ամենամեծ տարիքային խմբում են 26—35 տարեկանները, որոնք կազմում են 30 տոկոս, 36—45 տարեկանները՝ 25 տոկոս, ավելի փոքր տոկոս են կազմում 46–ից բարձր տարիքի միգրանտները։ Ինչ վերաբերում է նրանց կրթական մակարդակին, ապա, ըստ հետազոտության արդյունքների, արտագնա աշխատանքի մեկնողների գերակշիռ մասը՝ 43,3 տոկոսը, միջնակարգ կրթությամբ միգրանտներն են, միջին մասնագիտական կրթություն ունեցողները կազմում են 33 տոկոսը, իսկ բարձրագույն կրթությամբ միգրանտները՝ մոտ 20 տոկոսը։ Բանախոսը ցավով մատնանշում է, որ բարձրագույն կրթությամբ արտագնա մեկնողներից, սակայն, շատ քչերն են կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատել կամ գտնել իրենց կրթական մակարդակին համապատասխան այլ աշխատանք։ Այս պարագայում դարձյալ առաջնային ոլորտներն են շարունակում մնալ շինարարությունը, տրանսպորտը եւ այլն։

Ինչու՞ են միգրանտներն ավելի շատ նախընտրում ՌԴ կամ Ուկրաինա մեկնել, ըստ նրա՝ պատճառը մուտքի վիզայի բացակայությունն է։ Միգրանտները, որոնք հաճախ իրենց դիմում են խորհրդատվության համար՝ հենց ՌԴ մեկնողներն են, որոնք ցանկանում են իմանալ երկրի օրենսդրության եւ այն խախտումների մասին, որոնց արդյունքում իրենք կարող են հայտնվել միգրանտների սեւ ցուցակում։

Տաթեւիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտները նաեւ վերադառնում են եւ հետաքրքիրն այն է, որ վերադառնալուց հետո շատ ավելի հեշտ են վերաինտեգրվում նրանք, ովքեր մեկնել են որպես աշխատանքային միգրանտ, քան նրանք, որ մեկնել էին որպես փախստական, ովքեր դժվարությամբ են վերաինտեգրվում։

Բանախոսը հարկ համարեց նշել, որ ոչ ոք չի կարող կոնկրետ տեղեկատվություն տալ այն մասին, թե մեկնողների շրջանում հատկապես քանիսն են վերադառնում։ Գործընթացը հատկապես բարդանում է, երբ խոսքը եվրոպական երկրներին է վերաբերում, քանի որ շատ դեպքերում մեր քաղաքացիները, հանձնվելով փախստականների համար նախատեսված ճամբարներ, կորցնում են իրենց փաստաթղթերը, ինչ—որ լեգենդներ հորինում իրենց ազգության մասին, ներկայանում որպես այլազգի։

Օրինական ճանապարհով բանկերի միջոցով դրամական փոխանցումները կազմում են ՀՀ ՀՆԱ—ի 20 տոկոսը։ Այս թվի մեջ ներառված չեն այլ ճանապարհով փոխանցվող գումարները։ Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 80 տոկոսը իրենց ստացված գումարների 90 տոկոսը ծախսում են ընթացիկ սպառման, երեխաների ուսուցման, տան վերանորոգման եւ հատուկ արարողությունների համար։ «Սովորաբար այս մարդիկ խուսափում են ներդրումներ եւ խնայողություններ անելուց»,–ասում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան ներկայացուցիչը։ ՀԿ–ի գործունեության վերջին 3 տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է 2 633 շահառու, որոնցից 1460–ը եղել են վերադարձող միգրանտներ ՌԴ—ից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելգիայից եւ այլն, իսկ 1090 շահառուներ ստացել են խորհդատվական աջակցություն։ Բացի այդ, վերապատրաստման դասընթացների արդյունքում հնարավոր է եղել մոտ 110 քաղաքացու ապահովել աշխատանքով։ Բիզնես խորհրդատվական աշխատանքների արդյունքում էլ 29 շահառուներից 27–ը իրականացրել են իրենց բիզնես նախագծերը՝ բացելով հարյուրից ավելի նոր աշխատատեղեր սպառման ոլորտներում։ Մնացած երկուսի դեպքում բիզնես նախագծերը անհաջողությամբ են պսակվել։

Իր հերթին anews-ի թղթակիցը հայտնում է, որ Միգրանտների միջազգային օրը, տեղի ունեցավ նաեւ «Ճամպրուկ 2013» միգրացիոն խնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթն անցկացվեց «Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակում:

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց ArmeniaNow.com լրագրող Գայանե Մկրտչյանը, «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում`«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանը, իսկ «Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում` «Հ1» հեռուստաընկերության լրագրող Զարուհի Արզումանյանը: Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ 45000-ից 180000 դրամի սահմաններում:

Yerkir media հեռուստաընկերությունն իր հերթին տեղեկացնում է, որ Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական “Ճամպրուկ-2013” ամենամյա մրցույթի շրջանակում մրցանակի է արժանացել նաեւ “Երկիր այսօրի” թղթակից Լուսինե Ղարիբյանը: “Լավագույն հեռուստահաղորդում” անվանակարգում նա 3-րդ մրցանակն է ստացել: Այս տարի մրցույթին մասնակցել են նաեւ մարզային լրատվամիջոցները: “Սեւան” թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը “Լավագույն հոդված” անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մրցույթին նախապես ներկայացվել էին 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում միգրացիոն թեմաներով պատրաստված հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային կայքերում հրապարակված՝ շուրջ 60 լրագրողական նյութ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 46 լրագրող:

Ստորեւ ,,Երկիր մեդիա,, հեռուստաընկերության ռեպորտաժը

www.Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Չեխիայի խորհրդարանը դեմ է Թուրքիային առանց վիզային ռեժիմի ԵՄ թողնելու որոշմանը
3. Միլոշ Զեման. Ամեն մարդ իր հայրենիքում պետք է ապրի
4. Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության մրցանակներ հայ լրագրողներին
5. Մենք «հայկական դիրքորոշումը» չենք պաշտպանում․ ասել է ,,Մարդը կարիքի մեջ,, չեխական կազմակերպության ղեկավար Պանեկը
6. Պրահայի քաղաքապետը մասնակցել է «Ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների» ակցիային
7. Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը 500 հազար կրոն է հանգանակել Ուկրաինայի ընդդիմության օգնության համար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: