ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ 1 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

14 ապրիլի, 2016 | 06:57

aurora finalists«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները, որոնց անունները հայտարարվել են անցյալ ամիս, ներկայացրել են այն կազմակերպություններին, որոնց նրանք կցանկանային առաջադրել 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայաստանում։

 

Այսօր «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպությունները, որոնք կարող ենք ստանալ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ.  ապրիլի 24-ին «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ունենալու է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպությանը կամ կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն են՝

  • Մարգարիտ Բարանկիցե, Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց։ Բուրունդիում մոլեգնող քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելով՝ Մարգարիտ Բարանկիցեն հազարավոր կյանքեր է փրկել, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա։ 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
  • Բժիշկ Թոմ Քաթինա, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց։ Ամերիկացի այս բժիշկը ապստամբներից կողմից վերահսկվող Նուբա լեռների (Սուդան) «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածաշրջանի բազմակի ռմբոկոծումներին՝ բժիշկ Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես բնակվում է հիվանդանոցի տարածքում։
  • Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար։ Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Նրա ջանքերի շնորհիվ պակիստանցի հազարավոր բանվորներ են փրկվել, այդ թվում՝ 21,000 երեխա։
  • Հայր Բերնարդ Կինվի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մոլեգնող քաղաքացիական պատերազմի ընթացքում Բոսեմտելեի իր միսիայի տարածքում Հայր Բերնարդ Կինվին հակամարտության երկու կողմի տուժածներին ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Չորս հավակնորդներից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն ներկայացնելու մինչեւ երեք կազմակերպություն, որոնք կարող են առաջադրվել մեկ միլիոն դրամաշնորհի՝ ապրիլի 24-ին դափնեկրի անունը հայտնի դառնալուն պես: Բացի այս մեկ միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հնարավորությունից, դափնեկրին տրվելու է  100,000 ԱՄՆ դոլարի անհատական պարգեւ։

«Ավրորա» մրցանակի հաղթողի անունը հայտարարելու է Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի ունենալիք արարողության ընթացքում։

Հավակնորդների առաջադրած մարդասիրական կազմակերպությունների մասին ստորեւ.

 

Photo_Marguerite BarankitseՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրա մասին ավելին՝ այստեղ։

FONDATION DU GRAND-DUC ET DE LA GRANDE-DUCHESSE DU LUXEMBOURG

Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն Մեծ Դքսուհին, լինելով UNICEF-ի «Երեխաների մեծանուն պաշտպանը» (Eminent Advocate for Children), 2009 թվականին այցելել է Բուրունդի եւ ականատես դարձել չափահասների կալանավայրերում պահվող ազատազրկված երեխաների անմարդկային պայմաններին։ Մարգարիտ Բարանկիցեի եւ նրա «Խաղաղության տան» նվիրյալ անձնակազմի գործուն աջակցությամբ՝ կազմակերպությունն օգնել է կալանքից ազատելու Բուրունդիում բանտարկված 600 երեխայի եւ ծառայություններ մատուցել նրանց վերականգնումն ու դեպի հասարակություն վերադարձն ապահովելու համար։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել «Խաղաղության Տան» դժվարին գործունեությանը ցուցաբերվող օժանդակությունը, ինչպես նաեւ դրականորեն արձագանքել աջակցության բազմաթիվ այն դիմումներին, որոնք հիմնադրամը մշտապես ստանում է նորանկախ եւ զարգացող երկրներից։

FONDATION JEAN-FRANÇOIS PETERBROECK

«Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը (Fondation Jean-François Peterbroeck) պայքարում է մանկական աղքատության, խտրականության ու անարդարության դեմ՝ առավել ուշադրություն դարձնելով որբերին, լքված կամ տեղահանված երեխաներին եւ նաեւ մանկական շահագործումից, հակամարտություններից կամ աղքատությունից տուժած մանուկներին։ 2006 թվականին հիմնադրվելուց ի վեր «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամն օգնություն է տրամադրել ավելի քան երեսուն նախագծերի ամբողջ աշխարհում։ Դրանցից առաջինը Բուրունդիում Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության տունն» էր։ Հիմնադրամն օժանդակել է նաեւ նրա REMA հիվանդանոցի կառուցմանն ու գործունեությանը։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել աջակցել «Խաղաղության Տանը» եւ Բուրունդիի փախստականների երեխաների հետ վերջինիս աշխատանքներին, ինչպես նաեւ INUKA կոչվող նմանատիպ մեկ այլ նախաձեռնության, որը գործում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։

FONDATION BRIDDERLECH DEELEN LUXEMBOURG

«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը (Fondation Bridderlech Deelen Luxembourg) Լյուքսեմբուրքի կաթոլիկ օգնության գործակալությունն է։ 50 տարի շարունակ հիմնադրամը պայքարել է աղքատության ու անարդարության դեմ եւ աջակցել կարիքի մեջ գտնվողներին՝ անկախ կրոնից, ազգությունից ու սեռից։ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի տեղական գործընկերների հետ միասին «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամն աշխատում է հանուն հասարակության ընչազուրկ անդամների կենսապայմանների կայուն բարելավման։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին թույլ կտա տարածելու ցուցաբերվող աջակցությունը չքավորների օժանդակության այլ նախագծերի վրա եւս։

Photo_Tom Catena aurora

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՅԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրա մասին ավելին՝  այստեղ։

AFRICAN MISSION HEALTHCARE FOUNDATION, AMHF

Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամն (African Mission Healthcare Foundation) աջակցում է Աֆրիկայով մեկ գործող առաքելությունների հիվանդանոցներին, որոնք ապահովում են մայրցամաքում հասանելի բուժօգնության մոտ մեկ երրորդը։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ հնարավոր է լինում տարեկան ընդունել մոտ 70,000 հիվանդի եւ կատարել մի քանի հազար վիրահատություն, պայքար տանել մալարիայի դեմ, ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդների խնամքն ու աջակցությունը, տրամադրել առաջին բուժօգնություն, վերահսկողություն հղիության եւ ծննդաբերության ընթացքում, իրականացնել ընդհանուր եւ մանկաբարձական վիրահատություն։ 2013 թվականից սկսած՝ հիմնադրամը ստանձնել է նաեւ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի օժանդակությունը։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունն Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամին թույլ կտա օգնության ձեռք մեկնել հանուն հիվանդների եւ ընչազուրկների բարօրության պայքարող այլ հերոսների եւս, ինչպես նաեւ իրականացնել կայուն եւ որակյալ բուժծառայություն մատուցելու համար անհրաժեշտ հիմնարար բարեփոխումներ։

CATHOLIC MEDICAL MISSION BOARD, CMMB

Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը (Catholic Medical Mission Board) հավատի վրա հենված միջազգային հասարակական կազմակերպություն է, որը մարդասիրական եւ զարգացման երկարաժամկետ օժանդակություն է տրամադրում աղքատությունից, եւ հատկապես խտրականությունից ու բուժօգնության անհավասար հասանելիությունից տուժած համայնքներին։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը Կաթոլիկ բուժառաքելության խորհրդին թույլ կտա միջոցներ ուղղել «Գթության Մայր» հիվանդանոցի ենթակառուցվածների զարգացմանն ու անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը, ինչպես նաեւ ավելի մեծ թվով Առաջին բուժօգնության համալիր փաթեթներ (Interagency Emergency Healthcare Kit) մատակարարել բժիշկ Քաթինային՝ իր այցելուների համար։ Դա նշանակալի օգնություն կլինի, քանի որ փաթեթներից յուրաքանչյուրը պարունակում է բոլոր անհրաժեշտ պարագաները 10,000 հոգու եռամսյա բուժսպասարկումն ապահովելու համար։ «Ավրորա» մրցանակի դրամաշնորհի մի մասը կուղղվի նաեւ Աֆրիկայի ամենահեռավոր եւ չսպասարկվող գյուղական շրջաններում միսիոներական հիվանդանոցներ ստեղծելուն։

ԷԼՕԲԵՅԴԻ ԹԵՄ

Էլ-Օբեյդի թեմն աշխարհի ամենամեծ Կաթոլիկ թեմն է եւ տարածվում է մոտ 340,000 քառ. կմ տարածքի վրա։ 2008 թ. թեմը հիմնել է «Գթության մայր» հիվանդանոցը, որում բացման օրից ի վեր բուժում է ստացել ավելի քան 200,000 հոգի։ Բժիշկ Թոմ Քաթինան այդ հիվանդանոցում աշխատանքի է անցել ամենասկզբից եւ չնայած 2011 թվականի հունիսին սկսված քաղաքացիական պատերազմին՝ մինչ օրս մնում է այնտեղ։ Թեմն իր գործունեությունն ու միսիաների (ներառյալ «Գթության մայր» հիվանդանոցը) աշխատանքն ապահովում է դոնորների նվիրատվությունների շնորհիվ։

 

Syeda Ghulam Fatima auroraՍԱՅԻԴԱ ՂՈՒԼԱՄ ՖԱԹԻՄԱՅԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրա մասին ավելին՝ այստեղ:

BONDED LABOUR LIBERATION FRONT, BLLF

Սայիդա Ղուլամ Ֆաթիման ղեկավարում է Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպությունը (Bonded Labour Liberation Front), որն ազատագրել է աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80.000 մարդու, այդ թվում՝ 21,000 երեխաների։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում ըստ էության հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ «Ավրորա» մրցանակը թույլ կտա կազմակերպությանը շարունակել մարդկանց եւ հատկապես երեխաների՝ ստրկությունից փրկելու իր առաքելությունը։

HUMAN RIGHTS COMMISSION OF PAKISTAN, HRCP

Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը (Human Rights Commission of Pakistan) հիմնվել է 1987 թվականին՝ աստիճանաբար դառնալով երկրի ամենաազդեցիկ կառույցը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանձնաժողովը գործում է անչափ դժվարին պայմաններում՝ ենթարկվելով մշտական սպառնալիքների նրա գործունեությանը հակազդող ուժերի կողմից։ Մարդու իրավունքների հիմնախնդիրների մեծ շրջանակում կազմակերպությունն առավելապես կենտրոնանում է ամենախոցելի խմբերին սպառնացող խնդիրների վրա, ինչպիսիք են կրոնական փոքրամասնությունների հետապնդումը, արտադատարանային սպանությունը, բռնի աշխատանքը եւ կանանց կարգավիճակը։ «Ավրորա» մրցանակը կարող է մեծապես օգնել Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովին՝ ավելի լավ կազմակերպելու իր գործունեությունը եւ բարելավելու հասարակության խոցելի հատվածների իրավունքների պատշպանությունը։

TRÓCAIRE INTERNATIONAL

Թրոքըրը Ինթերնեշընըլը (Trócaire International), որն Իռլանդիայի առաջատար զարգացման կազմակերպություններից է, մոտ քառասուն տարի է արդեն, ինչ գործում է նաեւ միջազգային ասպարեզում՝ աջակցելով ծայրաստիճան աղքատության մեջ ապրող մարդկանց եւ հնարավորություն ընձեռելով նրանց դառնալու սեփական կյանքի տերն ու ազատվելու անարդարությունից եւ բռնաճնշումներից։ Իբրեւ Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու արտասահմանյան զարգացման գործակալություն՝ Trócaire-ը (որ նշանակում է «կարեկցանք») գործում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի մոտ քսան երկրներում։ Trócaire International-ն օգնել է Ֆաթիմային ստեղծել Ազատության կենտրոններ, որտեղ բանվորներն ստանում են բուժօգնություն, կրթություն, ֆիզիկական պաշտպանություն, իրավական օժանդակություն, ինչպես նաեւ ծանոթանում իրենց իրավունքներին։ «Ավրորա» մրցանակը մեծապես կօժանդակի Trócaire International-ին՝ շարունակելու իր գործունեությունը Պակիստանում ստրկությանը վերջ տալու ուղղությամբ։

 aurora _Bernard Kinvi

ՀԱՅՐ ԲԵՐՆԱՐԴ ԿԻՆՎԻԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Նրա մասին ավելին՝ այստեղ։

L’ORDRE DES SERVITEURS DES MALADES, ORDRE DES CAMILLIENS

Կամիլլիանների Միաբանությունը (L’Ordre des Serviteurs des Malades, Ordre des Camilliens) հիմնադրվել է 1586 թվականին Սուրբ Կամիլլուս դե Լելիսի կողմից։ Աշխարհում այն ներկայումս հայտնի է իբրեւ Կամիլլիանների միաբանություն։ Կամիլլիաններն ունեն մոտ 1,200 անդամ, որոնք գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Իրենց առաքելությանը հավատարիմ՝ նրանք առանձնահատուկ կարեւորություն են տալիս հիվանդների խնամքին, նույնիսկ եթե դա սպառնում է իրենց իսկ կյանքին։ «Ավրորա» մրցանակը թույլ կտա նրանց օժանդակել բժշկական նոր ծառայությունների ստեղծմանն ու տեղական կադրերի վերապատրաստմանը, ինչպես նաեւ ֆինանսավորել Աֆրիկայի տարածքում գործող մի շարք այլ նախագծեր։


Առնչվող նյութեր
1. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
2. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
5. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
6. Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս
7. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
8. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
9. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
10. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: