ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մարգարիտ Մուրադյանն իր մարմնավորած կերպարներով սերմանում էր սեր ու բարություն

30 ապրիլի, 2016 | 08:21

margarit muradyanԵրկրային կյանքին հրաժեշտ տվեց ևս մի երևելի անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության  և  թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը, ում կյանքը եղել է համակ սեր ու նվիրում`ընտանիքին և սիրելի թատրոնին:

Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային  ակադեմիական թատրոնում: Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վարպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն  Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել, այլ` ապրել է  բեմում, ապրեցնելով նաև իրենով հմայված հանդիսատեսին: Նրա ստեղծագործական  վերելքը շարունակվել է անընդմեջ և տարիքի առաջանալուն  զուգընթաց  շատ սահուն անցում է կատարել ավելի հասուն տարիքի դերերի` միշտ մնալով բեմական, հմայիչ ու առինքնող: Նրա մարմնավորած կերպարները  իրենց  ուրույն  տեղն  են գրավել հայ թատրոնի հարուստ ու բազմաբովանդակ պատմության մեջ. Անյա` «Բալենու  այգի», Դեզդեմոնա` «Օթելլո», Օֆելյա` «Համլետ»,  Կորդելիա` «Լիր  արքա», Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը  կանգնած  են  մեռնում», Նունիկ` «Իմ տունը` քո տունը չէ», Մարգո` «Իրարանցում», Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի զավակները», Շողեր`«Նույն հարկի  տակ», Մերի`«Բրոուդի ամրոցը», Ագլայա`«Ապուշը»:

Մարգո Մուրադյանը քնարա-դրամատիկական շնչի դերասանուհի էր: Վերը նշված և չնշված բազմաթիվ կերպավորումներ ի հայտ են բերել դերասանուհու ոչ միայն  քնքուշ, քնարական ներաշխարհը, մարդկային արժանապատիվ, ազնվաբարո և հուզական նկարագիրը, այլև մտածող ու խոհական մարդու ազգային կենսահաստատ փիլիսոփայության կրողին: Հրաշալի էր 1998 թվականին բեմադրված Ալդո Նիկոլայի «Վերադարձ Սորենտո» ներկայացման մեջ նրա մարմնավորած Նինուչայի կերպարը` իր բարությամբ, հուզականությամբ, հոգու ջերմությամբ և կյանքի նկատմամբ ունեցած երիտասարդական, գրեթե պատանեկան սիրով:

Մարգո Մուրադյանը անսահման բարի, զուսպ, հավասարակշռված և խաղաղասեր մարդ էր, անդավաճան` թատրոնին, ընկերներին ու ընտանիքին: Նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ էր ու սիրելի` նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ:

Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն մնացել: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, հետագայում` ՀՀ գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ  ընտրվել է շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի:

1961 թվականին անվանի դերասանուհուն շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978 թվականին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ:

Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին,ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում /հասցե` Գ. Լուսավորչի 6/: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

Կառավարական հանձնաժողով


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: