ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պետությունն այսօր մեծ ներգաղթի պատրաստ չէ, թեեւ մասնագիտական հայրենադարձության գործընթացն արդեն իսկ սկսվել է

21 օգոստոսի, 2018 | 13:57

Սփյուռքի նախարարն ամփոփեց Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերի արդյունքերը

Օգոստոսի 21-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի նպատակը նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն և ԱՄՆ կատարած այցերի արդյունքների ամփոփումն ու հետագա համագործակցության հեռանկարների ներկայացումն էր:

Անդրադառնալով Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հրավերով Կիպրոս կատարած պաշտոնական այցին՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այն ուներ երեք հիմնական նպատակ:

Առաջին նպատակը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ  եռակողմ հանդիպումը, փորձի փոխանակումն ու սփյուռքների համագործակցության շրջանակներում տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն էր:  «Հանդիպումներ ունեցա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրի հետհեղափոխական Հայաստանի տեսլականը, լսեցի առաջարկներ: Իհարկե այցելեցի նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն, որի խնդրին ծանոթ եմ վաղուց, սակայն այս հարցում դեռևս հանդես եմ գալիս լսողի դերում, փորձում լսել բոլոր հիմնավորումները և շարունակել աշխատանքները երկու կողմերի հետ էլ»,-հավելեց նախարարը:

Մանրամասն խոսելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիք և Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Վերջինս հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման, սփյուռքների հարցերի շուրջ գործակցության մեկնարկի ցանկություն է հայտնել: «Հաշվի առնելով հեռանկարները՝ ես ևս դրական արտահայտվեցի համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Կիպրոսի նախագահի առաջարկով՝ որոշեցինք Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին ներգրավել նաև հայաստանյան կողմին: Քայլն արված է, և առաջին քառակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Ես սա համարում եմ Կիպրոս կատարած այցի ձեռքբերումներից մեկը, որը հող է նախապատրաստում նաև պետությունների ղեկավարների հանդիպումների համար: Կարևոր է նաև, որ այս երկրները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հստակ դիրքորոշում ունեն»,-նշեց սփյուռքի նախարարը՝ չմոռանալով ասել նաև, որ հանդիպումների ընթացքում առկա էր մեծ ոգևորություն Հայաստան պետության և թավշյա հեղափոխության հանդեպ: Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի նախարարի հրավերով սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, այնուհետ աշխատանքային այց կկատարի Լիբանանի Հանրապետություն:

Ներկայացնելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցի հիմնական շեշտադրումները՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այցի հիմնական նպաստակը հայ համայնքի հետ տարվող աշխատանքները և նոր Հայաստանի ասելիքները համայնքին հասցնելն էր: «Բազմիցս նշել եմ, որ սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պիտի փոխվի: Սփյուռքն այլևս չի ընկալվում որպես բանկոմատ, պետք է լինի փոխշահավետ համագործակցություն և փոխադարձ հոգատարություն: Հայաստանը կլինի ուժեղ, եթե սփյուռքը լինի ուժեղ, և հակառակը: Այս ամենը արտահայտված է լինելու մեր տեսլականում, որը մշակվում է ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ընդգրկված կլինի պետական հայեցակարգի շրջանակներում: Մենք խնդիր ունենք նաև ճանաչել սփյուռքը, պետք է գիտական հետազոտություններ և խորը ուսումնասիրություններ կատարվեն: Նախկինում մեծ համայնքներն են եղել ուշադրության կենտրոնում: Այսուհետ այդպես չի լինելու, մենք աշխատելու ենք բոլորի հետ»,-շեշտեց նախարարը: Նա նաև հավելեց, որ ամերիկահայերին փոխանցված հիմնական ուղերձներից մեկն էլ այն է եղել, որ միայն հայաստանակենտրոն մոտեցումն ընդունելի չէ, և Հայաստանը ևս պետք է լուծի սփյուռքի խնդիրները:

Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներն իրենց աշխարհագրությամբ աննախադեպ էին. եղան ինչպես համայնքային, այնպես էլ կուսակցական գործիչների, հոգևոր, կրթական շրջանակների ներկայացուցիչների հետ բազում հանդիպումներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Բոստոնում: «Եթե որևէ հայկական կառույց, կազմակերպություն հայտարարի, որ իմ այցի ընթացքում իրեն անտեսված է զգացել, ես շատ կզարմանամ: Այսօր արդեն սփյուռքի նախարարությունն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ, ստեղծել հնարավորություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի համախմբման: Այս ուղերձը շատ լավ ընդունվեց ամերիկահայերի կողմից: Իհարկե, նախկինում եղել են մերժվածներ և արտոնյալներ, սակայն այսօր նման տարանջատում լինել չի կարող: Կա համագործակցության մեկ նախապայման՝ անմնացորդ նվիրում աշխատանքին»,-ընդգծեց սփյուռքի նախարարը: Շարունակելով թեման՝ նախարարը մեկ անգամ ևս նշեց, որ սփյուռքը բազմաշերտ է, և յուրաքանչյուր համայնք պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար Մխիթար Հայրապետյանը անխուսափելի համարեց նախարարության ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունները:

Խոսելով ամերիկահայ համայնքի խնդիրների մասին՝ նախարարն առանձնացրեց ձուլման, դպրոցների փակման վտանգը, դասագրքերի, կրթության մրցունակության խնդիրը: Ինչ վերաբերում է սփյուռքում բնակվող և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած  քաղաքացիների հարցին՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ներկայացնել ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ սփյուռքահայերի կողմից արված առաջարկները:

Սփյուռքի նախարարը փոխանցեց, որ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն հայտնողներ շատ են եղել, և չնայած օրենքի գերակայության հանդեպ վստահությանը՝ առկա է տեղեկատվության պակաս, և համապատասխան տեղեկատվությունը շուտով կտեղադրվի նախարարության կայքում: Մխիթար Հայրապետյանը նախատեսում է հանդիպում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու սփյուռքի ներդրումներին առնչվող խնդիրները: «Այցի ընթացքում ավելի քան 100 ընտանիք է ինձ մոտեցել և ասել, որ վաճառքի են հանել իրենց բնակարաններն ու ցանկանում են վերադառնալ Հայաստան: Պոտենցիալ հայրենադարձվողները ցանկանում են օրենքի գերակայություն և աշխատատեղերի ավելացում: Մասնագիտական հայրենադարձության գործընթացն արդեն իսկ սկսվել է, և մենք ևս փորձում ենք պետական կառավարման համակարգում ներգրավել նաև սփյուռքի ներուժը»,-նշեց սփյուռքի նախարարը:

Ամփոփելով ասուլիսը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ չնայած մասնագիտական հայրենադարձության մեծ պահանջին՝ պետությունն այսօր մեծ ներգաղթի պատրաստ չէ:

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: