ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը

28 սեպտեմբերի, 2015 | 19:24

garegin 1 kentroni batsumՍեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորակառույց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը:

Արարողությանը ներկա էին կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները, Տիտիզյան ընտանիքի անդամներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և այլ հյուրեր:

Այս առիթով, մինչև կենտրոնի բացումը, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնի առջև հյուրերին ողջունեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով «Գարեգին Ա» կենտրոնի ստեղծումը վերջին տասնամյակում Մայր Աթոռի կրթական գործունեության ոլորտում գրանցված լավագույն ձեռքբերումներից մեկը դիտարկեց:

«Այս կենտրոնի ստեղծումը դարձյալ վկայում է, որ Մայր Աթոռը սրբորեն պահում է սեփական առաքելությանը բնորոշ ավանդույթները, որն իր դարավոր գոյության ընթացքում հավատն ու գիտությունը երբեք իրար հակառակ չի դիտել, այլ միմյանց փոխլրացնող, ամբողջացնող: Վեհափառ Տեր, Ձեր հովվապետության ընթացքում այն գաղափարն արմատավորեցիք , որ Հայոց Եկեղեցու բարեկարգումը հնարավոր է միայն հոգևոր կրթությունը համապատասխան որակի բարձրացնելու պայմանով: Այս լույսի ներքո սույն կենտրոնի հիմնումը նաև գնահատանքի և հարգանքի տուրք է Ձեր նախորդի՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հիշատակին. մարդու, ում մտապատկերում հոգևորականն ու գիտնականը նույն նպատակին են ծառայում», – նշեց Սրբազանը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը և բարերաներ Հայկ և Էլզա Տիտիզյանները կտրեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնի մուտքի ժապավենը, որով պաշտոնապես ազդարարվեց կենտրոնի բացումը:

Կրթական կենտրոնի դահլիճում արարողության մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հայրապետին նվիրված ֆիլմը, ապա, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց նորաբաց կենտրոնի օրհնության կարգը:

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին:

«Ուրախությամբ և սիրով ողջունում ենք ամենքիդ ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիրավի, պատմական օրեր ենք ապրում Լուսավորչահիմն Մայր Աթոռում: Երեկ Ամենախնամ Տիրոջ բարեսեր կամքով կատարեցինք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, և տակավին թարմ են հոգեպարար այն զգացումները, որ համակել էին ամենքիս սրտերը: Այսօր ևս տոնական նույն ոգին է թևածում Մայր Աթոռում. առիթը Մեր սիրելի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ կյանքի կոչվող «Գարեգին Ա» կրթական կենտրոնի կառույցն է, որի շինարարական աշխատանքները, կամոքն Աստուծո, իրենց բարեհաջող ավարտին պիտի հասնեն առաջիկային: Փառք ու բարեբանություն Երկնավոր Տիրոջը, որ աստվածասեր մեր ժողովրդին պարգևել է ազնվասիրտ բարերար զավակներ, ովքեր իրենց եռանդն ու կարողությունները սիրահոժար կերպով ծառայեցնում են ի բարօրություն մեր Հայրենքի և ի պայծառություն Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցու:

garegin 1 kentronԵրջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում  նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:

Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով և ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին:

Սիրելի Հայկ և Էլզա, կրթական այս կենտրոնի կառուցման աստվածահաճո նախաձեռնությունն իր մեջ խտացնում է հոգելույս Հայրապետի հանդեպ ունեցած Ձեր ազնիվ ու ջերմ զգացումները, Ձեր մեծ սերն ու նվիրումը: Հիրավի, այդ բացառիկ զգացումների արգասիքն ու վկայություններն են Գարեգին Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արժանավոր Ձեր գործերը: Երանաշնորհ Հայրապետի սրտում փայփայած ու կյանքի վերջին օրերին ձեզ փոխանցած տեսլական իղձն է հայագիտության ու աստվածաբանության կենտրոնի կառուցումը, որն այսօր իրական դարձած` նպաստ է բերելու մեր ժողովրդի հոգևոր, գիտակրթական ու մշակութային կյանքի առաջընթացին: Երջանկահիշատակ Հայոց Հայրապետի հանդեպ տածած Ձեր խորին հարգանքի և նրա լուսավոր հիշատակի առջև խոնարհումի դրսևորումն է նաև նրա գրական ժառանգության և անտիպ էջերի հրատարակության նախաձեռնությունը, որ տակավին շարունակում եք՝ նոր կյանք ու նոր շունչ տալով Գարեգին Ա Հայրապետի հոգեմտավոր ճառագայթումներին: Այս պահին, սիրելի բարերարներ, հոգելույս Հայրապետը երկնքից օրհնում է Ձեզ և Ձեր աստվածահաճո բարի իրագործումները», – ասաց Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը վերստին իր բարձր գնահատանքը բերեց Տիտիզյան ընտանիքին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ազգասեր ու եկեղեցաշեն գործոց հաջողություններ:

Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց կառույցի ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին ու Արամ Սահակյանին և շինարար Ստեփան Ախոյանին:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Գարեգին Ա լուսահոգի Հայրապետի սերմանած հունդերը շարունակեն նոր ծիլեր արձակել և առատ, բարի պտուղներ պարգևեն մեր ժողովրդին, և օրհնյալ ճանապարհ ցանկացավ «Գարեգին Ա» կրթական կենտրոնի առաքելությանը:

###


Առնչվող նյութեր
1. Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
3. Էջմիածնում բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»ի նոր կրթահամալիրը
4. Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
5. Էջմիածնում ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմը
6. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
7. Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը
8. Մեկ տարում աշխարհում օծվել է 22 հայկական եկեղեցի
9. Աթեշյան Սրբազանի լիազորությունները դադարեցվում են, տեղապահի ընտրությունը մինչեւ մարտի 15
10. Ի Տեր ննջեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: