ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

04 նոյեմբերի, 2018 | 11:54

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննությունը խորհուրդը հաստատեց նախորդ` 2018 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հարցը, համաձայն Գերագույն հոգևոր խորհրդի նախորդ ժողովների քննարկումների արդյունքում կայացված որոշումների: Այս կապակցությամբ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Քննարկումների արդյունքում որոշվեց առաջիկա տարի գումարել Ազգային-եկեղեցական ժողով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկա և ապագա» խորագրով: Քննության առնվեցին ժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերը:

Ժողովի երկրորդ նիստին Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ընդգծվեց անհրաժեշտությունը Եկեղեցի-պետություն հարաբերություններն ընդլայնելու կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական և տնտեսական ոլորտներում` հուսալի երաշխիքներ ապահովելով մեր ազգային-հոգևոր անվտանգության և հայ ինքնության պահպանության համար:

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` թելադրելով Մայր Աթոռի պատկան կառույցներին շարունակել զորացնել գործակցությունը պետության հետ` ի խնդիր հայրենիքի պայծառության և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:

Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանների առնչությամբ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը` տեղեկացնելով, որ հոբելյանների կազմակերպման համար ստեղծվել են պետական հանձնաժողովներ Մայր Աթոռի ներկայացուցչի մասնակցությամբ: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց, որ  հիշյալ հոբելյանները պատշաճորեն նշվեն նաև Մայր Աթոռում և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում:

Ժողովի երրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Վերջինս լուսաբանություններ տվեց ԳՀԽ անդամներին դեռևս 2016 թվականին սկզբնավորված ծրագրի իրականացման հերթական փուլի առնչությամբ:

Ընդունելով զեկույցը` ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին տիար Ասո Դավիդյանին Եկեղեցուն մատուցվող օգտաշատ ծառայության և կարևոր հանձնառության համար։

ԳՀԽ անդամները քննության առան Եվրոպայում եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցը: Խնդրի մասին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ներկայացնելով Եվրոպայի երկրների հայկական համայնքների համայնապատկերը` հայկական բնակչության վիճակագրությամբ և եկեղեցական-վարչական կառուցվածքում դրանց կարգավիճակով:

Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց Եվրոպայում եկեղեցական կյանքի վերակազմակերպման նախաձեռնությունը` ի խնդիր Եվրոպայում ինչպես ավանդական համայնքների, այնպես և նորակազմ համայնքների հոգևոր-եկեղեցական կյանքի պայծառության:

Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց ԳՀԽ անդամներին և նիստերին մասնակից հրավիրյալ եկեղեցականներին` կարևորելով քառօրյա քննարկումների արդյունքում առնված որոշումները, որոնք պիտի ծառայեն Մայր Աթոռի հոգևոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը:

Ժողովը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
4. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
5. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
7. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
8. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
9. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
10. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: