ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մայր Աթոռում վերաբացվեց ՀԲԸՄ Նախագահ Պերճ և տիկին Վերա Սեդրակյանների բարերարությամբ հիմնանորոգված Հին Վեհարանի շենքը

04 օգոստոսի, 2014 | 15:53

IMG_4615Հուլիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի նախարար Արթյուր Նազարյանը, Մայր Աթոռի միաբաններ, Սեդրակյան և Նազարյան ընտանիքների անդամներ, կրթության ու մշակույթի գործիչներ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ թե օտար հյուրեր:

HV-4Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և մասնակցությամբ հոգևորականաց դասի կատարվեց օրհնության կարգ: Հավարտ արարողության, ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր կյանքից ներս առատորեն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդվում է և պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելության մեջ: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի»,- նշեց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հին Վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ Եկեղեցու և ազգի նվիրյալ զավակներ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա: «Նրանք նույնպես ցանկացան բարի հիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետև ապրել են Ս. Էջմիածնով և իրենց առաքելության մեջ միշտ կարևոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», – ասաց Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաև, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը մշտապես կարևորել է համագործակցությունը Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի միջև` այն հավատով, որ համատեղ գործունեությունը պիտի գա զորացնելու ազգային կյանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության առավել արդյունավետ իրականացմանը հատկապես Սփյուռքում:

mayr ator sedrakyanՎերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալից, որ խաղաղությունն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ հայորդիներին, որպեսզի գոհաբանությամբ և նվիրյալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Այնուհետև Հայոց Հովվապետը և Սեդրակյան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, կատարեցին բացումը հիմնանորոգված Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրվող բարձրարվեստ արժեքավոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները:

HV-8Հին Վեհարանի բացման առիթով ՀԲԸՄ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, ի միջի այլոց ասաց. «Մենք այնպիսի Կաթողիկոսներ և Հայրապետներ ունեցած ենք, որոնք մեր պատմության մեջ հերոսներ եղած են եւ իրենց մեծագույն ծառայությունները բերած են մեզ ազգին: Այդ ծառայությունները մեզի համար ներշնչումի աղբյուր եղած է և եթե անոնց օրինակը չըլլար, մենք հավանաբար մեր ինքնությունը կորսնցուցած ըլլայինք: Վստահ եմ, որ հայեր և օտարներ, որոնք կայցելեն Մայր Աթոռ Ս. Էջմիածին ու Հին Վեհարանի շենք, պիտի խոնարհին անոնց հիշատակին առջև: Ուրախ եմ, որ այս շենքին մեջ անոնց հիշատակը պիտի շարունակվի» :

Հին Վեհարանը պատմական անցյալում

Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում`1738-1751 թթ.-ին, Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Ս. Մովսես Գ Տաթևացի Հայրապետի շրջանում (1629-1632 թթ.) կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում: Մինչև 1962 թվականն Ամենայն Հայոց Հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացրել են Հին Վեհարանի շենքում: 1968 թ.-ին, պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան:

HV-72010-14 թթ.-ի հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր: Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ.-ին Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.): Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ: Հին Վեհարանը վերածվելու է թանգարանի, ինչպես նաև նաև ծառայելու է որպես իջևանատուն Ս. Էջմիածին այցելող բարձրաստիճան հոգևորականների համար :

Լուսանկարներում՝

Հայոց Հայրապետը և Սեդրակյան ամուսինները հատում են Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, բացումը կատարելով հիմնանորոգված շենքին :

Հին Վեհարանի Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված «Ծաղկյա դահլիճը»


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
3. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
4. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
5. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
6. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
7. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
8. Մահացել է ամերիկահայ նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը
9. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
10. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Հ.Բ.Ը.Մ.Ի ԿՈՂՄԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ԿԱՅԱՑՈՂ ՑՈՅՑԵՐՈՒՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: