ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել

06 հոկտեմբերի, 2018 | 12:27

Երեկ գիշեր Բարսելոնայի կլինիկաներից մեկում մահացել է համաշխարհային օպերային արվեստի համբավավոր իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Նա  85 տարեկան էր:

Երգչուհին ծնվել է Բարսելոնայում: Նա 1954 թ. գերազանցությամբ ավարտել է տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը` երկու  տարի անց դառնալով Բազելի թատրոնի մենակատարուհի։ Միջազգային ճանաչում Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ Նյու Յորքի «Կարնեգի հոլ» համերգային սրահում արիաներից մեկում փոխարինել է ամերիկուհի Մերիլին Հորնին։ Նրա այդ կատարումը դարձել է սենսացիա օպերային աշխարհում։ Դահլիճը նրան ծափահարել է 20 րոպե շարունակ։

Երգչուհին առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

Կաբալյեն բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ակտիվորեն զբաղվում է նաեւ բարեգործությամբ։  1974 թվականին ճանաչվել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է եղել 1994 թվականից:

2013թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն երկու անգամ Արցախ է այցելել. 2013թ. հունիսի սկզբին եւ 2014թ.-ի հոկտեմբերի կեսին՝ չընկրկելով Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ ջղաձգություններից ու Իսպանիայի ԱԳՆ հղվող նոտաներից:

Կաբալյեն այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ Արցախի նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ:

«Ես այստեղ եմ որպես երգչուհի: Բացի դրանից, ես ներկայացնում եմ Միավորված ազգերի կազմակերպությունը: Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը,- Ստեփանակերտում ասել է երգչուհին, – այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը: Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»:

Նա 2013թ.-ի հունիսի 6-ին համերգ էր ունեցել Ստեփանակերտում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

Հանրային ռադիո, Արցախպրես


Առնչվող նյութեր
1. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
4. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
5. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
9. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
10. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: