ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը`Բենջամին Ուիտակերը՝

25 հունիսի, 2014 | 09:00

Ben-WhitakerԱյս ամսվա սկզբին Լոնդոնում կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուիտակերը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հայկական զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի:

Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուիտակերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:

Պարոն Ուիտակերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:

1975 թվականին պարոն Ուիտակերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:

Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուիտակերին, արդյոք նա կցանկանա դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուիտակերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:

Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուիտակերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուիտակերի դեպքում:

1985 թվականի օգոստոսին պարոն Ուիտակերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ քվեարկությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:

Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց… Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:

Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին…

ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուիտակերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա, տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուիտակերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:

ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամներ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
7. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: