ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը. Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

05 օգոստոսի, 2018 | 13:15

97 տարեկանում մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:

Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ գիտնականի ու մանկավարժի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար։ Նրա գիտական վաստակն արժանի է խոնարհման եւ հպարտությամբ է լցնում մեր սրտերը:

Անուրանալի է Սերգեյ Համբարձումյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, ինչպես նաեւ մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում։

Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաեւ գիտության եւ գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում եւ Երեւանի պետական համալսարանում աշխատելու տարիներին:

Սերգեյ Համբարձումյանը նաեւ պետական ու
հասարակական ակնառու գործիչ է: Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ նախագահության անդամ, նա մշտապես հայ մտավորականին վայել արժանապատվությամբ ու նվիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

Ճանաչված պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ազնիվ եւ պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

 

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոսի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է:

Համբարձումյանը ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են նաեւ սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ: Իր աշակերտների հետ միասին Սերգեյ Համբարձումյանն առաջին անգամ մշակել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Սերգեյ Համբարձումյանը մեծ դեր է ունեցել նաեւ Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, այդ ընթացքում մշտապես պաշտպանելով Հայաստանի շահերը:

Առնչվող նյութեր
1. Մահացել է ակադեմիկոս Սեն Արևշատյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: