ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է ակադեմիկոս Սեն Արևշատյանը

25 հուլիսի, 2014 | 21:08

sen arevshatyanԱյսօր առավոտյան 86 տարեկան հասակում մահացել է փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։ Այդ մասին տեղեկացրին Մատենադարանից:

Մահվան պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում։ Հայրը՝ Սուրեն Արևշատյանը, թատերական ինստիտուտի դասախոս էր, մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակ։ 1951 թ. Սեն Արևշատյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1951-54 ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59 թթ. Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թ. ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972 թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։

Սեն Արևշատյանը 1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Նա առ այսօր այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն է։ 1982 թ. Սեն Արևշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007 թ. ցայսօր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Պրոֆեսոր Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։

Գարիկ Ավետիսյան

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ:

«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


Առնչվող նյութեր
1. Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը. Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: