ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից

11 հունվարի, 2018 | 12:35

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի և պարտավորությունների վերաբերյալ, որոնք  Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:

 

Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ «Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​և ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ»:

 

Պրոֆ. Աուրոնի խնդրանքում, Իսրայելի տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, բացատրվում է, որ «Թուրքիան Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ուսումնական և ռազմական համակարգեր: Զենքի գծով գործարքները ներառում են ինքնաթիռների և տանկերի, ռադիոլոկացիոն և մոնիտորինգային համակարգերի, հրթիռների և զինամթերքի արդիականացում»: Ադրբեջանը ևս Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից զենքեր:

 

2011-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը և Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ կերպով բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր» ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով»:

 

Պրոֆ. Աուրոնի նամակում նաև մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» (“Yisrael Beiteinu”) աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից, նշելով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն է: Ի նպաստ Ադրբեջանի քարոզիչ և Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի խոսնակ Արյե Գուտը հաստատել է, որ «Լիբերմանը ադրբեջանա-իսրայելյան գործընկերության ճարտարապետներից է»: RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «տեսականորեն պատմական վիճահարույց հարց էր, և դրա ճանաչման բացակայությունը անպայմանորեն չի առնչվում Թուրքիայի հետ, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ [Իսրայելի] ռազմավարական հարաբերություններին»: Պրոֆ. Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են նրանց, որոնք ժխտում են հրեական Հոլոքոստը:

 

Պրոֆ. Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24 ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը: Միայն Ադրբեջանը և Թուրքիան են նշում այս «ցեղասպանության» միջոցառումը: Վերջին տարիներին պաշտոնական Իսրայելը դարձել է ենթադրյալ Խոջալուի ցեղասպանության պահանջի ուղղակի և անուղղակի սատարողը: Խոջալուի ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմի ժամանակ: Կան մի քանի վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ներառյալ զոհերի թիվը, սակայն մի հարցում միջազգային հանրությունը միակարծիք է՝ ոչ մի ցեղասպանություն, իր ընդհանուր սահմանմամբ, այնտեղ տեղի չի ունեցել»:

 

Պրոֆ. Աուրոնը եզրափակում է Իսրայելի կառավարությանն ուղղված իր խնդրանքը, նշելով, որ «կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առևտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնագրերում:

 

Հետևաբար, փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետևյալ տեղեկատվությունը.

 

1)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման և պայմանավորվածության փաստաթղթերը»:

 

2)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:

 

3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:

 

4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:

 

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը: Թե ամերիկյան, թե բրիտանական կառավարությունները, որոնք ներքին տեղեկատվության բացահայտման պահանջների վերաբերյալ նմանօրինակ օրենքներ ունեն, արձագանքել էին իրենց քաղաքացիների նման պահանջներին՝ հրապարակային դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը: Հասկանալի է, եթե Իսրայելի կառավարությունը գաղտնիության պատճառով անընթեռնելի դարձնի գաղտնազերծված փաստաթղթերի որոշ հատվածներ՝ տեղեկատվությունը տրամադրող անձանց ինքնությունը պաշտպանելու կամ ազգային անվտանգության նկատառումներով:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: