ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաքը

Երուսաղեմի օրը Պրահայի Մայր Տաճարում
24 մայիսի, 2017 | 00:24

 

ՊՐԱՀԱ.- «Հայաստան»  և «հայկական» բառերն այսօր մի քանի անգամ հնչեցին Պրահայի Սուրբ Վիտի տաճարում Երուսաղեմի օրվան  նվիրված  հանդիսավոր երեկոյի ընթացքում։  Ձեռնարկը, որ անցկացվեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինի Դուկայի  և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի բարձր հովանու ներքո,  կազմակերպել էին Չեխիայի էկումենիկ, քրիստոնյա եւ հրեական կազմակերպությունները`Իսրայելի դեսպանության մասնակցությամբ։

Այս տարի Երուսաղեմի օրը նշվում է առանձնակի կերպով, քանի որ Իսրայելը նշում է քաղաքի վերամիավորման 50ամյա հոբելյանը ։  Չեխիայի խորհրդարանը հատուկ նվեր էր պատրաստել։ Ինչպես իր ելույթում նշեց խորհրդարանի պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը, այսօր պատգամավորները բանաձև են ընդունել, որով անընդունելի են հայտարարում Երուսաղեմի կարգավիճակի մասին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  որոշումը։  Չեխիայի խորհրդարանի դիրքորոշման համաձայն Երուսեղեմն Իսրայելի մայրաքաղաքն է։

Այդուհանդերձ, փոխխոսնակ Բարտոշեկը Երուսաղեմն անվանեց  հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաք՝ մեծ նշանակություն տալով դրա միջազգային նշանակությանը։  Նա նշեց, որ 3000 ամյա պատմությամբ Երուսաղեմը ավետյաց  վայր է, ուր ամեն մի քար իր պատմությունն ունի։

Չեխիայում Իսրայելի դեսպան Դանիել Մերոնը ներկաներին տեղեկացրեց, որ ծնվել է Երուսաղեմում և ուրախ է, որ գործուղվել  է աշխատելու հատկապես Պրահա. մի քաղաք, որի հետ Երուսաղեմն ունի բազմաթիվ  առնչություններ։  (Դեռևս Թոմաշ Գարիկ Մասարիկն է հանդես եկել հրեից պետություն հիմնելու գաղափարի աջակցությամբ)։  Դեսպանը նույնպես շեշտեց, որ Երուսաղեմը հրեաների, հայերի, քրիստոնյաների ու մահմեդականների քաղաքն է,  ու որ այն ոչ միայն քարերի երկիր է, այլ գաղափար, որին դարեր շարունակ հավատարիմ են մնում բոլոր հրեաները։ «Երբեք չենք մոռանա Երուսաղեմը»  խոսքերը մեզ հետ են դարեր շարունակ։

Տեսաուղերձով ներկաներին դիմեց նաև Երուսաղեմի քաղաքապետ Նիրա Բարկատը։ Անդրադառնալով Պրահայի ու Երուսաղեմի կապերին նա նշեց, որ Երուսաղեմի Մասարիկի անվան փողոցում բացվել է նաև Վացլավ Հավելի անվան  հուշաքար ու այգի։

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան իր խոսքը սկսեց  մեզ համար լիակատար անակնկալ բանաձևմամբ. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի և Երուսաղեմի համար»։ Կարդինալը նկատի ուներ ոչ միայն Երուսաղեմի մասին այսօր ընդունված բանաձևը, այլև ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին բանաձեւը։

«Երուսաղեմը ողջ մարդկության մշակութային ժառանգության մասն է» նշեց կարդինալը, ներկաների համար հատուկ շեշտեց Տիրոջ դամբարանի հայկական հսկողության մասին։  Կարդինալը  մաղթեց, որ Երուսաղեմը լինի խաղաղության ու հույսի քաղաք։

Ելույթներ ունեցան նաև Չեխիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի նախագահ Դանիել Ֆայֆրը, ռաբին Ռոնալդ Հոֆֆբերգը։  Հոգևոր առաջնորդները նաև համատեղ աղոթք կարդացին։

Ձեռնարկի ընթացքում հրեական եւ չեխական ծրագրով հանդես եկան Հրադեց Կրալովե քաղաքի արական երգչախումը եւ երգչուհի Քրիստինա Ջոնսթոնը։ Երեկոն ավարտվեց` «Կհանդիպենք հաջորդ տարի` Երուսաղեմում» արտահայտնությամբ, որ մեզ հիշեցրեց հայերիս շրջանում ցավալիորեն հայտնի «Գալ տարի Վանում»  բարեմաղթանքը։

Ընդհանրապես հարկ է նշել, որ Պրահան հրեաների կյանքում հատուկ տեղ է զբաղեցնում։ Բավական է միայն հիշել, որ Պրահայի կենտրոնում գտնվող հանրահայտ հին-նոր  սինագոգը  համարվում է հրեաների ամենասուրբ վայրերի մեկը։  Եբրայերեն սինագոգն անվանվում է «ալթ-նայ» , որ թարգմանաբար նշանակում է «պայմանով»։  Առասպելի համաձայն հրեշտակները 13րդ դարում Երուսաղեմից ավերված Տաճարի քարերն են բերել Պրահա այս սինագոգը կառուցելու համար, պայմանով, որ դրա քարերը հետ կտարվեն Երուսաղեմ, երբ Մեսիահը գա անհրաժեշտ լինի Տաճարը վերակառուցել։

 

Աննա Կարապետյան

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
2. Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ
3. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
4. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
5. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
6. Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք
7. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
8. Աիդա եւ Շառլ Ազնավուրները Իսրայելում կպարգեւատրվեն Ռաուլ Վալլենբերգի մեդալով՝ հրեաներին փրկելու համար
9. «Այցելեք Արցախ եւ կհամոզվեք…» Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
10. Երուսաղեմում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: