ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրատապ լուր. Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում

24 դեկտեմբերի, 2014 | 14:11

Amal Clooney

Այս հոդվածում առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Որոշ ընթերցողներ կարող են հարց տալ, թե ինչպե՞ս է մի կին՝ «Էլլ» (Elle) ամսագրի նկարագրությամբ, ունենալով «շլացուցիչ տեսք և շքեղ մազեր, կրելով բաց հագուստներ, նորաձև տաբատներ, գույնզգույն կրունկներ», ներգրավվել նման բարդ իրավական հարցում:

Շատ մարդիկ տեղյակ չեն, որ Ամալ Ալամուդինը, այժմ տիկին Քլունին, իր գեղեցիկ դեմքից առավել այլ բարձր արժանիքներ ունի նման կարևոր հանձնարարության համար:

Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից  Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:

Ամալը ծնվել է 1978 թվականին Լիբանանում, նրա հայրը դրուզ է, իսկ մայրը՝ սուննի մահմեդական: Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իրավաբանական կրթությունը ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թ. Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբան: Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, իսկ 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը: Նա գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թ. սեպտեմբերին նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում:

Տիկին Քլունին, նման անթերի արժանիքներով, մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավական խմբի համար Ստրասբուրգում՝ հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վերաքննության գործում:

Դատական գործը կապված է շվեյցարական դատարանների կողմից թուրքական մի փոքր կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչելու հետ, որը 2005 թ. մեկնել էր Շվեյցարիա՝ հատուկ դիտավորությամբ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: 2008 թ. Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի որոշումը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:

Սա երկակի ստանդարտներով կայացված անարդար և անընդունելի որոշում էր, քանի որ դատարանը հրեաների Հոլոքոստի ժխտումը հանցանք է համարել, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման արգելումը՝ խոսքի ազատության ոտնահարում: Հինգ դատավորները, որոնք որոշում էին կայացրել ընդդեմ Շվեյցարիայի, թույլ են տվել դատողության և տվյալների անհամար սխալներ ՝ աղավաղելով Փերինչեքի պնդումները, խեղաթյուրելով Շվեյցարիայի օրենքներն ու դատավճիռները, չունենալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ և բազմիցս հակասելով իրենք իրենց: Յոթ դատավորներից երկուսը չհամաձայնեցին մեծամասնության որոշմանը և ներկայացրեցին 19 էջանոց համապարփակ զեկույց Հայոց ցեղասպանության մասին՝ կողմնակից լինելով շվեյցարական դատարանին:

2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիան որոշեց բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը 17 դատավորներից կազմված Մեծ պալատում՝ պաշտպանելու համար իր երկրի օրենքների և իրավական համակարգի վարկը: Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարությունը դատարանի որոշումը վիճարկեց հետևյալ երեք պատճառներով.

1) ՄԻԵԴ-ը նախկինում երբեք չի զբաղվել ցեղասպանության իրավական որակավորմամբ և խոսքի ազատության սահմանով.

2) Շվեյցարիայի «հայեցողության շրջանակի» անհարկի ձևով նվազեցում ՝ ըստ ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի.Amal Clooney

3) «Արհեստական տարբերությունների» ստեղծումը. միջազգային դատավճռի բացակայության պայմաններում ՄԻԵԴ-ը պետք է դիտարկեր թուրքական դատարանի 1919 թ. վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների՝ որպես Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկային առնչվող ապացույց:

Անցյալ տարի Հայաստանը չի մասնակցել ՄԻԵԴ-ի ստորին ատյանի դատարանում կայացած Փերինչեքի գործով դատավարությանը: Սակայն, Թուրքիան միջամտել է՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ծավալուն փաստաթղթեր: Այս անգամ Հայաստանը մասնակցելու է ուժեղ իրավաբանների խմբով, որի կազմում ընդգրկված է միջազգային նշանավոր իրավաբան և «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» ուշագրավ գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը: Դատարանում Ռոբերտսոնին կմիանան նրա գործընկեր Ամալ Քլունին և Հայաստանի կառավարության երկու ներկայացուցիչներ՝ Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:

Խիստ կարևոր է, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վերանայի ստորին ատյանի դատարանի թերի որոշումը՝ վերականգնելով Շվեյցարիայի օրենքների իրավացիությունը և կանխելով Թուրքիայի ու Փերինչեքի կողմից ցեղասպանության ժխտողականության արտահանումը Եվրոպա և այլուր..

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
6. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
7. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
8. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
9. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը
10. Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: