ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրաչուհի Բասենց. Օպերային աննախադեպ վերելք Երեւանից՝ Երուսաղեմ, Նյուրենբերգից՝ Քովենթ Գարդեն

Աֆրիկուհուց մինչև Գիշերվա Թագուհի եւ Վալենտինից մինչեւ Ադրիանա Լեկուվրեր
01 ապրիլի, 2017 | 14:28

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է Նյուրենբերգի օպերային թատրոնի մեներգչուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը

Ֆրանչեսկո Չիլեա, Ադրիանա Լեկուվրեր, Քովենթ Գարդեն Լուսանկարը՝ CATHERINE ASHMORE

Ֆրանչեսկո Չիլեա, Ադրիանա Լեկուվրեր, Քովենթ Գարդեն Լուսանկարը՝ CATHERINE ASHMORE

– Սիրելի Հրաչուհի, անցած տարին Ձեզ համար  լի էր նշանակալից ելույթներով։ Հատկապես ո՞ր դերերգերն են առավել հիշարժան, եթե կարող եք առանձնացնել դրանցից մի քանիսը։ Գիտեմ, որ բավականին բազմաժանր էին դրանք։

-Ես կասեի անցած վերջին տարիները՝ բոլորը լի էին հիշարժան ելութներով, լի նշանակալից և որոշիչ դերերով։ Թող անհամեստ չհնչի, բայց իմ վոկալ կենսագրությունը շատ լայնածավալ է և բազմաժանր։ Աստծո բարեհաճ կամքի և առատաձեռնության շնորհիվ օժտվել եմ հնարավորություններով, ինչը թույլ է տվել հեշտությամբ տեղաշարժվել ժանրերում և երգել օրինակ լարված, դրամատիկ Աֆրիկուհուց մինչև Գիշերվա Թագուհին և կամ բարոկկո օպերայից մինչև օպերետտա։ Չեմ կարող ասել, թե այդօրինակ գործունեությունը օգտակար է կամ ճիշտ, հատկապես, եթե չկա ամուր վոկալ տեխնիկա, անգամ վտանգավոր է, բայց և հակառակն էլ չեմ կարող ասել, քանի որ և՛ ռեպերտուար ես հավաքում, հսկայական փորձ ձեռք բերում,  և՛ եվրոպական երկրների ծավալուն խաղացանկը թույլ չի տալիս այլ կերպ վարվել։  Բայց սա,  իհարկե,  այլ թեմա է, եւ այլ զրույց։  Վերադառնալով բուն հարցին, կառանձնացնեմ այնուամենայնիվ 2014 – 2015-ին երգածս Վալենտինի դերը, որին մեծ դժվարությամբ, պայքարի արդյունքում և երկար բանակցություններից հետո համաձայնեցի, որն էլ հենց դարձավ ճակատագրական և շրջադարձային։ Այն շատ դրամատիկ լարված, ծանր պարտիա էր։ Ինձ համար շատ կարևոր են կերպարներիս պատմությունները և ուղերձները, թե ինչն եմ տվյալ կերպարով քննադատում կամ գովերգում, թե ինչ խորություն ունի կամ ինչ նպատակ է այն հետապնդում։ Ավելի կարևորում եմ կերպարիս տվածը հանդիսատեսին, քան իմ վերցրածը հանդիսատեսից։ Չէ՞ որ մենք անոթներ ենք, որ Գերբնականից պիտի ստանանք և փոխանցենք։

Ջակոմո Մայերբեր, Հուգենոտներ, Վալենտին, Նյուրնբերգի Օպերային Թատրոն

Ջակոմո Մայերբեր, Հուգենոտներ, Վալենտին, Նյուրնբերգի Օպերային Թատրոն

Իմ խաղացանկը մշտապես ծանրաբեռնված է եղել գլխավոր, բարդ դերերով և բնականաբար, գերհոգնելու վտանգն անխուսափելի էր։ Սակայն այն փաստը, որ թատրոնում չկար մեկը, ով կհաղթահարեր այդ բարդագույն դերի վայրիվերումները, և այն, որ ինձ համար համաձայնեցին բացել փակված կոլորատուրային հատվածները, և գլխավորապես այն, որ ռեժիսորի մտահղացմամբ ներկայացման ընթացքում ցուցադրվելու էին  կադրեր՝ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին, որը գուշակը որպես գալիք պիտի կարդար իմ ձեռքին, իմ ՝ Հրաչուհի-Վալենտինի, ով սիրո և հավատքի տարաձայնությունների զոհն է դառնում, մի այլ կերպ գրավեց ուշադրությունս և շարժեց հետաքրքրությունս։

Ուրեմն ես ձեռք էի բերում ևս մեկ հնարավորություն թեկուզ այս կերպ լայն լսարանի առջև ներկայացնելու և հավերժացնելու այս ցավոտ խնդիրը, մի թատրոնում, որի պատմական ”հերոսները” անմասը չէին մեր վշտի հարցում. ընտրեցի խաչելության և ցցահանության մի քանի հայտնի նկար, որոնցից մեկը ընդգրկվեց և այլ նկարների հետ ցուցադրվեց գուշակության տեսարանում։ Հետաքրքիրն այն էր, որ կարծում էի, թե այդ էր այս օպերայի հետ կապված առաքելությունս, բայց ճակատագրերի միաձուլման խաչմերուկում ի վերուստ դեռ այլ բան էր նախասահմանված։ Ներկայացումներից մեկին մեր թատրոնի տնօրեն Պետեր Թայլերի հրավերով ներկա էր Թագավորական Օպերային թատրոնի արտիստների ընտրության պատասխանատու Պետեր Կատոնան, ումից հետո անձամբ

Պետր Կատոնայի հետ

Պետր Կատոնայի հետ

պետք է լսեի, թե ինչքան տպավորված է հեռացել Նյուրնբերգից՝ հայտնաբերելով ինձ…

Մի գեղեցիկ առավոտ որոշում եմ ստուգել իմ կայքէջի փոստը, որը գրեթե չեմ օգտագործում, և ի զարմանս ինձ կարդում ուղիղ գրված նամակ Պետեր Կատոնայից, որում նշված էր իր այցի, հիացմունքի մասին և որ ցանկանում է աշխատել ինձ հետ։ Նա այնքան էր տպավորված, որ չցանկացավ եւս մեկ տարի կորցնել և ամեն գնով իմ ելույթը տեղավորեց վաղուց արդեն պլանավորած խաղացանկում` առաջարկելով Չիլեայի չքնաղագույն ,,Ադրիանա Լեկուվրեր,, օպերայում կատարել համանուն դերը, որը նախատեսված էր 2017 -ի փետրվարի 7-ից մինչև մարտի 2-ը, դերը կիսելով ոչ ավել ոչ պակաս համաշխարհային մեծության աստղ Անջելա Գեորգիույի հետ։  Մի երգչուհի, ում ձայնագրություններով ես մեծացել եմ, ապրել։ Նա իմ նախընտրելի երգչուհիներից մեկն է, ով այսօրվա վերջին կենդանի Դիվաներից է, ում նկարում էի ձեռքով, հետևում սրտի թրթիռով… և ահա այսօր պատիվ ունեի իր հետ տրորել այդ պատմական բեմը, մարմնավորել և՛ իրական դերասանուհի Դիվա Ադրիանային, որը բեմադրվել էր հատուկ Անջելայի համար՝ որպես մերօրյա միակ համապատասխան Դիվա, ով ի դեպ այս ներկայացումով նշում էր իր 25-ամյա գործունեությունը և 150-րդ ներկայացումը, և՛ բնականաբար իմ ձեռագիրը թողնել այդ չքնաղ ,,վերիզմո,, օպերայում։ Սա ինձ համար անհավատալի, երբեմնի անիրականանալի մի երազանք էր և աննկարագրելի մեծ պատիվ…

Ջակոմո Մայերբեր, Հուգենոտներ, Վալենտին, Նյուրնբերգի Օպերային թատրոն

Ջակոմո Մայերբեր, Հուգենոտներ, Վալենտին, Նյուրնբերգի Օպերային թատրոն

Իմ ու Անջելայի հանդիպումն անչափ տպավորիչ էր։ Երբևէ չէի պատկերացնի, որ այսչափ կմտերմանամ իր հետ  և կարժանանամ իր այդչափ ջերմագին ուշադրությանը։ Նա պատվեց իմ առաջնախաղը իր թանկ ներկայությամբ, չմոռանալով, իհարկե, սենյակ ուղարկել մի շքեղ ծաղկեփունջ և շոկոլադ։ Գտնվելով ու շրջելով թատրոնի միջանցքներով, որտեղ ամեն պատն ու անկյունը ներծծված է մեծությունների շնչով ու ներկայությամբ, երբ ամեն քայլափոխին կարող ես հանդիպել երազանքիդ երգչին, աշխատել և մտերմանալ թատրոնի աստղաբույլի հետ, նոր ես լրջորեն հասկանում, որ գտվում ես իրադարձությունների կենտրոնում, “անուններ“ կերտելու խառնարանում։

Ադրիանա Լեկուվրեր օպերա, Քովենթ Գարդեն

Ադրիանա Լեկուվրեր, Քովենթ Գարդեն

– Քովենթ Գարդենի ելույթին պատրաստվելիս, ինչքանո՞վ էր ծանոթ այդ գործը քեզ, ընդհանրապես, ինչպիսի՞ն էր զգացողությունը Քովենթ Գարդենի բեմում, գործընկերենրիդ հետ հեշտ էր աշխատել։

– Դերին բոլորովին ծանոթ չէի և ծրագրել էի հանգամանորեն պատրաստվել՝ օգտվելով ժամանակացույցիս  որոշ պատուհաններից, բայց ավաղ….դերին անդրադառնալու ժամանակ ունեցա միայն դեկտեմբերի կեսից, բոլոր շրջագայություններիցս և նյուրնբերգյան ծրագրված ներկայացումներիցս հետո, տասն օրվա ընթացքում։ Այդ տասն օրում բացահայտեցի և շոշափեցի իմ հնարավորությունների բոլոր սահմանները։ Իսկ մինչ այդ  տեղի ունեցան մի շարք շրջադարձային իրադարձություններ, որոնց հերթով կանդրադառնամ։

Նախ ուզում եմ առանձնացնել Բելլինիի Նորմայի դերերգի առաջարկը, որին ենթագիտակցորեն սպասում և անգամ տեսնում էի ինձ այդ դերում։ Հրավերքը իմ առաջին՝ Գելզենքիրխենի երաժշտական թատրոնից էր, որտեղից ես բարձրացել էի, որտեղ անհամբեր ու կարոտած ինձ էր սպասում իմ հարազատ հանդիսատեսը… Բնականաբար անմիջապես համաձայնեցի… Ի դեպ իրենց կարիերան այս թատրոնից են սկսել օպերային աստղեր Անյա Հարտերոսը, Մարլիս Պետերսը, հուսամ նաև ես…  Այս առաջարկը նույնպես դարձավ ճակատագրական, քանի որ Լոնդոնի ՌՕՀ-ն էլ էր

Քովենթ Գարդենում՝ ելույթից հետո

Անջելա Գեորգիույի 25-ամյա բեմական գործունեության մեծարման երեկոյին, Լոնդոն

ծրագրել 2016 սեզոնի բացումն անել Նորմայով և այն պետք է մարմնավորեր բոլորիս քաջ հայտնի Աննա Նետրեբկոն, ով հետագայում պետք է հրաժարվեր դերից՝ թատրոնին կանգնեցնելով լուրջ և արագ ընտրության առջև, որի արդյունքում հրավիրվեց բուլղարուհի Սոնյա Յոնչևան։

Այդ ընթացքում պրն. Կատոնան այցելում է իմ ,,Նորմա,,ներից մեկը և այնքան հավանում իմ մեկնաբանումը, որ որոշում է չսպասել մինչև հիմնական ”Ադրիանայի” պայմանագրի սկսվելը, այլ մինչ այդ անպայմանորեն ինձ ներկայացնել թատրոնի գլխավոր դիրիժոր  Անտոնիո Պապանոյին, ինչի արդյունքում ինձ առաջարկում են մինչև Սոնյայի այնտեղ լինելը 2 շաբաթ աշխատել, պատրաստել դերը մաեստրոյի և ռեժիսորի հետ։ Ակնհայտ էր, որ կային որոշակի ծրագրեր ինձ հետ կապված, որ շատ էին ցանկանում իմ մասնակցությունը թե՛ մաեստրո Պապանոն, թե՛ ռեժիսոր Օլեն, ով մինչև վերջ ցանկանում  էր ինձ տեսնել գոնե մեկ ներկայացման մեջ, ասելով թող լսեն, թե ինչպես պիտի լինի իրական բելկանտոն և իրական Նորման, բայց որոշումն արդեն կայացված էր մեծ ագենտուրաների միջնորդությամբ, և երկրորդ՝ փոփոխությունը չէր բխում ոչ՛ թատրոնի, ոչ՛ ագենտուրաների շահերից, քանի որ երգչուհուն ուրիշ ծրագրերից էին հանել և զբաղեցրել Նորմայում՝ մեկ ուրիշին զբաղեցրել Սոնյայի փոխարեն։

Այսինքն փոփոխությունները մի քանի խոշոր թատրոնների համաձայնությամբ էր արված և իմ Նորմայում երգելու հավանականությունը միայն Սոնյայի հրաժարվելուց էր կախված….

Ամեն դեպքում ինձ համար բավական էր արդեն այն հաճելի փաստը, որ ինձ բոլորը սիրեցին, ընդունեցին, այնպես, որ խնդրեցին չեղյալ անել իմ միակ արձակուրդը և հետ վերադառնալ ՌՈՀ` օգտվելու ստեղծված իրավիճակից և փրկելու Նորմայի գլխավոր փորձերից մեկը։ Սոնյան հրաժարվեց փորձից 2 ժամ առաջ…  Հիշում եմ  ինչ արագությամբ էին կարգի բերում հագուստները, բացատրական աշխատանք տանում   և այլն:  Բոլորն ապշել էին, թե ինչպես կարողացա առանց փորձի որևէ հնարավորության, այդքան հանգիստ, առանց տագնապի, առաջին անգամ ոտք դնել բեմ և ներկայացումը անխնդիր հասցնել ավարտին։ Դա կարևոր մուտք և “ բարի գալուստ“ էր ինձ համար։ Ինչպես որ ցանկանում էի, հնարավորություն ընձեռնվեց սկզբում հանդես գալ իմ նախընտրելի ռեպերտուարում և հիշվել բելկանտո կոլորատուրային հնարավորություններով։ Ահա այսպես սկսվեց իմ համագործակցությունը Լոնդոնի Թագավորական թատրոնի հետ, որն արդեն իսկ տվել է լուրջ պտուղներ հետագա տարիների համար։

Չորս հայ երգիչ՝ Լոնդոնում.Անուշ Հովհաննիսյան,Հրաչուհի Բասենց, Լիաննա Հարությունյան եւ Լիպարիտ Սարգսյան

Չորս հայ երգիչ Լոնդոնում. Անուշ Հովհաննիսյան, Հրաչուհի Բասենց, Լիաննա Հարությունյան եւ Լիպարիտ Ավետիսյան

– Քովենթ Գարդենում Ձեր ելույթին զուգադիպեց նաեւ երեք այլ հայ երգիչների ելույթները նույն բեմում (սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը եւ սոպրանո Լիաննա Հարությունյանը)։ Դա պատահականություն էր, թե ՚՚նախապես ծրագրված հայկական հարձակում բրիտանական մայրաքաղաքի վրա՚՚։ Կարողացա՞ք ինքներդ հետեւել մյուսների ելույթներին։

– Իհարկե, հասկանում եմ ձեր կատակի իմաստը, բայց  ծրագրված չէր։ Ես բոլորի պատմությունները անհատապես գիտեմ, բոլորս էլ անհագ աշխատանքի և երջանիկ պատահականության արդյունքում էինք միաժամանակ հայտնվել այդ բեմում։ Ամենքս էլ տարբեր ժամանակների տքնաջան աշխատանքի պտուղներն էինք վայելում։ Միգուցե այնքան էլ ճիշտ չէ պատահականություն անվանել, քանի որ անձամբ ես հակված եմ այլ կարծիքի, որ պատահականություններ չեն լինում կյանքում, նման երևույթները ի վերուստ ծրագրված են, այո, միգուցե կա ճշմարտություն սիրելի Հակոբ Ձեր հարցի մեջ, ուղղակի այս “հայկական հարձակումը“ ճագատագրով էր ծրագրված…։ Շատ հաճելի և հուզիչ էր գիտակցել այն, որ մեզ էր բախտ վիճակված վայելել ճակատագրի այդ բերկրանքը ` հայազգի չորս երգիչներով երկու ամիս տևողությամբ հայի հոգու ջերմությամբ գերել աշխատակազմին և հանդիսատեսին, մեր հողի ու ջրի, արևի լույսը տարածել… Փոքրիկ, գողտրիկ Հայաստանի զավակները աշխարհի կարևորագույն թատրոններից մեկում հաճելի իրարանցում էին առաջացրել։ Ես հասցրեցի բոլորին էլ լսել, վայելել, հուզվել… Չորս հայ էինք, բայց մի տեսակ շատ էինք օտարների համար, և կարծես այս երևույթը ամենուր է այսպես։ Միգուցե հենց այս “հայկականն“ էր պատճառը կամ մեր գենետիկ կոդը, որը իր հնագույն քաղաքակրթության ինֆորմացիայի կրող է, հայ մարդուն կամա թե ակամա դարձնում է “ծանրամարս“ օտարի համար, այնպես որ երկուսիս կամ երեքիս միասին տեսնելիս խառնվում էին իրար, կատակելով, թե “հայկական մաֆիան“ միավորվել է, զգուշանալ է պետք և այլն։ Անգամ պրն. Կատոնան էր այս թեմայով կատակում։ Ի դեպ, մեզ բոլորիս համար մի անհավանական փաստ բացահայտեցինք։ Ի զարմանս մեզ, պարզվեց, որ Պետեր Կատոնան հայկական արմատներ ունի, որ նա նույնպես ցեղասպանության արդյունքում է “անտունի“ դարձել։ Նա ուրախությունից ցնծում էր ետնաբեմում մեզ բոլորիս տեսնելիս, այլևս չէր թաքցնում, չէր զսպում իր հայ լինելու և հայերիս ՌՈՀ-ը “գրավելու“ փաստը։ Մեր վերջին զրույցին պատմեց, որ 1988ի երկրաշարժից հետո թատրոնը բարեգործական համերգ է ունեցել՝ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու նպատակով, պատմեց մեր վաստակաշատ մաեստրո Բարսեղ Թումանյանի մասին, ում նվիրած բնանկարը

Հրաչուհի Բասենցը մաեստրո Պապանոյի հետ

Հրաչուհի Բասենցը մաեստրո Պապանոյի հետ

մինչև հիմա կախված է իր աշխատասենյակում։ Մեծ զարմանքի և միևնույն ժամանակ հպարտության պահեր ունեցա, իմանալով, որ Լոնդոնի թագավորական թատրոնի գլխավոր հովանավորներից երևի թե գլխավորը՝ մեր հայազգի Բոբ(Վաչե) և Թամար Մանուկյաններն են։ Զարմանք էր իհարկե, որ “հայ արտիստը“ անմասն է այդ իրականությունից և հպարտություն, իհարկե, որ “մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում“։ Ամենամեծ երջանկությունն ու հպարտությունն ամեն դեպքում այն էր, որ մեր մուտքը այդ բեմ բացառապես յուրաքանչյուրիս ձեռքբերումն էր։

-Եթե չեմ սխալվում,  անցնող տարվա ընթացքում նաեւ հասցրեցիք երգել Երեւանում՝ Հռոմի Պապի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։

– Այո, ուզում եմ առանձնացնել նաև Հայաստանյան երկար սպասված համագործակցությունս մաեստրո Թոփչյանի հետ, այն երկու հրավերքները` կապված Հռոմի Պապ Ֆրանցիսկուսի այցելության և մեկ ամիս անց Պուչինիի ՚՚Բոհեմ՚՚ օպերայի ելույթների հետ։ Շատ լարված շրջան էր, երբ մաեստրոն զանգահարեց` ասելով, որ շտապ սովորեմ Լեոնորայի արիան  “ Ճակատագրի ուժը“  օպերայից, Աիդա օպերայից վերջին տեսարանը և Գարի Քյոսայանի “ Ավե Մարիան“, որի կատարման ժամանակ

Հրաչուհի Բասենցի կարճատեւ զրույցը Հռոմի Պապ Ֆրանսցիսկոսի հետ Երեւանում

Հրաչուհի Բասենցի կարճատեւ զրույցը Հռոմի Պապ Ֆրանսցիսկոսի հետ Երեւանում

Հռոմի Պապին նվիրաբերվեց Մայքլ Արամի  “Նոյյան Տապան“ մանրաքանդակը։ Շատ շնորհակալ էի և հպարտ այդ մեծ պատվին արժանանալու համար, ունեի պատասխանատվության մեծ զգացում և միևնույն ժամանակ անվերջանալի հուզմունքներ, ինչը բոլորովին հատուկ չէ ինձ։ Իրականում, Հայաստան թռիչքից մեկ օր առաջ, բեմում շատ լուրջ վնասել էի ոտքս։ Ինձ արգելված էր քայլել, քանի որ գիպսե վիրակապի մեջ էր և պետք է անշարժ մնար առնվազն 10 օր, ինչին բնականաբար չէի կարող համաձայնել և այդ վիճակում ճամփորդեցի Հայաստան` մասնակցելով բոլոր փորձերին էլ, համերգին էլ։ Քչերին է հայտնի իմ այդ զոհաբերության ապրումներն ու պայքարները՝ հատկապես համերգի օրը։

Ելույթ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երեւանում

Պուչչինիի ՚՚Բոհեմ՚՚ ներկայացման ելույթը  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երեւանում

– Հայտնի է, որ նաեւ ելույթ ունեցաք Իսրայելում։ Ի՞նչ դերերգով հանդես եկաք, որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպիսի՞ն էր ընդունելությունը։ Առաջին անգամ է՞իք Իսրայելում։

– Ճիշտ եք, այնուհետև ելույթ ունեցա Իսրայելում, դեբյուտով հանդես եկա Թել Ավիվի Իսրայելի օպերայում։ Առաջարկն ստացա մաեստրո Դանիել Օրենից, երբ դեռ Լոնդոնում էի՝ Նորմայի փորձերին։ Այն շատ կարևոր և որոշիչ էր, քանի որ ավելի ուշ արդեն դերի և թատրոնի դեբյուտով պետք է հանդես գայի մաեստրոյի հետ Ադրիանա Լեկուվրեր օպերայում։ Ստացվեց այնպես, որ մինչև այդ հասցրեցինք լավ ճանաչել իրար, հարմարվել մեկս աշխատելաոճին, վայելել փոխադարձ սեր ու հարգանք, ինչը կոնկրետ Մաեստրո Օրենի պարագայում այնքան էլ հեշտ չի։ Նա բավականին բծախնդիր, ուղղախոս և բարդ դիրիժոր է, և շահել նրա հարգանքը, էլ չեմ ասում սերը՝ բավականին լուրջ ձեռքբերում է, ինչն ինձ, առանց ավելորդ համեստության կասեմ, փայլուն կերպով հաջողվեց և մեր հետագա հանդիպման՝ Ադրիանայի համագործակցության համար փափուկ հող նախապատրաստեց։ Ի դեպ, հետաքրքիրն այն էր, որ այդ առաջարկից առաջ տարօրինակ ցանկություն ունեի այցելել իմ Տիրոջ երկիրը, քայլել այդ հողի վրայով։

Այո, առաջին անգամ էի Իսրայելում, տպավորություններս հիանալի են, թե հասարակ ժողովրդից, թե թատրոնի անձնակազմից, և թե բեմի գործընկերներից։ Ինձ առանձնահատուկ լավ վերաբերմունքի արժանացրին, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, արձագանքները շատ դրական էին մինչև վերջին ներկայացումը։ Չգիտեմ, չեմ կարող ասել այլ ներկայացումներին վերաբերմունքն ինչպիսին է լինում, բայց գիտեմ, որ հանդիսատեսը բավականին գիտակ և քմահաճ է, քանի որ ավելի շատ հին ինտելիգենցիան, մելոմանները, լուրջ և հարուստ

Թել Ավիվի օպերայի Նորմա ներկայացումը

Թել Ավիվի օպերայի Նորմա ներկայացումը

հասարակությունն է այցելում դասական օջախներ՝ տոմսերի ոչ այնքան մատչելիության պատժառով։ Հեռուստատեսությունը շատ ակտիվ էր, բոլորին հետաքրքրում էր իմ ով և ինչպիսին լինելը։ Հաճելի էր մամուլի այդչափ ակտիվությունը։ Ծանոթացա և ձեռք բերեցի հրաշալի նոր ընկերներ։ Երգչական կազմն ուղղակի արտակարգ էր, երկու կազմ կար, գրեթե բոլոր սոլիստները անվանի երգիչներ էին և երգում են բարձրակարգ թատրոններում, միայն ՚՚Նորմաներս՚՚ էինք երեքը և ես պատիվ ունեի երգել պրեմիերան։

Օրովեզոյի դերակատարներից մեկը ՝ Վլադիմիր Բրաունը, ինչպես ինքն էր ասում՝ երջանկություն էր ունեցել լինել Սովետական Հայաստանում, մասնակցել մրցույթի, աշխատել երջանկահիշատակ Տաթևիկ Սազանդարյանի հետ։ Նորմայի դերակատարուհիներից մեկի, արտակարգ անձնավորության և երգչուհի Իռա Բերտմանի շնորհիվ ծանոթացա մի հրաշալի հայ զույգի՝ Էդուարդ Էդլիս-Մարտիրոսյանի և Զառա Սարքիսյանի հետ, որոնց ընկերությունն ինձ համար արդեն իսկ անգնահատելի ձեռքբերում է։ Մենք միանգամից գտանք իրար ինչպես հարազատ հոգիներ։ Էդուարդը ռեժիսոր, սցենարիստ է և Թել Ավիվի Սիլուետ թատրոն-ստուդիոյի հիմնադիրը, ով աշխատել է անգամ Փարաջանով հանճարի հետ։ Նրա հետ ծանոթության առաջին իսկ վայրկյանից վարակվում ես կենսախնդությամբ, բարությամբ և անկեղծությամբ։ Նա իր հրաշալի, բարի, միշտ երիտասարդ տիկնոջ, ռուսերենի

Հանդիպում Երուսաղեմի պատրիարքարանում

Հանդիպում Երուսաղեմի պատրիարքարանում

ուսուցչուհի Զառայի հետ միասին մշտապես ջերմ ընդունելություններ է կազմակերպում իրենց սրտաբաց օջախում, որ թաթախված է տարբեր մեծությունների շնչով և ներկայությամբ, այն կարծես փոքրիկ թանգարան լինի, լեցուն տարբեր ժամանակների տարբեր արտիստների պատմություններով։

Վերադարձիս նախօրեին Հայր Կորյունի միջնորդությամբ և Էդուարդի ընկերակցությամբ այցելեցի Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, հանդիպեցի Պատրիարք Նուրհան արք. Մանուկեանի հետ, այնուհետև Դավիթ սարկավագի ուղեկցությամբ գրեթե վազքով, քանի որ ունեի ընդհամենը երեք ժամ, այցելեցինք հնարավոր սրբավայրերը, շրջեցինք հայկական տարածքները, քիչ թե շատ ծանոթացա երուսաղեմյան հայկական պատմական իրականությանը։ Այնպես տպավորված և հուզված եմ այդ կարճաժամկետ գլխապտույտ «Ճամփորդություն Երուսաղեմ»-ից, որ համոզված եմ անպայման վերադառնալու եմ:

-Եվ վերջում ավանդական հարց. Ո՞ր բեմերում սպասենք Ձեր առաջիկա ելույթները։

– Առաջիկայում ծրագրված են դեբյուտներ Դրեզդենի Սեմպերօպերում և Վիեննական Շտատսօպերում Միմիի դերերգով, Օսլոյի Նորսկա Օպերայում արդեն այցեքարտ դարձած Նորմայով, վերադարձ Լոնդոնի Թագավորական Թատրոն ,,Դոն Ժուան,, օպերայից Դոննա Էլվիրայի և Վերդիի ,,Սիմոն Բոկանեգրայից,, Ամելիայի դերերգերով և համաձայն իմ նյուրնբերգյան ընթացիկ պայմանագրի կրկին Նորմա, Բոհեմ և Տրավիատա։

Orer.eu

ՕՐԵՐ ամսագիր

Բելլինիի “Նորման“, Գելզենքիրխեն

Բելլինիի “Նորման“, Գելզենքիրխեն

Թել Ավիվի օպերայում՝ ելույթից առաջ

Թել Ավիվի օպերայում՝ ելույթից առաջ

Բաս-բարիտոն Վլադիմիր Բրաունի հետ, Թել Ավիվ

Բաս-բարիտոն Վլադիմիր Բրաունի հետ, Թել Ավիվ


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
7. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
8. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
9. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
10. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: