ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրաժեշտ Լեւոն Հայրապետյանին. հոգեհանգստյան պատարագ Գանձասարում, սգո երթ՝ Ստեփանակերտում

21 հոկտեմբերի, 2017 | 15:38

Այսօր Մոսկվայում կայացել է  ազգային բարերար, մեկենաս եւ գործարար Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը։ Նրա մարմինը ամփոփվել Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում։ Հուղարկավորությանը ներկա է եղել նաեւ Արցախի նախագահ  Բակո Սահակյանը, ով օրեր առաջ հանդես էր եկել ցավակցական ուղերձով։ Թե՛ երեկ տեղի ունեցած Սբ. Պայծառակերպության եկեղեցում  հոգեհանգստյան  արարողությունը,  եւ թե՛ այսօրվա թաղման կարգը հանդիսապետել  է  Մոսկվայի եւ  Նոր Նախիջեւանի  թեմի  առաջնորդ  Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը:

Ըստ ,,Արեւելք,,ի հուղարկավորությանը ներկա է եղել նաեւ Լեւոն Հայրապետյանի մտերիմ Մացակ Փօլատեանը, ով իր խոսքում ասել է, թե  Հայրապետյանն  այս տխուր   ճակատագրին  չէր  արժանանա,   եթե   հայությունը  միակամ լիներ  ու բոլորի  ճիգերը  ներդրվեին, որպեսզի նա ազատվեր բանտից։  Խոսք է ասել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Այսօր նաեւ Արցախի  Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեհանգստյան արարողակարգին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ Լ. Հայրապետյանը բազում ծրագրեր է իրականացրել շենացնելու Արցախը, և նրա առաջին քայլերից է եղել Գանձասարի վանական համալիրի վերանորոգումը: «Այսօր մենք եկել ենք հարգելու հայրենասեր, ազգասեր արցախցու հիշատակը, կիսելու կորստյան ցավը»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հոգեհանգստյան արարողակարգին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշել է, որ փորձության ժամին, երբ հայրենիքը վտանգվեց, նա անմիջապես կանգնեց Արցախի կողքին: «Լ. Հայրապետյանը ոչ միայն պատերազմից հետո սկսեց վերականգնել ավերված Արցախը, այլ նա մեզ հետ էր պատերազմի ժամանակ: Նրա մահով յուրաքանչյուր արցախցու հոգու անկյունում մի կրակ մարեց: Նա ապրեց հայրենիքից հեռու, բայց ապրեց հայրենիքով և հեռացավ հայրենիքի կարոտը սրտում»,- ասել է Ն. Աղաբալյանը և ավելացրել, որ մեծ բարերարն օրինակ դարձավ շատերի համար, և շատերի համար էլ ճանապարհ բացեց դեպի հայրենիք:

Վանք համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը նշել է, որ Լ. Հայրապետյանի շնորհիվ այսօր գյուղը կայացել է, և նրա իրականացրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ դպրոցի, մանկապարտեզի, արվեստի դպրոցի, հիվանդանոցի կառուցումը, հնարավարություն տվեց գյուղը դարձնելու ավելի բարեկարգ:

Հոգեհանգստյան արարողակարգին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք,  վանքեցիներ և հյուրեր:

Իսկ երեկ Ստեփանակերտում Լևոն Հայարապետյանի հովանավորությամբ կառուցած Սիրո պուրակում երթի մասնակիցներն նախապես իրականացրել են սանմաքրման աշխատանքներ՝ տեղադրելով մեծ հայորդու՝ ծաղկեպսակի մեջ առնված մեծադիր նկարը:

Այնուհետև երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի.այնտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանի առաջնորդությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանն ասել է, որ իրենք նման նախաձեռնությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին:

«Լևոն Հայրապետյանի մահը մեծ ցավ է պատճառել բոլոր արցախահայերին. այն կորուստ է նաև համայն հայության համար: Այսօր որբության զգացում է ապրում յուրաքանչյուր հայ մարդ, ով երբևէ լսել, ճանաչել է Լևոն Հայրապետյան անհատին: Լ. Հայրապետյանը մարդ էր, ով իր կյանքում, որպես գերագույն առաքելություն, որդեգրել էր բարեգործությունը՝ Արցախի շենացումը, բարգացավճումն ու զարգացումը: Դա խոսում է նրա մեծ ազգասեր, հայրենասեր ու հումանիստ լինելու մասին. հայրենանվիրումը նրա էությունն էր: Լ. Հայրապետյանի գործունեության մասին մարդիկ դեռ երկար տարիներ կհիշեն: Նրա ջանքերով աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը՝ Վանքը, դարձել է զբոսաշրջության յուրօրինակ այցեքարտ: Լ. Հայարպետյանի անունը միշտ վառ կմնա ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության սրտերում»,-ավելացրել է Զ. Սառաջյանը:

Երթի մասնակից Դիանա Սարգսյանն էլ ասել է, որ ինքն էլ է շատերի նման ցավով ընդունել Լևոն Հայրապետյան մարդու մահվան կորուստը:

«Նա անհատ էր, ում շնորհիվ Արցախն էլ ավելի ծաղկեց ու շենացավ: Մենք՝ արցախցիներս, գիտակցում էինք, որ մեր թիկունքում կանգնած է մեծ հայը, ով պատրաստ էր անգամ իր վերջին լուման ներդնելու Արցախի համար: Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ գտնվում էր բանտում, շարունակում էր օգնության ձեռք մեկնել արցախցիներիս: Մենք խոստանում ենք՝ բարձր պահել նրա անունն ու պատիվը, և կաշխատենք մենք էլ հայրենասիրությամբ նմանվել Լ. Հայրապետյանին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում»,-ասել է Դ. Սարգսյանը:

Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։

Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար: Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո:

 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը
2. ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է ՆԱԵՎ. ,,ԱԶԳ,,
3. Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյան
4. Ռուսաստանյան բանտում մահացել է Լևոն Հայրապետյանը
5. Լևոն Հայրապետյանի ազատազրկման վճիռը բողոքարկվելու է
6. «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում (տեսանյութ)
7. Բողոքի ցույց Նյու Յորքում ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
8. Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: