ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեց Խոր Վիրապի վանք` ավարտելով այցը Հայաստան

26 հունիսի, 2016 | 17:28
 pope xor virap6Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի պատմական վանքն էր:

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապ, ուր նրանց դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ և Վանորեից տեսչության ներքո սպասավորող հոգևորականներ:
Թափորով երկու Հովվապետերն առաջնորդվեցին դեպի Խոր Վիրապի վանքի շրջաբակը։ Վանքում երկու Հովվապետերը մուտք գործեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռ, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Պապը գբից հանված կենսապարգև լույսով վառեցին իրենց մոմերը։
Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում նույն այդ լույսից վառվեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը:
Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հայերեն և իտալերեն լեզուներով խաղաղության համար աղոթք հնչեցրեցին:
Այս ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարվեց համաքրիստոնեական սուրբ և Հայ Եկեղեցու երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորին նվիրված «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը:
Արարողությունը եզրափակվեց միասնական Տերունական աղոթքով:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջնորդվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակվեցին երկու աղավնիներ:
Վանք այցելությունից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձավ Վատիկան:

pope xor virap3Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ելույթ է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում։

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

« Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հոգևոր եղբայրներ և բարեպաշտ ժողովուրդ,

Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգևոր բերկրանքի և համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ Պատարագի արարողության ենք համախմբվել՝ աղոթակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ, Մեր սիրեցյալ եղբայր Ֆրանցիսկոս Պապի:

Խորհրդանշական  է, որ սուրբ և անմահ այս Պատարագին որպես ընթերցված հնչեց հացի բազմացման սուրբգրական պատմությունը: Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուս առանձնացավ, ժողովրդի բազմությունը, իմանալով այս մասին, գնաց Նրա հետևից: Եվ երբ Տերը տեսավ հավաքված բազմությանը, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին: Երեկոյան դեմ աշակերտները խնդրեցին Տիրոջից ժողովրդին ազատ արձակել, որպեսզի ուտելիք գտնեն: Քրիստոս նրանց պատվիրեց մարդկանց կերակրել: Սակավ էր, սակայն, ուտելիքը, և Տերը օրհնեց այն, ու հրաշքով առատացած հացը բավարար դարձավ, որպեսզի առաքյալները կերակրեն հավաքված ողջ բազմությանը:

Այս հրաշագործությունը աստվածային շնորհներով, տերունավանդ ուսուցումներով քաղցյալ հոգիները հագեցնելու, նաև՝ գթասրտությամբ կարիքավորներին օգնելու խորհուրդն ունի, որը դարձավ կարևոր ծառայություններից Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության: Տերը հորդորում է Իր հետևորդներին հավատքը կենդանի դարձնել գործերով, աղոթքին ու պաշտամունքին զուգակցել ողորմությունն ու գթասրտությունը, կարիքի ու նեղությունների ամոքումը, որոնցով առաքյալի խոսքի համաձայն՝ գործակից ենք Աստծուն (Ա Կորնթ. Գ 9): Այս տեսիլքով Եկեղեցու բազում մարգարեաշունչ հայրեր ու երանաշնորհ հայրապետներ, քաջ ու բարի հովիվներ, հավատքի անթիվ վկաներ ու բարեպաշտ հավատացյալներ դարեր շարունակ Քրիստոսի Եկեղեցու պատմության էջերը պատկերագրել են Աստծո խոսքի նվիրյալ քարոզությամբ և ողորմածության ու խնամատարության մեծագործություններով, որպեսզի մարդիկ զորանան հավատքով և հավատքի գործերով վկայեն Աստծո ներկայությունը մարդկության կյանքում:

pope xor virap2Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, և մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների և դժվարությունների մեջ, այնպես և հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին:

Այսուհանդերձ, աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո և խնամատարության: Տերը շարունակում է ձայնել. «Ես եմ կենաց հացը, ով դէպի Ինձ գայ, քաղց չի զգայ, և ով Ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յովհ. Զ 35): Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում է ընկածին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու՝ աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին: Տերունապատվեր այս ընթացքներով, հոգևոր և բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում և հաղթահարվեն արդի մարտահրավերները: Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ՝ ըստ Տիրոջ խոսքի՝ «արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ. ԺԷ 21), որի հաստատման համար Եկեղեցիներն իրենց սպասավությունն են բերում աշխարհում:

pope xor virapՍիրելիներ, այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից  ու ահաբեկչություններից  տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին: Ամեն»:

pope xor virap 5pope xor virap 4

(Ռատիօ Վատիկան) Կիրակի 26 Յունիս 2016-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ մատուցուած բացօթեայ սուրբ պատարագի արարողութեան աւարտին  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆրանչիսկոս Պապին ուղղեց իր եղբայրական պատգամը, հուսկ Նորին Սրբութիւնը արտասանեց Հայաստան կատարած ճամբորդութեան  վերջին ճառը, որուն մէջ ըսաւ.

 

Ձերդ Սրբութիւն, յոյժ սիրելի Եպիսկոպոսներ,

սիրելի եղբայրներ եւ քոյրեր,

այս յոյժ ցանկալի եւ ինձ համար արդէն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալութիւնը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական եւ գոհաբանական մեծ աղօթքին: Այս օրերին, Ձերդ Սրբութիւնը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրուեցինք, միասին աղօթեցինք, կիսեցինք ընծաները, յոյսերն ու մտահոգութիւնները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, եւ հաւատացած ենք եւ զգում ենք թէ մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը […]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրօք կարող ենք ուրախութեամբ մերը դարձնել Պօղոս առաքեալի այս խօսքերը:  Հենց սուրբ Առաքեալների յիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթողիմէոս եւ Թադէոս, որ առաջի անգամ քարոզեցին Աւետարանը այս աշխարհում, եւ սուրբ Պետրոսն ու Պօղոսը, որ Հռոմում իրենց կեանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագաւորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սէրն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդութեան: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար եւ ձեզ հետ. Փառք Աստծոյ:

Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսաւոր երեգսրբեանը բարձրացաւ երկինք, օրհնաբանելով Աստծոյ սրբութիւնը. Ամենաբարձրեալի օրհնութիւնը առատօրէն իջնի երկիր, Աստուածամօր, մեծ սուրբերի եւ վարդապետների, մարտիրոսների եւ յատկապէս բազմաթիւ նահատակների բարեխօսութեամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջաւ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հաւատացեալներին պարգեւի մէկ սիրտ, մէկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խօսքերէն ոմանք որ ձեր Ծէսի մէջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխօս ես մեզ համար, անմռունչ հեծութիւններով ողորմած Հօր մօտ, որ սրբերին պահում ես եւ մեղաւորներին մաքրում», թող իջնի մեր վրայ քո սիրոյ եւ միութեան կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախեւառաջ միութեան պակասը Քրիստոսի աշակերտների միջեւ:

Հայ Եկեղեցին խաղաղութեամբ ընթանայ եւ մեր միջեւ խաղաղութիւնը կատարեալ լինի: Բոլորի մէջ ծնուի միութեան հզօր ցանկութիւն, այնպիսի միութեան, որ պէտք չէ լինի «ո՛չ ենթարկութիւն մէկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստուած տուած է իւրաքանչիւրին՝ ամբողջ աշխարհին յայտնելու համար փրկագրոծութեան մեծ խորհրուրդը, իրագործուած Տէր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիւ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գէորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):

Սրբերի յորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին, ատելութեան բազմաթիւ զոհերին, որ տառապեցին եւ իրենց կեանքը զոհեցին հաւատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցեալի բաժանումներից ազատ ապագայ են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռուի ճաճանչափայլ լոյսը. այս երկրի լուսաւորիչին՝ ձեր Աւետարանի Հօր՝ Սուրբ Գրիգորի հաւատի լոյսին միանայ սիրոյ լոյսը՝ որ ներում եւ հաշտւում է:

Ինչպէս Առաքեալները Զատկուան առաւօտուն, տառակոյսներով եւ անվստահութիւններով հանդերձ, վազեցին յարութեան վայրը, նոր յոյսի երջանիկ արեւագալից դիւթուած (հմմտ. Յվ 20,3-4), նոյնպէս մենք եւս, այս սուրբ Կիրակին, հետեւում ենք Աստծոյ կանչին՝ կատարեալ միութեան եւ արագացնենք մեր քայլերը:

Իսկ այժմ, Սրբութիւն, Աստծոյ անունով, խնդրում եմ որ Ինձ օրհնէք, օրհնէք ինձ եւ Կաթողիկէ Եկեղեցին, օրհնէք մեր այս ընթացքը՝ դէպի կատարեալ միութիւն:

pope ejmiatsin

 

 

pope ejmiatsin 3 pope ejmiatsin 4 pope ejmiatsin 5 pope ejmiatsin 6 pope ejmiatsin2
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան ժամանած Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն ավարտելով եռօրյա այցը՝ մեկնել է Երևանից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Լուսանկարները՝ REUTERS-ի, Դավիթ Հակոբյանի-president.am, Վատիկանի ռադիոյի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի

pope zvartnots 8 pope zvartnots 9 pope zvartnots pope zvartnots2 pope zvratnots3


Առնչվող նյութեր
1. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
2. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
3. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
4. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
7. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
8. Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
9. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
10. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում- Լուսանկարներ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: